HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի ձերբակալության արձագանքները

Հայտարարություն (11.12.2006)

«Ս/թ դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ ԱԱԾ մոտ 15 դիմակավոր եւ զինված աշխատակիցներ, կոպտորեն խախտելով ՀՀ Քրդատօրի 11-րդ եւ 12-րդ հոդվածները, հանրության աչքի առաջ, հասարակական վայրում, իր կնոջ ներկայությամբ ձերբակալել են արցախյան ազատամարտի նվիրյալ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ղեկավար, կազմավորվող «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող, պահեստի փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանին: Նույն օրը իր սեփական տանը, ընտանիքի անդամների աչքի առաջ, հաշվի չառնելով ընտանիքի մոր ծանր հիվանդ վիճակը` ձերբակալել են նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանին: Նույն ժամանակահատվածում ՀՀ տարբեր բնակավայրերում բերման են ենթարկվել մոտ քառասուն ՀՀ քաղաքացիներ, խուզարկվել են նրանց բնակարանները, եւ մինչեւ այս պահը անհայտ է բերման ենթարկվածներից շատերի ճակատագիրը: Մենք խստագույնս դատապարտում ենք 20-րդ դարի 37 թվականը հիշեցնող նողկալի գործելաոճի ցանկացած դրսեւորում եւ պաշտոնապես հայտարարում ենք, որ բոլոր քաղաքակիրթ ռեսուրսները վաղուց արդեն սպառած ապիկար իշխանությունները չեն կարողանա իրենց համար ձեռնտու վախի մթնոլորտ արմատավորել, այլ ընդհակառակը` կարժանանան հասարակության արդար դատաստանին: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ նրանց զինակիցներին: Պահանջում ենք նաեւ ՀՀ քաղաքացիություն շնորհել իր գիտակցական ողջ կյանքը հայրենիքին անմնացորդ նվիրաբերած զավակին` Ժիրայր Սեֆիլյանին` բացառելով նրա արտաքսումը Հայաստանից» :

«Նոր ժամանակներ», «Հայրենիք եւ պատիվ», «Հանրապետություն», «Ժողովրդավարական ուղի», «Ժողովրդավարական հայրենիք», Հայաստանի ժողովրդական, Հայաստանի դեմոկրատական, «Ազգային ինքնորոշում միավորում», «Սահմանադրական իրավունք միություն», Հայաստանի ազատական-առաջադիմական, «Օրինաց երկիր», Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան, «Ազգային ժողովրդավարների միություն», «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություններ, «Մտավորականների ֆորումի» ավագանի

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը (11.12.2006)

«ՀՀ իշխանական բուրգը ամենաթողության եւ իրավական կամայականության հերթական անակնկալը մատուցեց հանրությանը: Հիմնազուրկ, մտացածին պատճառաբանությամբ ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, արցախյան ազատամարտի նվիրյալ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա մի քանի զինակիցներ: Դա թերեւս գործող վարչակարգի պատկերացրած ժողովրդավարության ցայտուն վկայություններից մեկն է: «Ժառանգություն» կուսակցությունը խորապես մտահոգված է եւ վճռականորեն դատապարտում է օրենքի անունից կատարվող ապօրինությունը, ինչը մոտեցող խորհրդարանական ընտրությունների առնչությամբ իր շրջանականերն ընդլայնելու միտումներ է դրսեւորում՝ վերահաստատելով խուճապի մեջ հայտնված իշխանակարգի հոգեվարքը»:

«Մտավորականների ֆորումի» ավագանու հայտարարությունը (21.12.2006)

««ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը» շինծու մեղադրանքով ս.թ. դեկտեմբերի 9-ի գիշերը ԱԱԾ աշխատակիցները իրավիճակից չբխող բիրտ մեթոդների կիրառմամբ ձերբակալել են արցախյան հերոսամարտի ակտիվ մասնակիցներ, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, հայրենիքի կանչով արցախյան ազատագրական պայքարին անդամագրված սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանին, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, կուսակցության Արագածոտնի կառույցի ղեկավար Վարդան Մալխասյանին եւ մի քանի տասնյակ ակտիվիստների: Ակնհայտ են զուգահեռները 2003 թ. ընտրություններին նախորդած եւ ներկայիս հանցավոր գործողությունների միջեւ: Այս ձերբակալությունները մեկ անգամ եւս հաստատում են հանրապետությունում ձեւավորված իշխանական ամենաթողության ու անպատժելիության, զազրելի անարդարությունների, հրահանգված դատավարությունների առկայությունը, արհամարհանքը հասարակական կարծիքի, մտավորականության ու մյուս կարող ուժերի տեսակետների նկատմամբ, ինչը, դժբախտաբար, դրսեւորվում է ամեն պատեհ եւ անպատեհ առիթով: Նմանատիպ երեւույթները հասարակական գիտակցության մեջ էլ ավելի են խորացնում անհանգստությունը երկրի ներկայի եւ ապագայի հանդեպ: Իշխանական բուրգի կողմից արմատավորվում է վախի ու ավտորիտարիզմի մթնոլորտ, որն ակնհայտորեն միտված է առաջիկա ընտրություններում իշխանությունների վերարտադրվելուն, ժողովրդին եւ ազատամարտիկներին լռեցնելու ճանապարհով Արցախի հիմնախնդրում զիջումների գնալուն: Ավագանու մի քանի անդամներ, ներկա գտնվելով դեկտեմբերի 2-ի հայտնի հավաքին, փաստում են, որ նշված հավաքի մասնակիցների հիմնական նպատակը հանրապետության հոգսերով, նրա ապագայով մտահոգ ուժերի համախմբումն է՝ սահմանադրական ճանապարհով երկրում արդարություն հաստատելու, վախի, անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտն արմատախիլ անելու համար: Նպատակ, որը պետք է առաջնայինը լիներ իշխանությունների գործողություններում: Մենք զայրույթով դատապարտում ենք արցախյան աննկուն ազատամարտիկների նկատմամբ իշխանավորների կամակատար դատարանի կողմից կայացված դատական որոշումը եւ խիստ մտահոգ ենք, որ նմանատիպ քաղաքական քայլերը կարող են խաթարել Հայրենիք-Սփյուռք դժվարությամբ ձեւավորվող հարաբերությունները: Պահանջում ենք բանտից անհապաղ ազատել ապօրինաբար ձերբակալված ազատամարտիկներին: Հայրենիքի նվիրյալ ազատամարտիկներին ամանորյա տոներին կալանքի տակ պահելը մեծագույն անբարոյականություն է»: 

Ռաֆայել Ղազարյան, Երվանդ Մանարյան, Խորեն Պալյան, Լենսեր Աղալովյան, Ռոբերտ Կարայան, Օհան Դուրյան, Դավիթ Սեդրակյան, Հրաչյա Մաթեւոսյան, Արման Մանարյան

«Հայ կամավորականների համախմբման» հայտարարությունը (21.12.2006)

«Տարածված պաշտոնական հաղորդագրությամբ եւ ցուցադրական նախաքննությամբ փորձ է արվում տպավորություն ստեղծելու, թե չեկիստների աչալրջության հետեւանքով հայտնաբերվել եւ վնասազերծվել է հեղաշրջում նախապատրաստող կառույց, որն իբր գլխավորում է Ժ. Սեֆիլյանը, եւ որին մասնակցում է Վ. Մալխասյանը: Իրականում խուզարկությունների ընթացքում ոչ միայն զենք չի հայտնաբերվել, այլեւ դրանք իրականացվել են շատ փնթի, ինչը վկայում է` խուզարկողները նախապես գիտեին, որ կամավորականները բոլորովին չեն զինվում» : Կամավորականների միակ «զենքը» հայտարարությունում անվանված է նրանց վճռականությունը, նվիրվածությունը գործին եւ կազմակերպվածությունը, որն առգրավել անհնար է: «Հայ կամավորականների համախմբումը» այն վայր չի դնելու, քանի դեռ «Հայաստանում չի հաստատվել օրինական ձեւավորված իշխանություն, որը վերջ կդնի ապօրինի վարչախմբի կողմից իրականացվող հայրենավաճառությանը: Մեր առաջնորդ Ժ. Սեֆիլյանը համախմբման գործոն է անգամ քննչական մեկուսարանում: Բռունցքվենք, զինվենք վճռականությամբ եւ տեր կանգնենք հայրենիքին» :

Լիբանանահայերի դիմումը ԱԱԾ ՔՎ պետի տեղակալին (22.12.2006)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ստեղծված «Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության հանձնախումբը» եւ եւս 1500 լիբանանահայեր դեկտեմբերի 22-ին դիմում են հղել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, գնդապետ Տոնոյանին, որում պահանջվում է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: «Մենք վստահ ենք, որ Ժ. Սեֆիլյանի ազատ արձակումը միայն օգտակար կլինի քննության այն գործին, որի շրջանակներում նա ձերբակալվեց։ Հավաստիացնում ենք, որ այս վստահությունը կիսում են տասնյակ հազարավոր հայ մարդիկ Լիբանանի հայ համայնքում եւ ամբողջ Սփյուռքի տարածքում» ,- ասված է դիմումում։

Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը (22.12.2006)

«Կառավարող վարչախմբի ապօրինի գործողություններից մորս առողջությանը ծանր եւ վտանգավոր հարված է հասցվել: Կեղծ եւ շինծու մեղադրանքներ առաջադրելով եւ դատավարական անհրաժեշտության անվան տակ ինձ կալանելով՝ ցուցադրում եք բացահայտ հաշվեհարդարի տեսարաններ գաղափարական եւ քաղաքական հակառակորդների դեմ` անտեսելով, որ ձեր չեկիստական խաղերը, այլ ոչ իմ կարծիքի եւ համոզմունքների արտահայտումը, կարող են մարդու կյանքի կործանման պատճառ լինել, քանզի մորս համար ճակատագրական կարող է լինել իմ` կալանված լինելու հետ կապված ապրումների յուրաքանչյուր վայրկյանը:Սթափվե՛ք եւ զգուշացե՛ք ձեր գործողությունների նման հետեւանքներից, քանզի եթե ինձ եք թշնամի եւ հակառակորդ համարում, մորս սպանելը ձեր ինչի՞ն է պետք»:

Հայտարարություն

«Արդեն երրորդ ամիսն է, ինչ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը եւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վարդան Մալխասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով նախատեսված մեղադրանքով /ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված հրապարակային կոչ/ գտնվում են կալանքի տակ: Այս երկու գործիչներն էլ ՀՀ-ում հայտնի են գործող իշխանությանը ոչ համահունչ իրենց հստակ քաղաքական դիրքորոշմամբ, ինչը մշտապես արտահայտել են իրենց հրապարակային ելույթներում: Համաձայն չլինելով իշխանությունների վարած քաղաքականության հետ՝ նրանք իրենց ծրագրերն ավելի արդյունավետ իրագործելու նպատակով իրենց համախոհներին համախմբվելու եւ քաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու կոչ են արել: Այսինքն՝ փորձել են օգտվել ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային նորմերով իրենց տրված խոսքի ազատությունից, կազմակերպություններ ստեղծելու եւ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքից, ինչն ել դարձել է նրոնց կալանավորման առիթ: Եվ նրանց ձերբակալումը, եւ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, եւ խափանման միջոցը փոխելուն ուղղված փաստաբանների միջնորդությունների մերժումը խոսում են այն մասին, որ գործ ունենք Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական դրսեւորման հետ, ինչպիսիք նախկինում էլ են բազմիցս արտահայտվել՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններով, հասարակական եւ քաղաքական գործիչների վրա կատարված հարձակումներով ու ֆիզիկական հաշվեհարդարներով, Ա1+ հեռուստաընկերության փակմամբ, «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման դատապարտմամբ: Մեզ մոտ կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ Սեֆիլյանի եւ Մալխասյանի կալանավորումը եւ ներկայացված մեղադրանքը շարունակությունն է սկիզբ առած քաղաքական հալածանքների եւ անմիջականորեն կապված է նրանց հասարակական-քաղաքական գործունեության հետ, ինչը թույլ է տալիս նրանց քաղաքական բանտարկյալներ համարել: Մենք, դատապարտելով ՀՀ-ում խոսքի ազատությանը եւ քաղաքական գործունեության սահմանափակմանն ուղղված ցանկացած դրսեւորում, կոչ ենք անում հասարակությանը, հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին, առանձին անհատների իրենց բողոքի ձայնը բարձրացնել ի պաշտպանություն կալանավորվածների եւ ընդդեմ երկրում շարունակվող քաղաքական հետապնդումների»:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» 
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» 
«Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter