HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Սարգսյանը խոսել է անավարտ շինությունների և հուշարձանների մասին

Լիլիթ Թադևոսյան

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով քաղաքաշինության ոլորտին կհատկացվի 6 միլիարդ 410 միլիոն դրամ: Այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ժամանակ, ներկայցնելով իր ոլորտը, ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Ոլորտը ներկայացնելուց հետո նախարարը զրուցեց նաև լրագրողների հետ:

Խոսելով աղետի գոտու բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցի մասին՝ նախարարն ասաց, որ անցյալ տարի մնացել էր 450 ընտանիք Գյումրիում, որի կեսը անցյալ տարվա և այս տարվա որոշումներով բնակարաններ ստացան, մյուս կեսի համար բաշխումը շարունակվում է, և պետությունն այդ պարտավորությունը կատարում է:

«Ես ինքս 2014 թվականին ասել եմ, որ մինչև 2016 թվականը քաղաքային հատվածում կավարտվի, մինչև 2017 թվականը աղետի գոտու գյուղական բնակավայրերի՝ ամբողջությամբ երկրաշարժից տուժած, հաշվառված և շահառու ճանաչված ընտանիքների խնդիրը կլուծվի»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, որ փաստացի դա չի կատարվել, նախարարը հակադարձեց, որ կատարվել է:

Ինչ վերաբերում է Մարզահամերգային համալիրին, նախարարն ասաց, որ ծրագրերի մասով անպայման իրենց հետ կքննարկվի, հեղինակներն անպայման կմասնակցեն, և կարող է երաշխավորել, որ շենքին առնչվող խնդիրներ չեն կարող լինել՝ զուտ ճարտարապետական իմաստով:

Ինչ վերաբերում է Երիտասարդական պալատի ճակատագրին, ապա նախարարն ասաց, որ դրա մասին դեռ որևիցե նոր տեղեկատվություն չկա, բայց իրենք շուտով ԱԺ են ներկայացնելու օրենք Երևանի կենտրոնի մասին, և այդ օրենքում խիստ պատժամիջոցներ են նախատեսված այդ կարգի շինությունների համար: Նախարարի խոսքով՝ սա միակ ճանապարհն է, որով հնարավոր է այդ խնդիրը լուծել: Այն դիտարկմանը, որ Երիտասարդական պալատն այդպիսի ճակատագրի է արժանանանում, որովհետև տարածքում ավազի հանք կա և որոշ օլիգարխների ձեռնտու է ավազից ավելի մեծ օգուտ ստանալ:

Արձագանքելով՝ նախարարն ասաց, որ ինքը չի ուզում լինել կառուցապատողի «ադվակատի» դերում:

Խնդրի մասին խոսելով որպես ճարտարապետ՝ Նարեկ Սարգսյանն ասաց, որ չէր ուզենա, որ այն նախագիծը, որը ճապոնական մրցույթում հաղթել էր, կառուցվեր:

«Այդ մասով ես առանձնապես բավարարված եմ, որ այդպիսի օտար, Երևանի հետ ոչ մի կապ չունեցող շինություն չլիներ: Սա չի բավարարում ոչ միայն ինձ, այլև իմ բազմաթիվ գործընկերների: Որովհետև դա մի անհասկանալի խոշոր, ահռելի կառույց  է՝ բնակելի տուն՝ չգիտես ինչու արված բոլորովին օտար լեզվով, և՛ իր կոմպոզիցիայով, և՛ իր ճարտարապետական լուծումներով, ծավալներով, ֆունկցիայով»,- ասաց նախարարը:

Խոսելով նաև «Հին Երևանի» կառուցապատման մասին՝ նախարարն ասաց, որ փաստաթղթղային մասն այս պահին ավարտված է, այսինքն՝ էսքիզային մասն ավարտված է, բոլոր այն շինությունները, որոնք հուշարձան չեն, հուշարձանի կարգավիճակ չունեն, բայց պետք է քանդվեն, դիսլակացիան արված է: Քաղաքապետարանի կողմից արդեն տրված է դրանց քանդման թույլտվությունը և առաջիկայում կցանկապատվի այդ տարածքը, և դա անպայման պետք է սկսվի այս տարի:

Ինչ վերաբերում է «ԱՕԿՍ»-ի շենքին՝ նախարարն ասաց, որ այն հանրապետական նշանակության հուշարձան է, որտեղ որևէ բան չի կատարվում, և շենքը շարուանկելու է մնալ այնպես, ինչպես կա:         

Իսկ կրկեսի շինարարաության մասով նախարարն ասաց, որ այն բարդ շինարարություն է, որը այս պահին ընթանում է ամենաժամանակակից տեխոնոլգիաներով: Պետք է ավարտվի 2016 թվականի վերջին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter