HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԹԻՀԿ. ինչպես է օգտագործվել վարչական ռեսուրսը հանրաքվեի նախապատրաստական գործընթացում

2015թ. հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների  նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը,  որի հիման վրաՀՀ նախագահը 08.10.2015թ. հրապարակեց հրամանագիր՝ հանրաքվեի օր նշանակելով 2015թվականի դեկտեմբերի 6-ը: Հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց 2015թվականի հոկտեմբերի 10-ից:

Սույն ամփոփագրում ներառված են տեղեկություններնոյեմբեր ամսվա առաջին կեսին հանրաքվեի քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի ակնհայտ կամ հնարավոր օգտագործման վերաբերյալ:

  1. Նոյեմբերի առաջին տասնօրյակում շարունակվել են ընտրողների թվի անհամապատասխանությունների վերաբերյալ փորձագետների բացահայտումներն ու մամուլի հրապարակումները և դրանց ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական պարզաբանումները: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությունն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) և ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների միջևմոտ 300,000-ի հասնող անհամապատասխանությունը[1] բացատրել է երկրից մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները ԱՎԾ հրապարակումներում չներառելու, այսինքն՝ միայն մշտական բնակչության թիվնընգրկելու հանգամանքով:Ընտրողների քանակի աճն՝ ի հակադրություն բնակչության թվի նվազման, իսկ որոշ դեպքերում`առաջինի ավելի մեծ լինելը բացատրվել է նրանով, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն,ընտրացուցակներում պահպանվումեն Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող քաղաքացիների անունները, քանի որ ոստիկանությունն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից:[2]
  2. Նոյեմբեր ամսվա առաջին կեսին, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ կազմակերպությունները, ինչպես նաև լրատվամիջոցները ստացել են բազմաթիվ ահազանգեր, որ հանրապետության տարբեր դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվում է քարոզչություն և ցուցակագրում են աշխատակիցներին ու նրանց հարազատներին և սաների ծնողներին՝ «այո»-ի ձայներ ապահովելու համար:[3] Այս խնդիրը հնչեցվել է նաև ԱԺ նիստում և պահանջվել  է ներկայացնել բացատրություններ ՀՀ կրթության և գիտության նախարարից:[4]
  3. Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը մասնակցած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողներին վստահեցրել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեում «այո»-ի ամենաբարձր ցուցանիշը հենց իր մարզն է ապահովելու և ինքը կորոշի՝ քանի տոկոս։[5] Լրագրողների հետ զրույցում «այո»-ի հաղթանակի մասին վստահեցումներ են արել նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:[6]
  4. Նոյեմբերի 3-ին 1in.am կայքում հրապարակվել է մի նյութ,ըստ որի՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը հայտնել է, որ իրենց գյուղում ընտրողների 80-90 տոկոսը քվեարկելու է սահմանադրական փոփոխությունների օգտին, ինչպես նաև բացառել է Առինջում «ոչ»-ի շտաբի ձևավորումը:[7]
  5. Նոյեմբերի 5-ին Կոտայքի մարզի Բուժական գյուղում «Նոր Հայաստան» ընդդիմադիր միավորման ծրագրած հավաքը չի կայացել:Ըստ միավորման ղեկավարներից մեկի տեղեկության՝ իրենց այցից առաջ գյուղում «աշխատել են» իրավապահները և տուն առ տուն այցելելով՝ ճնշում են գործադրել՝ չմասնակցելու միջոցառմանը:[8]
  6. Նոյեմբերի 6-ին Մեղրիում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կազմակերպել է սահմանադրական փոփոխություններին նվիրված իրազեկման քննարկում, որին կեսից միացել է նաև Մեղրիի քաղաքապետը և հայտարարել, որ ժողովուրդը իրազեկ է և որևէ լրացուցիչ բացատրության կամ մեկնաբանության կարիք չունի, և քանի որ ինքն է ընտրված քաղաքապետը և իր համայնքի բնակիչները կքվեարկեն այնպես, ինչպես ինքը կասի: Քաղաքապետի ճնշող ներկայության և հրապարակային հայտարարած այս դիրքորոշման արդյունքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության Մեղրի քաղաքի երեքմասնակիցներ, ովքեր նախապես գրանցվել էին հանրաքվեի ժամանակ դիտորդություն անելու պատրաստակամությամբ, հանդիպումից մի քանի ժամ անց հրաժարվել են այդ առաքելությունն իրականացնել:
  7. Ըստ «Ազատություն» ռադիոկայանի նոյեմբերի 6-ի թողարկման, հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետից ու մարզպետներից բացի, «այո»-ի քարոզարշավին մասնակցելու են նաև ՀՀԿ-ական նախարարները․ իրենց պնդմամբ՝ բացառապես երեկոյան ժամը 6-ից հետո: Մասնավորապես, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախատեսում է «այո» քարոզչություն անել «իր տարածքում»՝ Գեղարքունիքի մարզում: Իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար, «այո»-ի կենտրոնական շտաբի անդամ Արմեն Աշոտյանը 2015թ. նոյեմբերի 6-ից սկսել է վարել հանրային հեռուստաընկերության նոր՝ «Եռանկյունի» քաղաքական բանավեճի հաղորդաշարը, որի առաջին հաղորդումը եղել է սահմանադրական հանրաքվեի քարոզչության թեմայով:[9]Վերջինիս արդյունքում ԶԼՄ-ներով, մասնավորապես հանրային հեռուստաընկերության եթերում, քարոզչության անհավասար պայմանների կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Հայ ազգային կոնգրես կուսակցությունը[10] և ներկայացրել բողոք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին,[11] իսկ Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռույը բացարձակապես անընդունելի է համարել ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի կողմից հանրաքվեի քարոզարշավի ժամանակահատվածում քաղաքական հաղորդում վարելու փաստը ընդունված չափանիշների և լավագույն փորձի տեսանկյունից:[12]
  8. Նոյեմբերի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կայքում հրապարակվել է նյութ, ըստ որի ահազանգեր են ստացվել մի շարք գյուղերում ցուցակագրումներեն կատարվում՝ գյուղացիների անուն-ազգանունների դիմաց հորդորելով գրել «այո»: Ղարիբջան և Գետք համայնքների ղեկավարները հավաստիացրել են, որ ցուցակագրումն իրականացվել է Շիրակի մարզպետի հանձնարարությամբ՝ գյուղերը գազաֆիկացնելու և ոչ թե սահմանադրական փոփոխությունների համար, ինչը հաստատել է նաև մարզպետը: Սակայն հարկ է նշել, որ 7 գյուղ20 տարի շարունակ դիմել են իրենց գյուղերի գազաֆիկացման համար, սակայն հարցը փորձում են լուծել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին:[13]
  9. Եվրոպական քոլեջի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Լիլյա Աբրահամյանը և գրող Նարինե Կռոյանը համապատասխանաբար նոյեմբերի 7-ին և 8-ին իրենց ֆեյսբուքյան էջերում կատարել են գրառումներ այն մասին, որ իրենց բնակարաններ այցելել են անձինք, ովքեր  ներկայացել են որպես բնակբաժնի կամ քաղաքապետարանի աշխատակիցներ և հարցրել են, թե արդյոք տանը կան պետական աշխատողներ որպեսզի նրանց «ասեն, թե ում ընտրեն», հետաքրքրվել են, թե հանրաքվեին ինչպես են քվեարկելու, որպեսզի ««ոչ» ասողների հետ աշխատանք տանեն»:[14]Լիլյա Աբրահամյանը նոյեմբերի 9-ին նորից գրառում է կատարել այն մասին, որ նույն անձը խնդրել է տեղեկացնել, թե արդյոք ինքը 100%-անոց «այո» է, քանի որ ինքը պետք է ներկայացնի այդ տվյալները, իսկ Աբրահամյանի դիտարկումից հետո, թե ինքը 5000 դրամ է ուզում, ցուցակում նշում է կատարել «այո-փող»:[15]
  10. Նոյեմբերի8-ին«Առավոտ» օրաթերթը հաղորդել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Մալաթիա բժշկական կենտրոնի աշխատակիցները տնօրինության կողմից հանձնարարություն են ստացել տասական ձայն հավաքել դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օգտին: Հանձնարարությունը կատարելու համար աշխատակիցներին հատուկ բլանկեր են բաժանել, պահանջել բլանկերում գրառել անուն, ազգանուններ եւ անձնագրի համար:[16]
  11. Նոյեմբերի 8-ից հրապարակվել է մի տեսահոլովակ, որում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյաննանմիջականորեն մասնակցում է «այո»-ի քարոզչությանը:[17]Չնայած որ դրանով«Հանրաքվեի մասին» օրենքը ֆորմալ առումով չի խախտվում, սակայն ՀՀ պաշտպանության նախարարի խոսքը կարող է ուղղակիորեն ազդել զինծառայողների կարծիքի ազատ ձևավորման և կամարտահայտման  վրա:[18]
  12. Նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը հաստատել է նույնականացման քարտերով քվեարկություն նախատեսող օրինագիծը:[19]Կրկնաքվեարկությունը բացառելու համար վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու ընդդիմության ներկայացրած բազմաթիվ առաջարկներից նախագծի հեղինակները ընդունել են միայն երկուսը. համաձայնել են քվեարկության օրը ընտրողների ցուցակի լրացուցիչ նշումների սյունակում նշել, որ քաղաքացին քվեարկել է նույնականացման քարտով, իսկ քվեարկության արդյունքների արձանագրություններում հաշվարկել և նշել նույնականացման քարտով քվեարկողների թիվը:[20] Այդուհանդերձ, քանի դեռընտրողների ցուցակները մնում են գաղտնի, այս տվյալները ստուգման և համադրման  չեն կարող ենթարկվել և, ըստ էության, այս մեխանիզմները որևէ նշանակություն չեն կարող ունենալքվեարկության վերահսկողության և արդյունքների արժանահավատության առումով:
  13. Նոյեմբերի 11-ին Հելսինկյան ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանը հայտնել է, որ այցելություններ են կատարվում քաղաքացիների բնակարաններ՝ նրանց առաջարկելով փոխել անձնագրերը և խոստանալով իրենց վրա վերցնել ծախսերը:[21]
  14. Նոյեմբերի 12-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները քարոզչություն իրականացնելու նպատակով մեկնել են Արմավիրի մարզի Քարակերտ համայնք, սակայն գյուղ մտնող միակ ճանապարհը ողջ լայնքով փակված է եղել ցեմենտի պարկերով:Գյուղապետի մեկնաբանությամբ, դրանք շարվել են ճանապարհին շինարարության աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, սակայն արդյունքում խոչընդոտվել է ընդդիմության կազմակերպած միջոցառումը:[22]
  15. Նոյեմբերի 13-ին հրապարակվեցին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրության տվյալները, որոնք բացահայտեցին հակասություններ ընտրացուցակներում՝ կասկածի տակ դնելով դրանց արժանահավատությունը: Մասնավորապես, պարզվեց, որ մոտ 5400 ընտրող գրանցված են ընդամենը 58 հասցեում, 4700 ընտրող չունի հասցե, իսկ ավելի քան 37300 հոգի չունի ծննդյան օր և ամսաթիվ:[23]
  16. Նոյեմբերի 13-ից «Արմնյուզ» հեռուստաընկերությունով և «Ա1+» ինտերնետային կայքով հեռարձակվում է  Հայաստանի հյուսիսային և հարավային մարզերում ռեալիթի շոուի ձևաչափով կազմակերպված «Այո & Ոչ» հաղորդումը: Հանդիպումների ընթացքում արձանագրվել են դեպքեր, որ ի պատասխան բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրների, «Այո»-ի կողմնակիցները տվել  են այդ խնդիրները լուծելու խոստումներ: Մասնավորապես, Մեղրի քաղաքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը խոստացել է բարձրաձայնել բնակիչների գազի խնդիրը, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը առաջարկել է  կազմակերպել արտադրություն:[24] Հարկ է նշել, որ քարոզչության ժամանակ խոստումներ տալն արգելված է «Հանրաքվեի մասին» օրենքի 20-րդ 11-րդ մասի «բ» կետի և ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն և առաջացնում է վարչական պատասխանատվություն:

17. Նոյեմբերի 14-ին «Այո &Ոչ»  ռեալիթի շոուի ժամանակ Ապարան է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ: Նա հայտարարել է, որ եկել է օգնելու այն մարդկանց, ովքեր տուժել են նախորդ գիշեր տեղի ունեցած քամուց ու անձրևից: Վարչապետը շփվել է տարածաշրջանի համայնքապետերի ու շարքային քաղաքացիների, ինչպես նաև ռեալիթի շոուի մասնակիցների հետ:[25] Հայաստանում բնականոն երևույթ են գարնանային և աշնանային քամիները, որոնց դեպքում նաև երբեմն մեծ վնասներ են հասցվում բնակավայրերին, սակայն միշտ չէ, որ վարչապետը այցելում է այդ բնակավայրերը: Տվյալ դեպքում Հ.Աբրահամյանը մեկտեղել է իր վարչապետական ու «այո»-ի քարոզարշավի կենտրոնական շտաբի ղեկավարի պարտականությունները:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter