HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցիներին կոչ են անում մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքին

Գյումրիում այսօր հանրահավաք էր անցկացնում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը։ Մինչեւ Թատերական հրապարակում նշանակված հավաքի սկիզբը, ճակատի անդամներն ու նրանց համակիրները ոտքով շրջեցին Գյումրու կենտրոնական փողոցներում՝ կոչ անելով գյումրեցիներին միանալ իրենց: Չնայած հնչած կոչերին` Թատերական հրապարակում շատ քիչ թվով գյումրեցիներ կային. հիմնականում տարեցներ էին:

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը հայտարարեց, թե Գյումրին այն քաղաքն է, որ բազմիցս ապացուցել է իր արժանապատվությունը՝ «ոչ» ասելով նախագահական ընտրություններում գործող նախախագահին, եւ «այո»  ասելով Րաֆֆի Հովհաննիսյանին:

 «Մենք նորից եկել ենք Գյումրի` ամփոփելու մեր քարոզարշավը, եւ մենք շատ լավ գիտենք, որ Գյումրիում «այո» գոյություն չունի սահմանադրական փոփոխություններին: Բայց մենք եկել ենք ձեզ ասելու, որ ոչ միայն սահմանադրական այս փոփոխություններին, այլեւ հանցավոր ռեժիմին ենք ասում «ոչ»: Հայաստանի քաղաքական օրակարգում 2008թ-մարտի 1-ից հետո կա մեկ հարց՝ երբ է գալու մարտի 2-ը: Երբ է ժողովուրդը ոտքի կանգնելու եւ հեռացնելու հանցավոր ռեժիմին, անմարդկային, ապազգային ռեժիմին: Փոփոխությունների ժամանակը մոտեցել է, ժողովո’ւրդ, ռեժիմն ինքը ձեռնարկել է մի ծուղակ, որ կոչվում է «Սահմանադրական փոփոխություններ», փորձում է ոչ թե կայունացում բերել մեր երկրին, այլ կայունացնել կուսակցապետությունը՝ վիրահատություն կատարելով հիվանդ մարմնի վրա, այսպես ասած»,- հայտարարեց Գարեգին Չուքասզյանը:

Գարեգին Չուքասզյանը գյումրեցիներին հրավիրեց Երեւան՝ մասնակցելու դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք համապետական հանրահավաքին:

Հավաքի մասնակիցներին ողջունեց նաեւ Պետրոս Մակեյանը՝ նշելով, որ ստեղծվել է ռեալ հնարավորություն՝ «սկսել եւ հաղթել» առաջիկա գործընթացներում: «Մենք եղել ենք բոլոր մարզերում եւ տպավորությունը այն է, որ ժողովուրդը զզված է այս վարչախմբից, կարելի է ասել, որ համբերության բաժակը լցվել է: Կա ատելություն, բայց կա նաեւ հուսահատություն: Սակայն պետք է դեկտեմբերի 1-ին հավաքվենք եւ քայլեր կատարենք, եւ ցույց տանք, որ դեկտեմբերի 6-ին չի իրականանալու իրենց գրած սցենարը»:

«Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ցանկացած խնդիր լուծելու համար ժամանակ է պահանջվում. «Խնդիրն այստեղ այո-ի եւ ոչ-ի մեջ չի, խնդիրն անգամ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի մեջ չի, մենք իրանց դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք Հայաստանի Հանրապետության համար: Եթե իրենք կարողանային փոքրիշատե որեւէ խնդիր լուծել, կասեինք օգնենք իրանց մնացած խնդիրներն էլ լուծեն: Ժողովրդական խոսք կա, որ ասում է մեղր ծախողը պիտի մատը լպստի: Եթե իրենք այդ քայլերով առաջ գնային՝ կասեինք մի աչքներս խուփ օգնենք, շարունակենք երկիրը զարգացնեն, բայց ցավն այն է, որ իրենք ոչ թե մեղր են ծախում ու մատն են լպստում, այլ ինչպես վաղամեռիկ Մանուկ Գասպարյանն էր ասում՝ մեղրի բոչկեն կուլ են տալիս՝ օղակն էլ հետը: Դա է վատը: Իրենք ոչ թե գործի կեսը անում են եւ մնացած կեսի համար աջակցություն է պետք, իրենք այնպես են անում, որ որեւէ գործ չլինի»:

Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց ներկաներին համախմբվել եւ դեկտեմբերի 1-ից սկսել քաղաքացիական, խաղաղ անհնազանդության ակցիաները՝ վստահեցնելով, որ հաղթանակը անտարակույս ժողովրդինն է լինելու:

Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ելույթ ունեցան նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter