HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք իրավունք չունենք թույլ տալ տնտեսության հետագա անկում, դա շատ ծանր է հարվածելու պետության անվտանգությանը»

Լիլիթ Թադևոսյան

«Իշխանությունն ասում է, որ սա այսօրվա հնարավորությունների բյուջեն է, իշխանությունից դուրս գտնվողներն ասում են, որ սա վատ բյուջե է և և մեր հասարակության պահանջներին ոչ ադեկվատ: Իրականում այս երկու ձևակերպումները ոչ թե իրարամերժ են, այլ փոխլրացնող»,- այսօր ՀՀ 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանկ իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ սա իսկապես իրական մեր հնարավորությունների բյուջեն է, և մյուս կողմից` սա չի համապատասխանում հասարակության պահանջներին: Պետք է պատասխանել մեկ հարցի, իսկ ինչի՞ հաշվին պետք է բյուջեն լիներ ավելի լավը, ի՞նչ է արվել դրա համար, չէ՞ որ բյուջեն տնտեսական քաղաքականության արդյունքն է, տնտեսության վիճակի արդյունքը:

Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ իշխանությունից դուրս գտնվող մարդիկ ահազանգում էին վարվող տնտեսական քաղաքականության, որոշ դեպքերում կոպիտ սխալների ու սպասվող վտանգների մասին:

Պատգամավորի խոսքերով` իշխանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, այժմ ցածրաձայն են ահազանգում խնդիրների մասին, բայց շատ լավ պատկերացնում են վիճակը:

Պատգամավորը նաև ասաց, որ ինքը հակված չէ քննարկումները մեղավորներ փնտրելու ճանապարհով տանել, որովհետև դա այլևս երկրորդական հարց է, և թիրախը ընտրելը ճաշակի և պատվերի հարց է, բայց դրանից տնտեսության վիճակը չի փոխվում, խորքային խնդիրները չեն քննարկվում և չեն լուծվում:

Վահե Հովհաննիսյանը նաև նշեց, որ կա երկու ոլորտ, որտեղ ոչ մի բուտաֆորիկ պատկերացումներ, ինքնահանգստացնող մտքեր արտահայտել չի կարելի, և դա պետության ազգային անվտանգությունն է ու տնտեսությունը, որոնք ուղղակիորեն կապակցված են:

«Մենք իրավունք չունենք թույլ տալ տնտեսության հետագա անկում, դա շատ ծանր է հարվածելու պետության անվտանգությանը: Մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք ունենք արտագաղթի խնդիր, մենք ունենք ՀՀ սահմանների պաշտպանության խնդիր, իսկ այս ոլորտում յուրաքանչյուր սխալ տնտեսական քայլ, դանդաղած նախագիծ, մսխված հնարավորություն, անձնական շահը պետական շահից վեր դասելու որոշումը հարվածելու է մեր երկրի անվտանգությանը: Ով սա գիտակցում է, անկախ նրանից իշխանության մեջ է, թե ոչ, պետք է համարվի համախոհ: Նման պայմաններում կարևոր է իշխանություն-հասարակություն երկխոսությունը, և նման ցանկացած դիալոգ օգնում է հասարակությանը, և շահում է պետութունը»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորը հիշեցրեց, սակայն, որ իշխանությունը նման քայլ չի արել: Նա նշեց, որ փետրվարից մեղմվեց քաղաքական սրությունը, և ի՞նչն էր խանգարում, որ իշխանությունները հասարակության հետ քննարկեին և լուծումներ գտնեին հայտնի 12 կետերի վերաբերյալ: Նա նշեց, որ քաղաքական կուսակցությունները դադարեցին այդ մասին հիշել, բայց դրանով խնդիրը չվերացավ:

Այս իրավիճակից դուրս գալու համար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ երկու ռեսուրս կա, ուղղակի պետք է մի քանի քայլ անել՝ պետք է հրաժարվել սուտ խոստումներից, ահազանգել մտահոգությունները, լծվել լուրջ աշխատանքի: Իսկ այդ ահազանգը կարող են հնչեցնել իշխանության ներսում և իշխանությունից դուրս գտնվող մարդիկ, ահազանգել ոչ թե թշնամանքի, այլ մտահոգությունների համար, միաժամանակ նոր մոտեցումներով, նոր ծրագրերով ու, ինչու չէ, նոր թիմերով աշխատելու համար:

Ի հավելումն՝ պատգամավորն ասաց, որ սա պարտավոր են անել, որովհետև դրա այլընտրանքը գոյություն չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter