HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն ամեն գնով փող է աշխատում

«Հետքի» խմբագրությունը նամակ էր ստացել Երուսաղեմի բնակիչ Գիդեոն Մոալեմից, որում նա իր վրդովմունքն էր հայտնում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կալվածքներից մեկի տարածքում գտնվող համասեռականների ակումբի առթիվ:

«Խնդիրը, որի առիթով Ձեզ ենք դիմում, առնչվում է հայկական եկեղեցուն, որն իր կառույցներում է կենտրոնացրել Երուսաղեմ քաղաքի կենտրոնի հիմնական գիշերային կյանքը: Այս գիշերային ակումբների ահավոր արդյունքներն ուղեկցվում են բռնությամբ, մարմնավաճառությամբ, թմրադեղերի, հարբածությամբ եւ այլն, երկարատեւ բացասական հարված են տալիս Աստծո սուրբ քաղաքին:

Ինչպե՞ս է, որ եկեղեցին, որը հպարտ է իր քրիստոնեական ժառանգությամբ, իր գործողություններով հանրորեն խայտառակում է Աստծո անունը: Ինչպե՞ս կարող է եկեղեցին, որը հպարտանում է, թե ինքը պահպանում է սուրբ վայրերը, Իսրայելում թույլ տալ պղծության եւ այլասերման արմատավորում եւ տարածում Երուսաղեմ քաղաքում»,- հարցնում է Գիդեոն Մոալեմը:

Պարզաբանումներ ստանալու համար «Հետքը» դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի տնօրեն Վահրամ քհն. Մելիքյանը պատասխանելով նշել է, որ «Տեղեկատվական համակարգը կապ է հաստատել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ Հայր Բագրատի հետ:

«Այսու հայտնում ենք, որ, համաձայն ստացված տեղեկության, նամակում հիշված շենքն իրապես պատկանում է Հայոց Պատրիարքությանը եւ ժամանակին վարձակալությամբ տրվել է մի ռեստորանի եւ ոչ թե համասեռականների ակումբի: Այն մեղադրանքը, որ նամակագիրը հնչեցնում է Հայ Եկեղեցու հասցեին, արդարացի չէ: Հայր Բագրատի հավաստմամբ` Հայոց Պատրիարքարանը որեւէ կերպ չի կարող կասեցնել այն, ինչ կատարվում է հիշյալ խորտկարանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում` ժամանցային գոտում: Սակայն դա բնավ ենթադրել չի տալիս, թե Հայոց Եկեղեցին խրախուսում եւ ջատագովում է գիշերային ակումբների եւ նմանատիպ հաստատությունների գործունեությունը: Տեղեկացվեց նաեւ, որ խնդրին լուծում կարող են տալ միայն քաղաքային իշխանությունները եւ ոստիկանությունը»,- գրված է Տեղեկատվական համակարգի` մեզ ուղղված գրության մեջ:

Գրության մեջ նշված է նաեւ, որ Պատրիարքության կալվածքները վարձակալությամբ տալու գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի մասնակցում:

Այնուհետեւ Վահրամ քհն. Մելիքյանը խորհուրդ է տալիս մեր հարցերին մանրամասն պատասխան ստանալու համար կապ հաստատել Երուսաղեմի Հայոց Պատրիաքության հետ: Ի պատասխան Պատրիարքությանն ուղղված մեր էլեկտրոնային նամակի` ստացվեց մի հաղորդագրություն, որտեղ ներկայացված է Զատկի տոնի նշման արարողության հետ կապված հայ եւ հույն եկեղեցիների միջեւ առաջացած խնդիրներին:

Իսկ մենք ցանկանում էինք ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները.

1. Ո՞ր ռեստորանի հետ է կնքվել պայմանագիրը, պայմանագրում նշվա՞ծ էր, արդյոք, թե այդ տարածքը որպես ինչ է օգտագործվելու: Եթե այո, ապա ի՞նչ նպատակով էր նախատեսված այն օգտագործել:

2. Պայմանագրի կետերը խախտելու դեպքում ի՞նչ իրավունքներ ուներ Հայոց Պատրիարքարանը: Որքա՞ն ժամանակով է կնքվել պայմանագիրը այդ ռեստորանի հետ:

3. Հայոց Պատրիարքարանին պատկանող` վարձակալությամբ տրված այլ տարածքներ նույնպե՞ս օգտագործվում են նման ակումբների նպատակով, թե՞ միայն Շուշան փողոցի այս շենքն է:

4. Խնդրում ենք նաեւ պատասխանել, թե ինչու տարածքները վարձակալության տալիս որեւէ արգելող պահանջ չի դրվում վարձակալի վրա, մասնավորապես անառակատներ, համասեռականների ակումբներ չբացելու համար:

Երուսաղեմի բնակիչ Գիդեոն Մոալեմը պնդում է, որ Հայկական եկեղեցու քաղաքականությունն այն է, որ «ողջունում, աջակցում եւ հնարավոր է դարձնում իր քաջատեղյակությամբ գիշերային ակումբների եւ դրանց ուղեկցող երեւույթների առկայությունը Երուսաղեմի կենտրոնի իր շինություններում»:

Ի վերջո, մեզ գրած պատասխանում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կալվածքների տեսուչ Տեր Բագրատը նշեց, որ իր գրածները հրապարակման ենթակա չեն: Մենք նրան ուղղեցինք նոր նամակ` նշելով, որ մեզ անհրաժեշտ է պատասխան հրապարկման համար:

«Քո առաջադրած հարցերին Պատրիարքարանը բնավ պարտավոր չէ պատասխանել կամ պարզաբանել: Պատրիարքարանը մի անձի որոշումներով չի ընթանում եւ սխալ կամ անճիշտ գործերով եւ գործելակերպով չի գործում: Ես չեմ հասկանում ինչու էսքան հետաքրքրիր է ձեզ համար մի ոչ հայու հարցերով զբաղվել: Ես ձեզ ուղարկած եմ Լույսի հարցով մի բողոքագիր, եւ ինչպես բոլոր հայերին, ձեզ էլ ուղարկած ենք, որ մեզ օգնեք կրոնական եկեղեցական մի շատ կարեւոր հարցով: Բայց մինչ առ այս դեռ ձեզնից ոչ մի պատասխան չստացանք»,- գրել է Տեր Բագրատը:

Երուսաղեմի պատրիարքարանն, անշուշտ, կարող է կնքած պայմանագիրը չեղյալ հայտարարել, որովհետեւ պայմանագրով Պատրիարքարանը շինությունը վարձակալության էր տվել ոչ թե համասեռականների ակումբի գործունեության համար, այլ խորտկարանի: Պատրիարքարանը չի ուզում պայմանագիրը չեղյալ համարել մեկ պատճառով` չի ուզում զրկվել համասեռականների ակումբից ստացվող մեծ շահույթից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter