HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրադարձությունների զարգացումը 2006-2007թթ.

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի ձերբակալությունից առաջ եւ հետո տեղի ունեցած դեպքերի ժամանակագրությունը՝ սկսած 2006թ.-ից:

Սեֆիլյանի պատմելով՝ «վերջին 5-6 տարիների ընթացքում ԱԱԾ աշխատակիցներն ինձ պարբերաբար հրավիրել են զրույցի: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2006-ի մարտի վերջին»:

14.03.2006 - 15 կազմակերպություններից բաղկացած «Ջավախք» խորհրդի հրավիրած ասուլիսում խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ջավախքի հայաթափման հարցը լուծելու համար անհրաժեշտության դեպքում այնտեղ հայկական զորք կմտցվի:

23.03.2006 - «Ջավախք» խորհրդի ներկայացուցիչներ Հրազդան Մադոյանը, Գագիկ Գինոսյանը (ասուլիսի կազմակերպիչները), խորհրդի մաս կազմող «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Եղյանը եւ նույն նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել են ԱԱԾ: Առաջին երեքին զգուշացրել են, որ հայ-վրացական ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքով կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ Լիբանանի քաղաքացի Սեֆիլյանը զգուշացվել է, որ կարող է արտաքսվել ՀՀ-ից:

11.07.2006 - Կրկին մերժվել է Ժ. Սեֆիլյանի` ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին դիմումը:

02.12.2006 - Երեւանի պարարվեստի ուսումնարանի դահլիճում տեղի է ունեցել «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդրանիկ հավաքը, ուր մասնավորապես ելույթ են ունեցել «Համախմբման» նախաձեռնող Ժ. Սեֆիլյանն ու «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը:

09.12.2006 - Ժամը 22.30-23.00-ի սահմաններում ԱԱԾ-ի դիմակավորված մոտ 10 աշխատակից մտել են Թումանյան փողոցի «Պեկին» ռեստորան, ուր ճաշելիս են եղել Ժ. Սեֆիլյանը, նրա լիբանանահայ ընկեր, Լիբանանի քաղաքացի, «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ նրանց կանայք: Սեֆիլյանը եւ Յիրիկյանը ձերբակալվել են, բայց վերջինս շուտով ազատ է արձակվել:

10.12.2006 - ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են վերոնշյալ հավաքի մոտ 200 մասնակիցներից (նախաձեռնության անդամներ եւ համախոհներ) ավելի քան 30-ի տները, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության գրասենյակը, սկսվել են հարցաքննությունները: Աշտարակի իր տանը ձերբակալվել է Վարդան Մալխասյանը:

11.12.2006 - ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

«ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ այն մասին, որ Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա մի շարք կողմնակիցների նախաձեռնած, այսպես կոչված, «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպությունը, չունենալով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գրանցում, նպատակ է հետապնդել ՀՀ-ում առաջիկա քաղաքական գործընթացներին հակաիրավական, ուժային միջամտություն ցուցաբերել, մասնավորապես 2007թ. կայանալիք ընտրությունների ընթացքը ուղղորդել՝ դիմելով ծայրահեղական գործողությունների։

Ս.թ. դեկտեմբերի 2-ին Երեւանի պարարվեստի ուսումնարանի դահլիճում կայացած փակ համաժողովի ընթացքում կառույցի որոշ ղեկավարների կողմից պետական իշխանությունը բռնությամբ, ուժային ճնշման, միջոցների մեջ խտրականություն չդնելով զավթելու, կոնկրետ գործողությունների դրդող հրապարակային կոչեր են արել` հայտարարելով, որ պետք է միայն զինված պայքարով, ապստամբությամբ ազատվել գործող իշխանություններից։ Ներկայացվել են այդ ուղղությամբ գործողությունների ծրագրեր։

«Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության ձեւավորման գործընթացում ընդգրկված անձանց մեծ մասը գրեթե անտեղյակ է եղել կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող կազմակերպության փաստացի ղեկավար, օտարերկրյա քաղաքացի Ժ. Սեֆիլյանի եւ նրա մերձավոր շրջապատի քաղաքական արկածախնդրություն հետապնդող եւ ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը միտված իրական նպատակներին։ «Հայ կամավորականների համախմբման» ղեկավարները ծրագրել էին իրենց համակարգված գործողություններով նախեւառաջ ընդդիմությանն ուղղորդել դեպի քաղաքական անհնազանդության ու բախումների, ընդ որում` ծրագրվում էր ճնշում իրականացնել նաեւ քաղաքական ընդդիմադիր կառույցների վրա, որպեսզի նրանք ձեռնարկեին հակաիրավական գործողություններ իշխանությունների դեմ։

Փաստի առնչությամբ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի (ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր) հատկանիշներով։ Կազմակերպության ղեկավարներից Վարդան Մալխասյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը ս.թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվել են, վերջինիս մոտ հայտնաբերվել է անօրինական հրազեն»։

12.12.2006 - Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Գ. Կարախանյան) բավարարել է ԱԱԾ քննչական խմբի միջնորդությունը՝ Ժ. Սեֆիլյանի դեմ որպես խափանման միջոց կիրառել 2 ամիս կալանք՝ մինչեւ 2007-ի փետրվարի 10-ը: Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Է. Ավետիսյանը, բավարարել է նույնատիպ միջնորդությունը Վ. Մալխասյանի դեմ:

19.12.2006 - Ժ. Սեֆիլյանի պաշտպանները առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանին:

22.12.2006 - Ի պաշտպանություն Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի՝ վերջիններիս կողմնակիցներն արտոնված երթ են անցկացրել Կասյան-Բաղրամյան-Թումանյանի արձան-Մոսկովյան-ԱԱԾ-Նալբանդյան-Հանրապետության հրապարակ ուղղությամբ:

26.12.2006 - Վերաքննիչ դատարանը (նախագահող դատ.՝ Ա. Պողոսյան) անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը Վ. Մալխասյանի կալանավորման վերաբերյալ:

27.12.2006 - Վերաքննիչ դատարանի նույն կազմը չի բավարարել նաեւ Ժ. Սեֆիլյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը:

28.12.2006 - ԱԱԾ աշխատակիցները Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, ազատամարտիկ, Ժ. Սեֆիլյանի մարտական ընկեր Վահան Արոյանի (Վանո) տանը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, հայտնաբերել եւ առգրավել են տարբեր տեսակի գնդացիրներ, ինքնաձիգներ, «Մուխա» տիպի նռնականետեր, «Ստրելա» տիպի շարժական զենիթային համակարգ, մեծ քանակով տարբեր տեսակի նռնակներ, օպտիկական նշանառության հրացաններ, տարբեր տրամաչափի տասնյակ հազարավոր փամփուշտներ, հակատանկային նռնակներ, ականներ, ծխացող նռնակներ եւ դրանց գլխիկները, տարբեր տեսակի զենքի պահեստամասեր, ռադիոկապի միջոցներ եւ այլն: Վ. Արոյանը ձերբակալվել է Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի գործի շրջանակներում:

02.02.2007 - Սեֆիլյանի եւ Մալխասյանի կողմնակիցները Կամերային երաժշտության տան դիմացից արտոնված երթ են կազմակերպել դեպի ԱԱԾ-ի շենք եւ Հանրապետության հրապարակ:

07.02.2007 - Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորներ Գ. Կարախանյանը եւ Է. Ավետիսյանը բավարարել են ԱԱԾ-ի երկրորդ միջնորդությունը՝ Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի կալանքի ժամկետները եւս 2 ամսով (մինչեւ ապրիլի 10-ը) երկարացնելու վերաբերյալ:

20.02.2007 - Սեֆիլյանին եւ Մալխասյանին մեկուսարանում հանդիպել են վերջիններիս ձերբակալության իրական պատճառներն ուսումնասիրող պատգամավորական խմբի անդամները (Արամ Գ. Սարգսյան, Գրիգոր Հարությունյան, Հմայակ Հովհաննիսյան, Թաթուլ Մանասերյան, Ստեփան Զաքարյան, Սմբատ Այվազյան, Մանուկ Գասպարյան, Էդմոնդ Ծատուրյան):

23.02.2007 - ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատ.՝ Ս. Համբարձումյան) չի բավարարել Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի պաշտպանների վերաքննիչ բողոքները՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշումների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter