HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ընդդիմությանը չպիտի հետաքրքրեն ներկոալիցիոն «խաղերը»

Այս կարծիքին է ՆԺԿ նախագահը

«Հայաստանի ներքաղաքական վիճակը կամաց-կամաց սկսում է արթնանալ, զարգացումներ են սպասվում: Այն ճահճային իրավիճակը, որը կար մինչեւ վերջերս, շուտով կսկսի ամբողջապես ցրվել: Իմ անձնական կարծիքով` զարգացումները, ցավոք սրտի, մոտանալու են հեղափոխականի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նրա համար, սակայն, անհասկանալի է, թե ինչու են ընդդիմադիրները այդքան հետաքրքվում ներկոալիցիոն գործընթացներով. «Այդ գործընթացները ծառայել ու ծառայում են նույն համակարգին, համակարգային որեւէ փոփոխություն նրանք չեն ցանկանում, այդ թվում` ԲՀԿ-ն: Այլ հարց է, որ Քոչարյանն ու Սարգսյանը փորձում են հիմա առավել առաջ ընկնել, որովհետեւ 2012-2013 թթ. ընտրությունները այդ մարդկանց կարողությունների համար դառնալու են բախտորոշ»: Ըստ Կարապետյանի` մեր քաղաքական ուժերին այժմ ավելի շատ պիտի մտահոգի Ղարաբաղում պատերազմի չվերսկսվելը եւ Հայաստանում համակարգի համեմատաբար անցնցում կազմաքանդումն ու նորի ստեղծումը:

Ներկոալիցիոն խմորումները ՆԺԿ նախագահը այսպես է մեկնաբանում. «Կոալիցիայի ներսում պայքարի կետերը լինելու են տնտեսական լծակներից այս կամ այն մարդկանց զրկելը կամ օժտելը: Մնացածը զուտ քաղաքական խաղեր են. կոալիցիայի ներսում չկա բախում` փոփոխելու համար Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգը: Դրա համար էլ ընդդիմությանը այդ խաղերը չպիտի հետաքրքրեն»: Տնտեսական վայրիվերումների մասով բանախոսը առանձնացնում է Քոչարյանի ու Սարգսյանի արտասահմանյան այցերը:

«Ռոբերտ Քոչարյանի հանդիպումներն ու գործողությունները Մոսկվայում ցույց են տալիս, որ նա ունի բավականին լուրջ տնտեսական խնդիրներ, այդ թվում` արտերկրում: Իսկ Սարգսյանի այցերը Կիպրոս ու Հունաստան առաջին հերթին տնտեսական բնույթի էին: Կիպրոսը որպես ԵՄ անդամ պիտի հրաժարվի օֆշորային գոտիներից, ու միգուցե հայկական որոշ գործարարներ ու պետական անձինք այդ գոտում ունեին համապատասխան ֆիրմաներ, ու հարց է ծագում, թե ուր պիտի տանեին այդ գումարները,- մեկնաբանում է Կարապետյանը:- Մյունխենում էլ Ավստրալիայի արտաքին գործերի նախարարի ու Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումներում միգուցե «Wikileaks»-ի ապագա հրապարակումների վերաբերյալ Սարգսյանի խնդրանքներն էին` կապված հայակական դոսիեի հետ: Իմ ունեցած տվյալներով` «Wikileaks»-ն ունի բանկային փաստաթղթեր, որոնք Հայաստանի ու արտասահմանի բանկերի միջեւ կատարված գործարքների պատճեններ են»:

Ըստ Կարապետյանի` Սերժ Սարգսյանը պայմանավորվել է մոտ ժամանակներում այցելել Մոսկվա, հանդիպել Մեդվեդեւին. «Նա, ամենայն հավականությամբ, ցանկանում է հասկանալ, թե Ռուսաստանը ինչ քաղաքականություն է որդեգրելու ամբողջական Անդրկովկասում: Այն ինչ կատարվում է Եգիպտոսում, գալու հասնելու է մեր սահմաններին, այս պատճառով էլ Սերժ Սարգսյանը մտածում է, որ փոփոխությունները մոտ են»:

Գալիք նախագահական ընտրություններում Կարապետյանը առաջադրվելու է, բայց կարծում է, որ 2003-ի նման բնակության հետ կապված խնդիր կծագի, ինչը, սակայն, հաղթահարելի կլինի: Իսկ ահա Քոչարյանի հնարավոր առաջադրման մասին նա նշում է. «Եթե Պուտինը առաջադրվի Մոսկվայում, կառաջադրվի նաեւ Քոչարյանը, եթե Պուտինը չառաջադրվի, չի առաջադրվի Քոչարյանը: Ամեն ինչ այնտեղից է փոխկապակցված: Եթե Պուտինը սատարի Մեդվեդեւին, նույնը կանի Քոչարյանն այստեղ, եւ հակառակը: Կասկածից վեր է, որ Քոչարյանի տանքիը Պուտինն է. հենց վիճակը ծանրանում է, Քոչարյանը գնում է Մոսկվա, հանդիպում Պուտինին: Ինչու՞ է այդպես` ես չգիտեմ, բայց դա այդպես է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter