HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մանուկյանը 2016 թվականի բյուջեն համարում է վաղվա օրը կործանող ու մսխող բյուջե

Լիլիթ Թադևոսյան

2014 թվականին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը եղել է 4,4 միլիարդ, 2015 թվականին դարձել է 5 միլիարդ, հիմա սպասվում է 5,6 միլիարդ: Արտաքին պարտքն աճել է 1,1 միլիարդով երկու տարվա ընթացքում` 3,7 միլիարդից հասնելով 4,8 միլիարդի, Կենտրոնական բանկի պարտքը 440 միլիոնից հասել է 550 միլիոնի: Ներքին պարտքը 650 միլիոնից` 747 միլիոնի: Այսօր ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս թվերը հրապարակեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«2008 թվականին` Սերժ Սարգսյանի իշխանության սկզբում, Հայաստանի պետական պարտքը եղել է 1,6 միլիարդ: Նայեք դինամիկան. ձեր իշխանության ժամանակ 1,6 միլիարդից թիվը դարձել է 5,6 միլիարդ: Միայն Հովիկ Աբրահամյանի իշխանության ժամանակ 1,7 միլիարդով ավելացել է մեր պետական պարտքը: Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում 581 միլիոնով է ավելացել մեր պարտքը: Սա է մեր պարտքերի սարսռող, հետագայի նկատմամբ ուղղակի ոչ հեռանկարային մեր ֆինանսական տնտեսական զարգացումը»,- ասաց Արամ Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ համախառն ներքին արդյունքի հետ համեմատության մեջ է միայն երևում պարտքի ճիշտ ու վտանգավոր լինելը: Մեր 2016 թվականի բյուջեն և 2016 թվականի համախառն ներքին արդյունքը կազմելու է 11, 3 միլիարդ դոլար այն դեպքում, երբ 2008-ին մեր ՀՆԱ-ն եղել է 11,6 միլիարդ:

Պատգամավորը նշեց, որ այսինքն՝ 2008-ից մինչև հիմա դոլարային ցուցանիշով Հայաստանի  համախառն ներքին արդյունքը աճ չի գրանցել: Նա նշեց, որ հաճախ այս ամենը ներկայացվում էր որպես համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանք, և ընդունելով հանդերձ դա` նա համեմատության համար նշեց, որ Ադրբեջանը 2010-ին ամբողջությամբ հաղթահարեց ճգնաժամի հետևանքները, իսկ Վրաստանը ամբողջապես վերադարձավ 2008-ի թվերին:

«Մեր թվերը հաշվարկված են, որ Հայաստանը 2019-ին կարող է հասնել 2008 թվականի համախառն ներքին արդյունքի մակարդակին: Այսինքն՝ մենք 10-11 տարով ռեգիոնում` մեր նման երկրների շարքում, հետ ենք ընկել»,- ասաց Արամ Մանուկյանը:

Ի հավելումն` Արամ Մանուկյանն ասաց, որ մենք եկող տարի մեր բյուջեից մարելու ենք 320 միլիոն դոլար պարտք, իսկ 2020 թվականին դա անցնելու է 420 միլիոն դոլարը:

«Այ սա է, որ ասում եմ սերունդների համար պարտք եք հավաքում. ինչի՞ համար: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա 1600 դոլար պարտք կա, ընդ որում՝ նույնիսկ այդ օրը ծնված երեխայի վրա: Եվ գնալով այս թվերը ծանրանալու են: Սա վաղվա օրը կործանող, վաղվա հեռանկարը կործանող բյուջե է և լրջագույն պարտքերի տակ գցող այն սերունդներին, այն կառավարությանը, որը վաղն է լինելու: Եվ սա ես ուղղակի համարում եմ մսխող բյուջե»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter