HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջհանգիրյան. «Քանի որ արդարադատություն չկա, դա պատվերով է՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է»

Լիլիթ Թադևոսյան

Այսօր, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, խմբակցությունների անունից ելույթների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ թեև կողմ են նախագծին, բայց խնդիրներ շատ կան, և պետք է անդրադառնա արմատներին:

Նա նշեց, որ երբ ուսումնասիրում են ներկայացված նախագծի հիմնավորումները, ապա ակնհայտ է դառնում, որ Երևան քաղաքում կա դատավորների ծանրաբեռնվածություն, բայց չկա համամասնություն, և եթե մի դատավորի ծանրաբեռնվածությունը մի համայնքում կազմում է 65 քրեական գործ, ապա այլ համայնքներում մոտ մեկ երրորդով ավելի է:

«Դահլիճում բավականին մեծահասակ մարդիկ կան և կարող են հիշել, որ մենք մինչև 1996 թվականը Հայաստանում ունեինք 96 ժողովրդական դատավորներ և Գերագույն դատարանի 31 անդամներ կամ դատավորներ, և Հայաստանի բնակչության թիվը կազմում էր մոտ 4 միլիոն:

Եվ այդ մոտ 120 դատավորները կարողանում էին լուծել բոլոր քրեական, քաղաքացիական, ընտանեկան, վարչական, բնակարանային և այլ վեճերը: Եվ օրինակ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը մեկամսյա ժամկետ էին նախատեսում, որպեսզի յուրաքանչյուր հայցադիմում այդ դատարանում քննվեր և վճիռ արձակվեր: Քանի որ ես այդ համակարգերում աշխատել եմ 90-ականների սկզբից հետո, կարող եմ ձեզ ասել՝ առնվազն 6-7 դատավոր հետ են կանչվել, զրկվել են իրենց պաշտոններից, որ այդ գործերի քննության ժամկետները քաղաքացիական և քրեական գործերով անհարկի ձգձգել են: Այսինքն՝ դա պատճառ է, որպեսզի դատավորը հետ կանչվեր իր զբաղեցրած պաշտոնից»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Պատգամավորի խոսքով՝ հիմա մենք ունենք 2 միլիոն բնակչություն և ունենք 230-ից ավելի դատավորներ, ունենք ծանրաբեռնվածություն թե՛ քաղաքացիական գործերով, թե՛ քրեական գործերով:

Խոսելով քրեական գործերի մասին՝ Գագիկ Ջհանգիրյաննն ասաց, որ եթե ուսումնասիրում են հանցագործությունների վիճակագրությունը 2-3 տարվա կտրվածքով, ապա ամեն տարի ոստիկանութան համապատասխան կենտրոնն ասում է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ կրճատվել է հանցագործությունների թիվը, բայց եթե նայում ենք դատարանների ծանրաբեռնվածությունը, տեսնում ենք, որ քննվող քերական գործերի թվերն ավելանում են, ինչը հնարավոր չէ:

«Եթե սրան էլ ավելացնենք երկրից արտագաղթող պաշտոնական թվերով 50.000-60.000 քաղաքացիներին, որոնք ծերեր չեն, հիմնականում արտագաղթում են քրեական առումով ակտիվ դեմոգրաֆիական խմբերը՝ 25-35 և այլ տարիքի, բա էս քրեական գործերը ո՞նց են ավելանում»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Անդրադառնալով քաղաքացիաիրավական վեճերի թվի ավելացմանը՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ արդարադատության փոխնախարարը նաև հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ դա հիմնավորել է նրանով, որ քաղաքացիաիրավական շրջանառությունն ավելացել է:

«Լավ, համաձայն եմ, հիմա անհատ ձեռներեցներն են ավելացել, պարտավորական իրավունքն է շատ և այլն, բայց ոնց կարող է 2 միլիոն բնակչությունը այդքան քաղաքացիական գործեր ապահովել և դատարաններում այդքան ծանրաբեռնվածություն, ուրեմն այդ համակարգը չի գործում, այսինքն՝ արդարադատություն չի իրականացվում: Քանի որ արդարադատություն չկա, դա պատվերով է՝ ով վճարում է նա էլ պատվիրում է, հետևաբար, դատարանները հեղեղված են»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա հավելեց, որ ավելի շատ տնտեսական, գույքային վեճերը լուծվում են նաև հեղինակությունների կողմից, գողական աշխարհի կողմից, որը շատ էֆեկտիվ է արդյունքի տեսանկյունից, ու թեև այնտեղ էլ տոկոս են վերցնում, «փայ են մտնում», բայց հարցը արագ լուծվում է, և մարդիկ դատարաններում չորս-հինք ամիս չպիտի սպասեն, որ առաջին նիստը տեղի ունենա:

Որպես խնդրի լուծում Գագիկ Ջհագիրյանը կարծում է, որ մենք անկախ դատական համակարգ պետք է ունենանք, որը պետք է գործի ու աշխատի, իսկ մենք դա չունենք:

«Ցավոք, մենք այսօր ձեռնամուխ ենք եղել սահմանադրական փոփոխությունների՝ անտեսելով ձեր սիրելի Վենետիկի հանձնաժողովի այն հորդորը, որ քանի չունեք անկախ դատական համակարգ, դատական իշխանություն, կառավարման համակարգի փոփոխություն մի նախաձեռնեք»,- եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter