HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցի Ժորա Հովհաննիսյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության 14-ակի հաղթող

Գայանե Սարգսյան 

ՀՀ վաստակավոր մարզիչ, վանաձորցի 54-ամյա ժորա Հովհաննիսյանը օրերս 14-րդ անգամ ճանաչվեց ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնության  հաղթող: Հոկտեմբերի 10-ից 18-ը Հունաստանում անցկացվող վետերանների աշխարհի առաջնությունում ճապոնացի մարզիկի հետ պայքարում միավորների բացարձակ առավելությամբ 6/1 հաշվով նա նվաճել է հաղթողի դափնին ու օտար երկրում հայոց հիմնը հնչեցնելու իրավունքը:

Ըմբշամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից:

«Ընկերներով ֆուտբոլ էինք խաղում, մեծերն ասացին՝ մեկի հետ պետք է բարբա կպնես: Այդ տղան պարապած էր, կպանք, ես հաղթեցի: Տղաներն ասացին՝ գնա ըմբշամարտով զբաղվի: Այդտեղից սկսեց իմ կապը ըմբշամարտի հետ»,- հիշում է Ժ. Հովհաննիսյանը:

Ըմբշամարտով զբաղվելուն ընտանիքի միակ անդամը՝ մայրը, դեմ է եղել:

«Հորս երկու տարեկանում եմ կորցրել: Մինուճար տղա էի: Մայրս շատ էր անհանգստանում իմ համար, ասում էր՝ մինուճար ես, մի տեղդ կջարդես, հաշմանդամ կդառնաս: Ուսուցիչներս էլ էին դեմ: Ասում էին, որ դասերով զբաղվեմ, որպեսզի ուսման մեջ հաջողություններ ունենամ: Բայց ես ոչ ոքի չլսեցի»,- հիշում է  վաստակաշատ մարզիկը:

Մարզական առաջին լուրջ հաջողությունը գրանցել է 15 տարեկանում` դառնալով Սովետական Միության մրցանակակիր: Առավել լուրջ հաջողությունները, սակայն, վանաձորցի մարզիկը գրանցել է հասուն տարիքում՝ ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնություններում: Վերջին 15 տարիներին մասնակցելով վետերանների առաջնությանը` նա 14 անգամ հաղթող է ճանաչվել` ընդամենը մեկ անգամ զիջելով մրցակցին: Ամենադժվարն ու տպավորվածը, սակայն, վաստակաշատ մարզիչը համարում է 2001թ. Իրանում իրանցի մարզիկի նկատմամբ տարած հաղթանակը:

«Իրանցիները շատ են հզոր ըմբշամարտում, շատ են սիրում այս մարզաձևը: Մրցակիցս իրենց աշխարհի չեմպիոնն էր: Բոլորը զարմանում էին, թե ես ինչպե±ս կարող եմ հաղթել նրան: Իսկ երբ դժվարին պայքարից հետո վերջապես հաղթեցի,   այդ մարզիկն ինձ իր ուսերին նստեցրած երեք պտույտ կատարեց մրցագորգով՝  հանդիսատեսի ծափերի տակ»,- առաջին հաղթանակի հուշերն է պատմում Ժ. Հովհաննիսյանն ու հպարտանում,- 24 տարի է՝ ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունն անց են կացնում, և ես միակն եմ աշխարհում, ով 14 հաղթանակ ունի»:

Մարզչական գործունեությամբ սկսել է զբաղվել 1983թ.-ից: Ասում է՝ բարդ աշխատանք է, երեխաներից յուրաքանչյուրին անհատական մոտեցում է  անհրաժեշտ:

«Երեխա կա՝ համարձակ է, բայց տեխնիկական հնարքներին լավ չի տիրապետում, կա և հակառակը՝ տեխնիկապես լավ է, բայց վստահ չի իր ուժերին»,- ասում է մարզիչը՝ ամենակարևորը համարելով ոչ թե լավ մարզիկ, այլ լավ մարդ դաստիարակելը:

 Մրցագորգ դուրս եկող բոլոր սաներին նույն խորհուրդն է տալիս՝ չընկճվել, չկոտրվել, պարտություններից չհիասթափվել: Վստահ է՝ մարզական հաջողությունները միայն համառ պայքարի ու քրտնաջան աշխատանքի արդյունքում են գրանցվում:

Իր սաներով հպարտանալով՝ մարզիչը նշում է, որ հնարավոր է ավելի լավ արդյունքներ գրանցեին, եթե խանգարող հանգամանքներ չլինեին: Դրանցից առաջինն ու տարրականը, թերևս, շատ մարզիկների թերսնվելու խնդիրն է:

«Երեխաների հետ մարզումներ անցկացնելիս մեկ էլ երեխան ասում է՝ գլուխս պտտվում է: Ասում եմ՝ տղա ջան, ի±նչ ես կերել, ասում է՝ մակարոն կամ կարտոշկա: Ու զգում ես՝ եթե երեխուն նագրուզկա տաս, սիրտը շարքից կհանես: Եթե սնունդը նորմալ չեղավ, նա մեծ հաջողությունների դժվար հասնի,- ասում է զրուցակիցս ու միևնույն ժամանակ վստահաբար նշում,- այնուամենայնիվ, ճանաչված սպորտսմեններ հիմնականում դառնում են հենց չքավոր ընտանիքների երխաները»:

Խնդրի լուծումը մարզիչը տեսնում է պետական ու համայնքային մակարդակներում հոգածության բարձրացման մեջ:

 «Հաղթողներին որոշակի աջակցություն կա: Բայց ախր միայն չեմպիոններով չի… Հնարավոր է՝ երկրորդ տեղ զբաղեցրած մարզիկը հաջորդ անգամ շատ ավելի լավ արդյունքներ գրանցի: Ախր մենք տաղանդավոր շատ  երեխեք ունենք…»:

Հայաստանյան ազատ ոճի ըմբշամարտի հաջորդ կարևորագույն խնդիրը մարզիչը համարում է դրսից մարզիկներ հրավիրելը:

«Դրսից  ճանաչված ըմբիշներ են բերում, մեր երեխաների առաջը փակում են ոնց որ:  Բերածները համարյա հավասար են մեր տղերքի հետ, բայց որ չբերեն ավելի լավ կլինի: Դա խանգարում է մեր երեխաներին: Հավասար արդյունքների դեպքում էլ օտարազգի մարզիկին են տալիս հաղթանակը: Բայց հավասարի դեպքում նախապատվությունը գոնե մեր մարզիկին պետք է տան»,- ասում է մարզիչը:

Ժ. Հովհաննիսյանը վստահ է՝ հայկական դրոշի տակ հայ մարզիկներն են պայքարելու. «Եթե հայ չի մասնակցում այդ դրոշի տակ, արդեն էն չի, էլի: Եթե ուրիշ ազգ է քո դրոշը բարձրացում, էն չի: Իրանք վաղը մյուս օրը էստեղից գնալու են: Մեր հողը մենք, մեր երեխեքն են պահելու»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter