HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Նոր մեդիա. տեխնո երաժշտություն, վավերագրություն և հետաքննություն միաժամանակ

Դահլիճը մթնում է, հետո լռություն է: Մի քանի երիտասարդներ ձայնային վահանակն են տեղադրում, իսկ քիչ հետո դիջեյը սկսում է տեխնո երաժշտության ռիթմեր տալ: Սկզբում պարելու ցանկություն ես ունենում, հետո միացվում է մոնիտորը, որի պատկերները հուշում են, որ ակումբային երաժշտությունը պիտի զուգորդվի մի կարևոր պատմությամբ: Այսպես սկսվում է Եվրոպայում անօրինական փախստականների մասին մեդիա հետաքննության ներկայացումը:

Այս ներկայացման երաժշտության, գրաֆիկայի և տեսանյութերի համադրումը դիտողի համար զգացական ուժեղ շեշտադրումներ է անում փախստականների ճակատագրի, աշխարհայացքի ու դժվարությունների վերաբերյալ:

€urovisions. այսպես է կոչվում կենդանի ներկայացումը, որը, գործածելով մեդիայի միանգամայն նոր և այլընտրանքային մեթոդները, ներկայացնում է փախստականների՝ Եվրոպա հասնելու ճանապարհները, դրդապատճառները, ունեցած դժվարություններն ու ինտեգրման փորձերը: Ներկայացումը հիմնված է բազմաթիվ արխիվային և վավերագրական տեսագրությունների վրա, որոնցից մեկում, օրինակ, ցույց է տրվում, թե ինչպես են մարդիկ Եվրոպա հասնում մեծ բեռնատարի տակ թաքնվելով: Այնուհետև անդրադարձ է արվում փախստականների համար նախատեսված ճամբարին: Վավերագրողը մի քանի տեսախցիկ է բաժանել ներսում գտնվողներին, ովքեր միմյանց նկարահանել են, վերջում վերադարձրել արդեն նկարահանված նյութը: Փախստականները կարծիք են հայտնում մարդու իրավունքների, իրենց երկրի, եվրոպական արժեքների վերաբերյալ:

€urovisions նախագիծը ստեղծվել է 4 երիտասարդների նախաձեռնությամբ. նրանք աշխարհի տարբեր ծայրերից են, բայց ապրում են Եվրոպայում:

Խմբի անդամներից Ֆարահ Ռահմանը զբաղվում է վիդեոարտով, նրա աշխատանքները հիմնված են արևելյան Վաբի-Սաբի փիլիսոփայության վրա: Կարոլ Ռակովսկին երաժիշտ է, աշխատում է արվեստի ու մեդիայի միջև եղած սահմանները վերացնելու սկզբունքով: Մալավենտուրան էքսպերիմենտալ էլեկտրաերաժշտության մասնագետ է, ստեղծում է նաև համակարգչային ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է համադրել տեսանյութը, գրաֆիկան ու երաժշտությունը: Նորիկո Օկակուն խմբի գրաֆիկական դիզայներն է և անիմատորը: Նա հիմնականում գտնում է արխիվային, արդեն գոյություն ունեցող նյութեր, որոնց համադրումից մեկ այլ պատմություն է ստանում:

Նախագիծը ֆինանսավորում է “Doc Next Network”-ը, որի շնորհիվ նախաձեռնության անդամները կարողանում են հանդիպել, ստեղծագործել, ինչպես նաև՝ մասնակցել մի շարք աշխատանքային սեմինարների ու փառատոնների:

€urovisions-ի անդամներից Ֆարահ Ռահմանին հանդիպեցի Բեռլինում՝ մեդիա հավաքներից մեկի ժամանակ: Նա խմբի երկու անդամների հետ մեդիա մասնագետներին ու լրագրողներին էր ներկայացնում €urovisions-ը՝ որպես այլընտրանքային մեդիա հետաքննություն: Ֆարահի հետ զրուցեցինք նախագծի, դրա միջոցով հասցվող մեդիա հաղորդագրությունների ու ստեղծման գաղափարի մասին:

Փախստականների խնդիրները լուսաբանում եք տեխնո երաժշտության, գրաֆիկայի և վիդեոյի համադրությամբ: Արդյո՞ք տարօրինակ միտք չէր սա ձեզ համար:

Կարծում եմ՝ նման նյութի երաժշտական ձևավորումը կապված է մեր արտիստ լինելու հետ: Մեզնից յուրաքանչյուրի կրթությունն ու աշխատանքն ավելի շատ արվեստի հետ է կապված. մեզնից ոմանք երաժշտություն են գրում, ոմանք՝ ակումբային բեմերից են գալիս: Մինչև աշխատանքը սկսելը մենք միմյանց չէինք ճանաչում. ոչ ոք պատկերացում չուներ, թե ինչ է ստացվելու վերջում: Բոլորս արտիստներ ենք, բայց տարբեր երկրներից, քաղաքներից, տարբեր ազգային պատկանելությամբ: Իհարկե, սա կարծես մի մեծ արկած լիներ, որին ես պիտի միանայի:

Ինձ շատ է գրավում մեր ներկայացման կենդանի կատարում ֆորմատը, քանի որ պատմությունը մասնատված է մի քանի հոգու միջև, և ամեն անգամ այդ պատմությունը կարող է տարբեր կերպ հնչել: Բացի այդ՝ ունկնդրի հետ շփման մեջ լինելը շատ կարևոր է, մանավանդ, երբ խոսում ես այնպիսի թեմայի մասին, որը պետք է որ շատերին հուզի:

Իսկ ո՞վ է ձեր խմբում լրագրողական թեմաներն ընտրողը կամ առաջարկողը:

Դա նույնպես ստեղծագործական մասի մեջ է մտնում, ինչը մենք բոլորով ենք անում: Առաջին մի քանի օրը մենք ուղղակի հավաքվել էինք ու միմյանց մեր աշխատանքներն էինք ցույց տալիս, որ բոլորս էլ հասկանանք, թե ով ինչի է ի վիճակի: Թեմայի ընտրության հարցում մեզ հիմնականում ոգևորել է “Zemos98” կազմակերպության մշակութային փառատոնը, որին ներկա են լինում այլընտրանքային արտիստներ, հնչեցնում են քաղաքական «միքսեր», որոշ գիտնականներ պատմում են, թե ինչպես պետք է աշխատել արխիվի, վավերագրական նյութերի հետ և այլն: Փառատոնի աշխատանքային հանդիպումներից մեկը, որը վարում էր Թոնի Սերան, շատ ոգևորիչ եղավ մեզ համար:

Նա մեզ ցույց տվեց տեսանյութեր սահմանամերձ համայնքներում գտնվող անօրինական փախստականների մասին: Այդ տեսանյութերից մեկը նույնիսկ ներառված է մեր ներկայացման հենց ամենասկզբում: Այստեղ լրագրողը չի նկարահանել տեսանյութը, նա տեսախցիկը տվել է ճամբարում բնակվողներին, մարդիկ նկարել են իրենք իրենց, որից հետո լրագրողը գնացել և վերցրել է տեսախցիկը: Սա այլ լրագրություն է, ինչը ահագին ոգևորիչ է: Սկզբում մտածում էինք վիդեոքարտեզագրում կանենք, գեղեցիկ վիզուալ գրաֆիկներ, բայց հետո հասկացանք, որ ոչ. պատմությունն ավելի կարևոր է: Իսկ պատմությունը հենց վավերագրական տեսանյութերն էին, որ ունեինք:

Փառատոնից հետո այցելեցինք “flea market” (հայտնի շուկաներ Եվրոպայում, որտեղ վաճառում են հին իրեր,-հեղ.), գնեցինք արխիվային ֆոտոժապավեններ, հին աուդիոձայնագրություններ, երաժշտական սկավառակներ, որով էլ սկսեցինք աշխատանքը: Այսպիսով՝ մեր աշխատաոճն արդեն նմանվում էր. ստեղծել նոր և այլընտրանքային գործ՝ գործածելով հին և արդեն օգտագործված նյութը:

Ովքե՞ր են ձեր ունկնդիրները կամ ակնդիրները: Մտածե՞լ եք, երբևէ, թե ում է հետաքրքրելու պատմության նման ներկայացումը:

Իրականում՝ ոչ: Մենք կարծում ենք, որ սա բոլորի համար է: Մինչ “€urovisions”-ը մենք մեկ այլ ներկայացում էլ ունեինք, որտեղ երաժշտությունն ու տեխնոն ավելի շատ էին: Պրեմիերայի ժամանակ՝ Ամստերդամում, մարդիկ ասում էին՝ որքան աղմկոտ է: Այսինքն՝ մի քիչ տարօրինակ է, դու նստած ես, պիտի նայես, բայց պարելու ցանկություն ես ունենում: Անկեղծ ասած՝ նախորդ ներկայացումը “€urovisions”-ի համար փորձարկում էր կարծես թե: Առաջինը նույնպես հետաքրքիր է, բայց երկրորդն ավելի կատարելագործված է: Ներկայացման ժամանակ ես սիրում եմ նայել հանդիսատեսի դեմքին, քանի որ մարդիկ տարբեր են, նրանց ընկալումներն են տարբեր: Ինձ հետաքրքիր է տեսնել ոչ ավանդական մեդիա արտադրանքի ազդեցությունը մարդկանց վրա:

Լուսանկարները՝ Zemos98-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter