HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Բունի. Կոմիտասի հայտնի աշակերտի մասին արխիվային նյութեր է հրապարակում նրա ազգականը

Տակառագործ Լևոն Բիշարյանը սեղանին է դնում իր տատիկի եղբոր՝ կոմպոզիտոր, դիրիժոր, Կոմիտասի աշակերտ Վարդան Բունիաթյանի՝ Բունիի մասին փաստաթղթերը: Ասում է՝ ցավում է, որ այսօր դասական երաժշտությունն ավելի քիչ է գնահատվում, քան ռաբիսը, որ ժողովրդական արտիստի կոչում են ստանում անտաղանդ երգիչները, մինչդեռ դասականի մասին մոռանում են:

Փաստաթղթերը Լ. Բիշարյանին են հասել հոր մահից հետո: Բունին եղել է վարպետ Լևոնի հայրական տատի եղբայրը: «Բունիի մայրը մահացել էր, և հայրը երկրորդ անգամ էր ամուսնացել: Այսինքն՝ տատս և Բունին հորից մեկ են, մայրերից՝ տարբեր»,- նշում է Լ. Բիշարյանը:

Բունին ծնվել է Վաղարշապատում 1888 թ.-ին: Նրա հայրը՝ Եգոր Բունիաթյանը, եղել է Էջմիածնի մայր տաճարի փորագրիչներից: Լ. Բիշարյանն ասում է, որ իր մեծ պապի աշխատանքները պահպանվել են Մայր տաճարի մոտ: Նա նաև կաթողիկոսների տապանաքարեր է փորագրել: Միևնույն ժամանակ Եգոր պապն աշխատում էր Էջմիածնի տպարանում: Այնտեղ տառեր էր փորագրում: Դա 1915 թվականն էր:

«Տատս պատմում էր, թե այդ սովի, գաղթի տարիներին Եգոր պապս ոնց էր օգնել գաղթականներին: Եկեղեցու զանգերն օրուգիշեր խփում էին, որ ժողովուրդը գնա Սարդարապատի կռվին: Եկեղեցու բակը գաղթականներով էր լցվել, ամեն հիվանդություն կար: Պապս տպարանից կտրոն էր բերում: Տպարանի կնիքն ինքն էր արել, ոչ օրինական ճանապարհով կտրոններ էր բաժանում գաղթականներին՝ ալյուր, հաց ստանալու համար» ,-պատմում է Լևոն Բիշարյանը:

Բունին սովորել է Գևորգյան ճեմարանում: Երգել է Կոմիտասի երգչախմբում: Նրա մասին հիացական կարծիք է հայտնել կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը: «Կովկասում արևելյան նվագախմբի դիապազոնի ընդլայնման գաղափարի առաջին իրագործողն արևելյան երաժշտության ստուդիան է, ի դեմս ստուդիայի հիմնադիր և դասատու Վարդան Բունիի»,- ասել է Ալ. Սպենդիարյանը (նրա կարծիքը զետեղվել է Բունիի Արևելյան սիմֆոնիկ նվագախմբի մասին գրքում, 1934 թ., Մոսկվա): Կոմպոզիտորը նշել է, որ բավականությամբ են լսում տենոր և բաս ձայները, որոնք մինչ այդ չկային այդպիսի նվագախմբերում, և որ այն բավականին լրացնում է հնչեղությունը:

Վարդան Բունիաթյանի նորարարությունը

1921 թ. Բունին հիմնել է Կովկասում առաջին՝ Արևելյան ժողգործիքների սիմֆոնիկ նվագախումբը: Ժողովրդական լարային և փողային մի շարք նվագարանների, այդ թվում՝ թառի, քամանչայի, սազի, դուդուկի, զուռնայի բասային և բարիտոնային հնչողությամբ տարատեսակներ է ստեղծել: Դուդուկի մասին մի շարք հոդվածներում կարող ենք հանդիպել Վ. Բունիի անվանը: Այսօր բոլորիս հայտնի դուդուկը, ըստ որոշ հոդվածների, 1920-ական, որոշների փոխանցմամբ էլ՝ 1930-ական թթ. վերամշակել է Վարդան Բունին: Կոմպոզիտորը ժողգործիքների բազմաձայն հնչյունածավալը մեծացնելով՝ այն մոտեցրել է սիմֆոնիկ նվագախմբի հնչողությանը:

«Ցավալի է, որ այս ամենն ունեցել ենք, իսկ թուրքաարաբական կլկլոցն է հնչում: Մի օր չեմ տեսել վրացիների մոտ, որ թուրքական բան վերցնեն-երգեն: Մերը, ոնց որ, կեղտոտվել է, մաքրել է պետք»,- նկատում է Բունիի ազգականը:

Լ. Բիշարյանն ասում է՝ 58 տարեկան է, բայց այս տաիներին չի լսել, որ հեռուստատեսությամբ, ռադիոյով մի անգամ գոնե հնչեցվի Վարդան Բունիի անունը: Ափսոսում է, որ նման հարուստ երաժշտական անցյալն այսօր չենք կարողանում օգտագործել:

Բունիի արխիվային նամակներից մեկը

Խորհրդային իշխանությունների կողմից, սակայն, Բունիի և նրա ղեկավարած նվագախմբի նկատմամբ ոչ բարեկամական մթնոլորտ էր ստեղծվել: Կոմպոզիտորը Հայաստանում Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին ուղղված նամակում գրել է իր հուսահատ վիճակի մասին:

Բունին նշել է, որ 1925 թ. Երևանում առաջին անգամ ստեղծել է Հայկական վերականգնողական սիմֆոնիկ նվագախումբը, որտեղ ուսանել են այն ժամանակ հայտնի համույթների ղեկավարներն ու լավագույն մենակատարները: 1936 թ. նվագախումբը լուծարվել է այն պատճառաբանությամբ, որ կասեցնում է Եվրոպական սիմֆոնիկ նվագախմբի աճը:

«Վերջին 12 տարիներին իմ ստեղծագործություններից ոչ մեկը չի կատարվել ոչ ռադիոյով, ոչ էլ Հայֆիլհարմոնիայի կողմից: Նման վերաբերմունքը ողբերգական հարված է կոմպոզիտորին»,- գրել Վ. Բունին:

Այնուհետ նա նշել է, որ Հայաստանի երաժշտական ֆոնդն իր հետ որևէ ստեղծագործական պայմանագիր չի կնքել, Սովետական Հայաստանի կոմպոզիտորների միությունում երկու անգամ դրվել է իր հեռացման հարցը:

«Ես վստահ եմ, որ դեռ կարող եմ օգտակար լինել հայրենիքին՝ ունենալով գիտելիքներ և էներգիա: Մինչդեռ հիմա գտնվում եմ ամբողջապես պարապության մեջ, հուսահատ վիճակում»,- նամակն այսպես է ավարտել Բունին:

Ինչո՞ւ այսօր չի հնչեցվում Բունիի երաժշտությունը

Այս հարցն է տալիս Լ. Բիշարյանը՝ ասելով, որ խնդիրը ոչ թե իր բարեկամ լինելն է, այլ իրական արվեստագետների անտեսված լինելու հանգամանքը:

«Հայերը միշտ սիրում էին կրկնօրինակել ուրիշներից: Բունիի թողած ժառանգությունը ոչ թե կորցրեցին, այլ միտումնավոր չզբաղվեցին դրանով, չփորձեցին շարունակել: Խնդիրը դա է: Գուցե արգելվել է, որ սարքեն: Երաժշտական աշխարհում էլ նախանձներ կան, գուցե մեկին պետք չէր դա: Բայց երբ կարդում ես նրա մասին, տեսնում ես, որ ամբողջ Սովետական Միությունով համերգային շրջագայությունների է գնացել: Փոքր մարդ չի եղել»,- ասում է զրուցակիցս:

Բունիի մասին համացանցում նշվում է նաև, որ նրա ստեղծած երաժշտական գործիքներն օգտագործվում են Դաղստանում և Տաջիկստանում, իսկ նմուշները պահվում են Սանկտ Պետերբուրգի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտի թանգարանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter