HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ընդդիմությանը համար ամենակարեւորը շարժումը ճիշտ քաղաքական պահին առաջ տանելն է»

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն ասում է, որ Եգիպտոսում պոռթկումը սկսվեց հասարակ ժողովրդից, որից հետո շարժման գլուխ կանգնեցին որոշ ուժեր. «Հայաստանում եւ այլ երկրներում այսօր հեղափոխական գործընթացը սկսում է ժողովուրդը վատ կյանքից: Անհավասարությունը, անվստահության մթնոլորտը վերջիվերջո բերում են ժողովրդի ցասմանը: Հայաստանում հիմա դեռ մինչեւ վերջ այդ ցասումը ժողովրդի մեջ չի մտել, բայց այս ամենը գնում է դրան: Այդ ամենն առաջ շարժող մարդկանց կողմից քաղաքական ճիշտ պահի ընտրությունը կբերի հեղափոխական շարժման հաղթանակի: Այդ հեղափոխությունը լինելու է սոցիալական, քաղաքական, ժողովրդավարական արդարության լոզունգներով: Ընդդիմությանը համար ամենակարեւորը շարժումը ճիշտ քաղաքական պահին առաջ տանելն է, որպեսզի չստացվի այնպես, ինչպես ստացվել է մինչեւ այսօր: Ոչ առաջ ընկնել, ոչ էլ ուշանալ»:

Անդրադարձին, թե «Ստրատֆոր» կազմակերպությունը եգիպտական սցենարը անիրականանալի էր համարել Հայաստանում, Կարապետյանը պատասխանում է, որ այդ նույն «Ստրատֆորը» նախկինում նշել էր, թե արաբական երկրներում փոփոխություն չի լինի. «Սա այն դեպքն է, որ կա կողմնորոշված կարծիք: «Ստրատֆորը» մոտավորապես նույն բանն է անում, ինչ Ահարոն Ադիբեկյանը երկրի ներսում: Իմ կարծիքով` դա արվում է Միքայել Մինասյանի միջոցով»:

Ըստ ՆԺԿ նախագահի` Ռ. Քոչարյանի քաղքական տանիքը Վլադիմիր Պուտինն է: Իսկ ո՞վ է ընդդիմության տանիքը. «Ընդհանուր ընդդիմությունը քաղաքական տանիք չունի: Մասնավոր դեպքերում տարբեր տանիքներ կան, կան անտանիքներ: Ես տանիք չունեմ, եթե ունենամ, այսպես ազատ չեմ խոսի, որովհետեւ տանիքները թելադրում են իրենց խնդիրները»: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, Կարապետյանի կարծիքով, տանիք չունի ու դժվար էլ ունենա:

Տիգրան Կարապետյանի մասին հարցին ՆԺԿ նախագահն այսպես արձագանքեց. «Եթե որեւէ մեկն ինձ ասի, թե Տիգրան Կարապետյանը հիմա քաղաքական դաշտում ինչ է ուզում…»: «Իշխանությունների հրաժարական»,- նշեց լրագրողը: «Պահանջու՞մ է»,- հարցրեց Արամ Կարապետյանը: «Փետրվարի 28-ից հետո»: «Պահանջի` կմատածեմ»,- ասաց բանախոսը:

Նրա փոխանցմամբ` «Wikileaks»-ի հայկական դոսիեն մինչեւ վերջ բացվելու է, այդ թվում, իր կարծիքով, ամեն ինչ գալու է հոկտեմբերի 27-ի գործին:

Երկպալատ խորհրդարանի գաղափարը, ըստ ՆԺԿ նախագահի, ուղղակի պոպուլիզմ է. «Հայ-թուրքական գործընթացի պատճառով Սերժ Սարգսյանը շատ մեծ հատված է կորցրել սփյուռքում: Դրա համար հիմա քայլ է արվում սփյուռքին ընդառաջ: Կարծում եմ` գաղափարը ուղղակիորեն քաղաքական հաշվարկի վրա չի հենված, դա պոպուլիստական քայլ է: Հայաստանին ուղղակի անհրաժեշտ է լավ սփյուռքի նախարարություն եւ նախարար, անհրաժեշտ են տնտեսական լծակներով օժտված մարմիններ, որոնք դրսի մեր հայրենակիցներին հնարավորություն կտան տնտեսական մեկ մարմնի մեջ ներգրավվել: Ես կատեգորիկ դեմ եմ պոպուլիզմը հայկական խնդիրների մեջ օգտագործելուն»:

Իսկ հայրենադարձությանը, բանախոսի համոզմամբ, կարող է նպաստել երկրում իշխող համակարգի փոփոխությունը, չնայած որ սփյուռքահայերի մի մեծը ցանկացած դեպքում այլեւս չի վերադառնա հայրենիք. «Հայաստան այսօր կարող է վերադառնալ հայերի 15-20 տոկոսը: Միայն այդքանը, որովհետեւ մնացածը գտել են իրենց տեղը եւ հայրենասիրության մղումներով չեն թողնի այդ ամենն ու հետ գան: Ռեալիզմի տեսակետից այսպիսին է իրավիճակը: Մյուս կողմից` արտերկրում, մասնավորապես` Ռուսաստանում նացիոնալիզմի պատճառով հայերի անկայուն վիճակը գուցե էլի մի 10 տոկոսի ստիպի վերադառնալ արդեն նորմալ Հայաստան: Այսինքն` ընդհանուր մի 30 տոկոսը միայն հետ կգա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter