HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Տա՞լ Ստեփանակերտի օդանավակայանը Ռուսաստանին, թե՞ ոչ

Ռուսական «Ռեգնում» գործակալությունը երեկ տեղեկություն էր հրապարակել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, թե Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: «Այն բանից հետո, երբ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ կլինի շահագործման, ԼՂՀ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել այդ ենթակառուցվածքն օգտագործելու շուրջ համագործակցության խնդիրը»,- ըստ «Ռեգնում»-ի` ասել է Սահակյանը:

Ավելի ուշ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հանդես եկավ պարզաբանմամբ, թե Սահակյանն ընդամենը խոսել է Ռուսաստանի կողմից ահաբեկչության դեմ պայքարում Ստեփանակերտի օդանավակայանի հնարավոր մասնակցության, ոչ թե տրամադրման մասին:

ԼՂՀ նախագահին քննադատեցին այն բանի համար, որ նման հայտարարություններով հայության դեմ է հանում իսլամիստ ծայրահեղական ահաբեկիչներին, միաժամանակ բացում ԼՂՀ-ի «դարպասները» Ռուսաստանի առջև` հակամարտության գոտում ռազմական կոնտինգենտ տեղակայելու համար: Որքանո՞վ են, սակայն, այս քննադատություններն արդարացված և տեղին:

Ստեփանակերտի օդանավակայանը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների և հակակառավարական ուժերի դեմ Ռուսաստանի իրականացրած ռազմաօդային գործողություններում օգտագործելու գաղափարն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել հենց «Ռեգնում»-ը` ի դեմս ռուս լրագրող-վերլուծաբար Ստանիսլավ Տարասովի կողմից այս տարվա հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ Ռուսաստանի` Սիրիա ներխուժելուց գրեթե անմիջապես հետո: Բայց Տարասովը չէր հստակեցնում, թե Ռուաստանն ինչի համար պետք է ապավինի նման խնդրահարույց օդանավակայանի: Դա, թերևս, ԼՂ հիմնահարցը կամ Հր. Կովկասը սիրիական ճգնաժամի հետ ինչ-որ կերպ կապելու անհաջող փորձ կարելի է համարել: Իսկ գաղափարն անհաջող է ոչ թե ԼՂՀ-ի կամ Հայաստանի շահերին հակադրվելու իմաստով, այլ պարզապես որովհետև իրատեսական չէ:

Նախ պետք է հասկանալ` քաղաքացիական օդանավերի սպասարկման համար նախատեսված այդ օդանավակայանն իր ենթակառուցվածքներով որքանո՞վ է համապատասխանում ՌՕՈՒ բազայի վերածվելու չափանիշներին: Սակայն, եթե նույնիսկ համապատասխանում է հարյուր տոկոսով, Մոսկվան նախ պետք է որոշի` այն օգտագործելու համար ու՞մ հետ պետք է  համաձայնության գա՝ ԼՂՀ-ի՞, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի: Եթե Ստեփանակերտի, ապա դա նշանակում է ուղիղ կոնտակտներ հաստատել ԼՂՀ իշխանությունների հետ այն պարագայում, երբ Մոսկվան հրաժարվում է ճանաչել Արցախի ինքնիշխանությունը: Որևէ հարցով Արցախին դիմելով` Մոսկվան անուղղակիորեն ճանաչելու է ԼՂՀ-ի անկախությունը, ինչը նշանակում է քարուքանդ անել Ադրբեջանի հետ հարաբերությունները և դուրս գալ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներից: Արդյունքում Ռուսաստանը կփչացնի հարաբերությունները ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ, որն այդ պարագայում ևս հաստատապես չի լռելու:

Օդանավակայանի հարցը Մոսկվան չի կարող քննարկել նաև Ադրբեջանի հետ` այն պարզ պատճառոով, որ թե՛ օդանավակայանը և թե՛ ԼՂ-ն դուրս են Բաքվի վերահսկողությունից: Անիմաստ է Բաքվի հետ համաձայնության գալ մի օբյեկտի շուրջ, որը նրան չի պատկանում:

 Ռուաստանն այդ հարցը չի քննարկելու նաև Հայաստանի հետ, որովհետև ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ էլ օդանավակայանը Հայաստանի տարածքում չեն: Համենայնդեպս` Ռուսաստանի կարծիքով: Ի վերջո, հենց Մոսկվայից էին պարբերաբար հասկացնում, որ ԼՂ-ն ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ էլ ԵԱՏՄ-ի տարածքի մեջ չի մտնում:

Մյուս կողմից` որքանո՞վ է իրատեսական խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու գնով Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործելու մասին, եթե, այսպես թե այնպես, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն իր ինքնաթիռների թռիչքի համար կարող է օգտագործել Հայաստանի տարածքը և մասնավորապես` Երևանի «Էրեբունի» օդանավակայանը: Հայ-ռուսական ռազմական համագործակցության և Հայաստանում ռազմաբազա տեղակայելու մասին համաձայնագրերի շրջանակներում «Էրեբունի» օդանավակայանն արդեն իսկ տրված է Ռուսաստանին:

Ստեփանակերտի օդանավակայանը «ստանալու» խնդիր Ռուսաստանի համար կարող է առաջանալ առհասարակ հակամարտության գոտում ռազմական կոնտինգենտ տեղակայելու կոնտեքստում: Բացառվում է, որ առկա ստատուս քվոյի պարագայում Ադրբեջանը համաձայնի դրան, որովհետև դա ընկալելու է որպես առկա «ստատուս քվո»-ի վերջնական ամրագրում: Ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայումը ԼՂ-ում կարող է տեղի ունենալ միայն լայնածավալ արագ պատերազմի կամ դրա իմիտացիայի հետևանքով ստատուս քվոյի ոչ հայանպաստ փոփոխության դեպքում: Բայց այդ պարագայում արդեն ոչ ոք ԼՂՀ-ի կամ Բաքո Սահակյանի կարծիքը չի հարցնելու` օգտագործե՞լ Ստեփանակերտի օդանավակայանը կամ այդ տարածքում գտնվող որևէ այլ օբյեկտ, թե՞ ոչ:

Ահա այս պայմաններում ԼՂՀ նախագահին «մեղադրանք» է առաջադրվում, թե ինչպես է նա համարձակվել, փաստորեն, որպես սուվերեն երկրի ղեկավար առաջարկություն հնչեցնել համաշխարհային գլոբալ պրոցեսների մեջ ԼՂՀ-ի մասնակցության պատրաստակամության մասին: Փաստացի նա Մոսկվային ակնարկ է արել, որ եթե նման նպատակներ ունի, ապա նախ պետք է, ուղղակի թե անուղղակի, ճանաչի ԼՂՀ-ի ինքնիշխանությունը: Առ այսօր ԼՂ իշխանություններին քննադատում էին Հայաստանի հարմարվողական արտաքին քաղաքականությանը ոչ պակաս հարմարվողականություն ցուցաբերելու համար: Այդ դիրքավորման հետևանքն էր, ի դեպ, բանակցություններից Ստեփանակերտի կատարյալ դուրսմղումը, որը բանակցային գործընթացի ներկայիս փակուղայնության, փաստացի նախապատերազմական իրավիճակի հասունացման հիմնական, եթե չասենք՝ միակ իրական պատճառն է: Եվ ահա, հազիվ մեկ անգամ ԼՂՀ նախագահը, դուրս գալով այդ կապանքներից, փորձում է հետաքրքիր դիվանագիտական ռևերանս կատարել եւ դառնում է թիրախ:

Գուցե դա արդարացված լիներ, եթե ռացիոնալ լինեին այն «հիմնավորումներում», թե սա Հայաստանը և հայությանը իսլամիստական ծայրահեղականության թիրախը դարձնելուն ուղղված անմիտ, չկշռադատված քայլ է: Փաստորեն, մեզանում կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասկացել, որ Իրաքի ու Սիրիայի հայությունը ահաբեկիչների համար թիրախ է եղել ի սկզբանե` ոչ թե նույնիսկ ազգային, այլ կրոնական անհանդուրժողականության ենթահողի վրա: Իրաքում հայկական համայնք գործնականում արդեն չկա: Սիրիայի հայկական համայնքը փաստացի կազմալուծված է, ու դժվար է պատկերացնել, որ կվերականգնի իր երբեմնի ներուժն ու դիմագիծը: Քեսաբը դարձավ ծայրահեղականների հարձակման թիրախը: Հալեպում, Դեյր-Էզ-Զորում հայկական եկեղեցիները կրոնական ու մշակութային ժառանգությունը «ԻՇԻՊ»-ի գրոհայինների կողմից ոչնչացվում էին նույն մոլեռանդությամբ ու կատաղությամբ, ինչպես Սիրիայում ու Իրաքում կրոնական ու ազգային մյուս փոքրամասությունների ժառանգությունը: Եվ այս բարբարոսություններն անելու համար ծայրահեղականները չէին սպասում` համոզվելու, թե Հայաստանից կամ Արցախից ինչ հայտարարություններ էին հնչում, ու որքանով էին դրանք իրենց քիմքին հաճելի կամ տհաճ:

Ինչ վերաբերում է այդ հայտարարությունների հետևանքով Հայաստանի ու Արցախի` ԻՇԻՊ-ի թիրախում հայտնվելու հավանականությանը, ապա թերևս տեղին է հիշեցնել, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ ողջ Հարավային Կովկասը «Իսլամական պետության» գծած խալիֆայության սահմաններում են ընդգրկվել դեռ երեք տարի առաջ: Եվ Աստված մի արասցե, եթե նրանք հաղթահարեն իրենց և քրիստոնյա Հայաստանի, Վրաստանի միջև ընկած Իրանի, Թուրքիայի ու գնալով ավելի ու ավելի խոցելի դարձող Ադրբեջանի արգելքները: Այն ժամանակ ոչ ոք տարբերակում չի դնելու, թե Հայաստանից կամ Արցախից ինչ հայտարարություններ են հնչել, կամ ով որ չափով է մասնակցել իրենց դեմ ուղղված գործողություններին: Եվ փաստը, որ Հայաստանը ոչնչացման ենթակա է համարվում հենց խալիֆայության ստեղծման ծրագրի, այլ ոչ թե հակաահաբեկչական գործողություններին իր մասնակցության կամ չեզոքության գործոնից ելնելով, ուղղակի այլընտրանք չի թողնում, քան այսօրվանից ռեսուրսների ներածի չափով սկսել հակաահաբեկչական օպերացիաներին օժդանակության ցուցաբերումը` անկախ նրանից` աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից ով է այդ պայքարը գլխավորում և ինչու:

Դրա ակտուալությունն ապացուցվեց երեկ, երբ «Իսլամական պետության» կողից Փարիզում իրականացվեցին սահմռկեցուցիչ ահաբեկչական ակտեր` խլելով ավելի քան 120 մարդու կյանք: Այս առումով թե՛ Հայաստանը և թե՛ Արցախն ունեն մի շատ կարևոր առավելություն, որոնք չունեն ոչ միայն տարածաշրջանի, այլև փաստացի եվրոպական երկրներից և ոչ մեկը: Խոսքը վերաբերում է Հայաստանի և Արցախի էթնիկ-ազգային և կրոնական կոմպակտ նկարագիր ունենալուն: Այն հնարավորություն է տալիս վերահսկել Հայաստան ելումուտը և էականորեն դժվարացնում այստեղ ահաբեկչությունների իրականացումը: Հատկապես դեպի Եվրոպա մերձավորարևելյան երկրներից միլիոնավոր փախստականների հոսքը հին աշխարհամասի երկրները պարզապես վերածել է ահաբեկչությունների իրական կամ պոտենցիալ թատերաբեմի, և որքան էլ ցավալի լինի, նման ակտերն առաջիկայում կարող են ընգրկել գործնականում ողջ Եվրոպան: Եվ պատահական չէր, որ Փարիզում իրականացված ահաբեկչություններին անմիջապես հաջորդեց այնտեղ փախստականների ճամբարի հրկիզումը:   

Այս գործոնները հաշվի առնելով` ուղղակի տարօրինակ է հնչող քննադատություններից պաշտպանվողի դիրք գրավելու Ստեփանակերտի կեցվածքը: Բակո Սահակյանի միակ սխալն այն է եղել, որ նա պետք է հայտարարեր Ստեփանակերտի օդանավակայանը ոչ թե միայն Ռուսաստանին, այլ ընդհանրապես ահաբեկչության դեմ պայքար մղող բոլոր ուժերի օգտագործմանը տրամադրելու պատրաստակամության մասին: Եթե ոչինչ չլինի, դա գոնե օդանավակայանը վերջապես շահագործելու առիթ ստեղծելու թույլ նախաձեռնություն էր:

Մեկնաբանություններ (5)

Գեւորգ
Varaz-ին: Վարազ ես թե մերուն (առաջինը ,,խոզահայր,, կնշանակի երկրորդը՝ ,,խոզամայր,,) չափդ ճանաչիր ու փորձիր գլխով մտածել, ոչ թե ասածդ մասով: Խաչ ու եկեղեցու մասով թերեւս ճիշտ ես, բայց թեման բոլորովին դրա մասին չէ:
ominac
Ռեկնում-ը, լուրեր տուող , ոչ կառավարական ընկերութիւն է։ Լրագրողի մը կարծիքն է այս բոլորը։ Եթէ պարզապէս բոլոր կողմերը վերլուծել է, օդակայանի օգտագործման համար, հասկնալի է այս յօդուածը, բայց շատ լուրջի պէտք չէ առնել։
Անի
Աշխահաքաղաքական ուժերի վերադասավորման ֆոնին, քրիստոնյա Ռուսաստանին ու Եվրոպային աջակցելու առաջարկը Հայաստանի ու նաեւ Արցախի դերակատարման հարցը մի նոր հարթություն է բարձրացնում, եւ անկախ վերադասավորումներից, առկա մարտահրավերներից հային նոր առաքելություն է վերապահված: Ապագան ենթադրում է հայության մի ստվար հատվածի վերադարձ Հայաստան եւ կամ անշարժ գույքի ձեռքբերում հայրենիքում, երկաթուղու ընդլայնում ու գործարկում, Մետաքսի ճանապարհի վերակառուցում...Առաջ Հայաստան
Արմենակ Եղիայեան
Ամաստերդամի ապահով երկինքի տակ նստած՝ սրբազան առաքելութեան վերածած ես հայրենի իշխանութիւններու քննադատումը: Հայասատնի իշխանութիւները «դէ յուրէ» չեն ճանչնար Արցախի հանրապետութիւնը եւ քաղաքականօրէն շատ ճիշդ կը վարուին, սակայն սա ծխածածկոյթ է միայն, անոնք հոգեպէս ու գործնապէս կը ճանչնան Արցախը որպէս Հայաստանի անքակտելի շարունակութիւնը, ինչպէս աշխարհի բոլոր հայերը, հաւանաբար նաեւ...Վարազ Սիւնին: Հետաքրքրական է, ոէ ոչ մէկ օտար պետութիւն կամ անհատ մինչեւ հիմա հարց չէ տուած, թէ Հայաստան ի՛նչ տրամաբանութեամբ կամ կարգավիճակով իր ամբողջ ներուժը դրած է Արցախի տրամադրութեան տակ, եւ միայն վարազ Սիւնին է՛ որ կը դնէ այդ հարցը: Եւ ընդհանրապէս Վարազ Սիւնի հակամէտ է ամէն ինչի մէջ քննադատելու հայրենի իշխանութիւնները՝ որպէսզի ենթագիտակցաբար արդարացնէ հայրենաթողի ու դասալիքի իր ընթացքը եւ շարունակէ վայելել Ամստերդամի երշիկն ու գարեջուրը: Այդ բոլորը չէի՞ր կրնար բաց ճակատով ու հանդարտ խիղճով գտնել հայրենիքիդ մէջ: Ամօ՜թ քեզի:
Գեւորգ
Բակոն կարծես ճիշտ քայլ է արել, վերջապես սարքել են ո՜ր ինչ անեն (ուստեն պտի իջներ, միտքը փոխեց:) Իսկ իսլամ տեռորիստները վաղուց էին Ղարաբաղի դեմ ելել: Կամ, միթե Սիրիայից փախչող ազեր մարդասպանները Ղարաբաղի տեղը չգիտեն, եւ տազ անելով հույս ունենք որ մեզ կմոռանան: Ավելի ճիշտ է պահից օգտվել ու դաշնակից շահել: Իսկ եթե ռուսները թուրքերից ,,ամաչեն,, ու չգան, ապա կարելի հասկացնել որ ֆրանսիացիներին կտանք, ի՜նչն է սխալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter