HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է. պատճառը միայն աղքատությունը չէ

Այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ Հայաստանում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 184 դեպքով ավելացել է: Եթե նախորդ տարի արձանագրվել էր 5085 դեպք, այս տարի՝ 5269: 3 դեպքով ավելացել են պետական կամ համայնքային գույքի գողության դեպքերը՝ 58-ի փոխարեն 61 դեպք: Այս տվյալները հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Շեշատակի ավելացել են անձնական գույքի հափշտակության դեպքերը: 2014թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված 4577 դեպքի փոխարեն այս տարի արձանագրվել է 4756-ը: Դրանց մեջ առանձնանում են գողության դեպքերը՝ 3742, ինչը 203-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: 13 դեպքով ավելացել է նաև տրանսպորտային միջոցների գողության դեպքերը՝ 49:

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընդհանրապես հանցագործություն կատարելը հեշտ գործ չէ: Մինչև հանցավոր արարք կատարելը մարդը պետք է ունենա հանցավոր դիրքորոշում, մտայնություն, գործիքների և եղանակների ընտրություն, նոր միայն կատարի արարքը:

Արշակ Գասպարյանի խոսքերով` սեփականության դեմ ուղղված հանցագործությունները ծնվում են անձնային առանձնահատկությունների և իրավիճակի բախման արդյունքում:

«Հանցագործությունները չունեն միայն սոցիալական կամ հոգեբանական պատճառներ: Հատկապես սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում սոցիալականի և հոգեբանականի բախման կետում է առաջանում հանցագործությունը: Օրինակ` ես չունեմ փող, ուզում եմ ունենալ փող և գնում եմ, ասենք, Պողոսի տունը թալանելու: Իսկ եթե ես ուզում եմ Պողոսի տունը թալանել իմ ստամոքսի համար, պետք է ունենամ հանցավոր դիրքորոշում: Բացի այդ, իմ գնահատմամբ՝ պետք է լինեմ աղքատ: Աղքատությունը այս դեպքում կարևոր պայման է, բայց ամեն աղքատ չէ, որ որոշում է ինչ- որ մեկի տունը թալանել»,-ասում է Արշակ Գասպարյանը:

ՀԿ-ի նախագահն ասում է, որ հատկապես գողություն կատարողները տարբեր տարիքում ունենում են նմանատիպ դիրքորոշում: Դեռահասության տարիքում կատարում են արարքներ, որոնց համար չեն պատժվում կամ հաշվառվում են ոստիկանությունում և այլն:

«Սա հանցագործության մի տեսակ է, որը միշտ  իր հետևում ունի նույնանման արարքների պատմություն: Քրեակատարողական հիմնարկներում կատարած մեր ուսումնասիրությունները հանգեցնում են եզրակացության, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները որպես կանոն կրկնվելու ռիսկ ունեն: Ավելին` հենց առաջին անգամ, որ մարդուն բռնում են գողություն կատարելու ժամանակ, երկարատև ուսումնասիրությունները կհանգեցնեն նրան, որ նմանատիպ դեպքեր, թեկուզ ավելի քիչ գողոնով և այլն, կատարվել են դեռահասությունից սկսած: Դա վարքագիծ է, որ եթե չունեմ, ուրիշից կվերցնեմ: Դիմացինի գույքը հանցավոր ճանապարհով սեփականացնելու դիրքորոշումը անձնային կայուն մի որակ է, որ ոչ բոլորն ունեն»,-նշում է Արշակ Գասպարյանը:

Ըստ նրա` եթե նույնիսկ այդ մարդկանց սոցիալական վիճակը բարելավվի, միևնույն է՝ նրանք չեն հրաժարվի ուրիշի գույքը գողանալու մտքից:

«Հանցավորության զարգացման դասական տեսություններն ասում են, որ այո, եթե պետությունները տնտեսական և այլ ճգնաժամերի մեջ են, հանցագործությունները սկսում են ավելանալ: Բայց նույնիսկ այս պարագայում ամեն մարդ չէ, որ կգնա հարևանից բան կգողանա: Գողություն կատարում է այն մարդը, ով հայտնվում է աղքատության մեջ, բայց միևնույն ժամանակ ունի հանցավոր կայուն դիրքորոշում դիմացինի գույքը վերցնելու համար»,-նշում է Ա. Գասպարյանը:

Նշենք, որ այս տարվա 9 ամիսներին հանրապետությունում գրանցվել է 12,827 հանցագործություն, որից 6117-ը բաժին է հասնում Երևանին: Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 949-ով ավել է: Մարզերի մեջ «առաջատար» է Կոտայքը՝ 1180, որին հաջորդում են Լոռին և Արարատը՝ համապատասխանաբար 917 և 860 դեպքերով: 

Արշակ Գասպարյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter