HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխադարձ ամոթանքներ՝ ԱԺ դահլիճում

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Բուրաբայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց ՀՀԿ-ի հավաստիացումները, թե ԵՏՄ-ին անդամակցությամբ լուծում են մեր անվտանգության հարցը:

«Մինչդեռ այս տարի ականատես եղանք, որ ոչ միայն արտաքին անվտանգության խնդիրներն առկա են ու սպառնում են մեր պետականությանը, այլև ԵՏՄ-ն տապալում է մեր ողջ տնտեսությունը, 2016 թվականի բոլոր կանխագուշակումները հուշում են, որ համաշխարհային շուկայում գազի ու նավթի գների անկում է սպասվում, ինչը նշանակում է, որ ՌԴ-ի տնտեսությունը հսկայական վնասներ է կրելու, որովհետև այն հիմնականում հիմնված է գազի ու նավթի վաճառքից ստացված եկամուտների վրա, մենք էլ, ինքնաբերաբար, դառնում ենք այդ անկման զոհը»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը նշեց, որ ՀՀ տնտեսվարող սուբյեկտները վնասներ են կրում սերտիֆիկատների հետ կապված՝ հիշեցնելով ՀՀԿ-ական գործարար պատգամավորի ելույթը. «Սրանք մի փոքր դրվագներ են, բայց իրականում այն մեծ վնասը, որ մեզ հասցրեց անդամակցությունը, երևալու է 2016-ին, մեր բյուջեն արդեն հսկայական ճեղքեր ունի, մեր թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանալու, դրա հետ մեկտեղ ապրանքների գները բարձրանալու են, և դրա հետ մեկտեղ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է ևս մեկ ցնցում մեր 2 պետականությունների նկատմամբ»,-ասաց Փոստանջյանը:

Այնուհետև խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին՝ Փոստանջյանն ասաց, որ իրենք ահազանգեր են ստացել, որ ՀՀԿ ներկայացուցիչները ճնշումներ են գործադրում հանձնաժողովների անդամների վրա՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար:

Իր ելույթում Զարուհի Փոստանջյանը կոչ արեց քաղաքացիներին դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաքվել և սկսել անհնազանդության գործողություններ:

«Միասնական գործողությունները պետք է լինեն համատարած, մենք կարող ենք մեկ շաբաթ չգնալ տուն, մնալ փողոցում, լինել քաղցած, կարող ենք մեկ շաբաթ ցրտից մրսել»,-ասաց նա:

Նրա այս խոսքերից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Փողոցը լավ բան է, ճիշտ եք ասում, անդրադարձեք նախագծին»:

Սակայն Փոստանջյանն իր խոսքը չէր ընդհատում՝ կոչ անելով դեկտեմբերի 1-ից անհնազանդություն սկսել: «Երբ ՀՀԿ-ական ֆրակցիայի ներկայացուցիչը հայտարարում է, որ մենք պետք է հանձնենք մեր տարածքները, սա արդեն Սերժ Սարգսյանի ակնհայտ դավաճան հայտարարությունն է, որին պետք է վերջ տանք»,-ասաց պատգամավորը:

Փոստանջյանի ելույթից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ: Ելույթը որոշ ՀՀԿ-ականների դուր չէր եկել, սակայն ԱԺ նախագահը կատակելով ասաց. «Իմ դուրը գալիս է, մի սրտնեղեք»:

Այնուհետև դահլիճից Շուշան Պետրոսյանը բղավեց. «Ամոթ քեզ»:

Ի պատասխան՝ Փոստանջյանն ասաց. «Ամոթը Ձեզ, որ ընդգրկվել եք Սերժ Սարգսյանի թիմի մեջ, ամոթը Ձեզ, որ նպաստում եք մեր երկրի անկմանն ու արտագաղթին»:

Արձագանքելով՝ ԱԺ նախագահն ասաց. «Հանգստացեք, դա ձեր գործը չէ, բժշկի գործն է»:

«Գոնե մի անգամ ողջամիտ ելույթ ունեցեք, եթե խորհրդարանը համաձայնվի, որովհետև նույն ելույթն է, ֆանագրամա միշտ կտեղադրենք, կլսի ժողովուրդը, չի կարելի ԱԺ ամբիոնը խղճուկ ելույթներով ապահովել: Ասում է՝ Հանրապետականն ասաց Ղարաբաղը տալու ենք, բայց Հանրապետականն ասաց նման դեպքերում դեղ ընդունեք, տիկին Փոստանջյան, մի ապակողմնորոշեք ժողովրդին»,-եզրափակեց Սահակյանը:

Մեկնաբանություններ (3)

Սամվել
Էս Զարուհին կարծում է, թե ինքը գտնվում է համաշխարհային քաղաքականության գլխավոր թատերաբեմում, մինչդեռ ինքը ԱՄՆ-ում, Գերմանիայում ու Լեհաստանում Ռուսաստանին ատելու լավ դպրոց է անցել ու Ռուսաստան անունը լսելիս մի ակնթարթում հասնում է շիզոֆրենիկի աստիճանի: Տո ա՛յ էփած հավ, վեր ընկի տեղդ, վերջը էն Րաֆֆիի նման ուրիշի հնարած երգն ես երգում, հլա քեզ կողքից նայիր, հերիք է ճղճղաս, ծիծաղելի ես:
Մ, Գրիգորյան
Սիրելի,սիրելի, սիրելի Զարուհի. Աստված քեզ ուժ տա ու պահպանի: Դու սիրված ու գնահատված ես ժողովրդի կողմից(դրանք չեն մտնում ժողովրդի մեջ): Իսկ ձեզ դեղն ու բժիշկն էլ չեն փրկի: Եթե իմանայիք, ինչքան ատելի եք...
lora
Հին կգբ-ական մեթոդներով, ով իրենց հակառակում է, նրա ճակատին հիվանդի յառլիկ են կպցնում. Ասողն էլ թող իրա դեբիլության դեմ դեղ խմի.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter