HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյան. «Ամեն ինչ էլ կարելի է գրել, սակայն եթե դու չես լինելու դրա պատասխանատուն ու կրողը, ապա դա անիմաստ է»

Լիլիթ Թադևոսյան

«Իհարկե, կարող էինք ունենալ այլ մարտավարություն ու հավակնոտ նիշ դնել, սակայն հետո պետք է հիմնավորել՝ ինչու չկարողացանք հիմնավորել այդ ցուցանիշները, մենք ցանկացել ենք լինել անկեղծ»,- այսօր 2016 թ. պետական բյուջեի լրամշակված և փոփոխված նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ նախորդ տարվա վերջին տնտեսությունը հայտնվեց համաշխարհային տնտեսական մարտահրավերների առջև, և այսպիսի պայմաններում իրենք չունեն այլընտրանք, քան համահունչ ճշգրտումներ անել ծրագրում:

«Արտաքին շոկերը մեր տնտեսական կայունության վրա ազդեցություն ունեցան, բերեցին գնողունակության նվազեցման, որն իր հերթին բացասական ազդեց մեր արտահանման ծավալների վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նշեց, որ հաճախ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով քննարկում են կառավարությանն ուղղված միջազգային վարկերի թեման, իսկ այդ վարկերը քննարկվում ու համաձայնեցվում են տևական ժամանակ, այլ ոչ թե այսրոպեական քմահաճույքով, քանի որ դրանք ուղղված են լինելու տասնամյակներին:

Վարչապետի խոսքերով՝ այդ վարկերը բյուջետային փոսերը լցնելու համար չեն, այլ բարեփոխումների աջակցության համար:

Այնուհետև Աբրահամյանն ասաց, որ շատ հաճախ իրեն ասում են, թե ինչու մենք չենք կարողանում լիարժեք օգտվել ՌԴ շուկայից ու չի ավելանում արտահանումը:

«Չպետք է մոռանալ, որ կառավարությունը չի արտահանում, այլ մասնավոր հատվածը, իսկ մենք ընդամենը ստեղծում ենք բարենպաստ պայմաններ, գործիքներ՝ արտահանումը կազմակերպելու համար: Նոր աշխարհաքաղաքական իրավիճակում մեր գործարարները չունեին բավարար ներուժ՝ դա իրագործելու համար: Պետք է խելամիտ ժամանակահատվածում տեսականին ու գնային քաղաքականությունը փոխել ու ակնթարթային հաջողություններ չակնկալել ու շարժվել ժամանակին համահունչ»,- ասաց վարչապետը:

Աբրահամյանը նաև նշեց, որ ամեն ինչ էլ կարելի է գրել, սակայն եթե դու չես լինելու դրա պատասխանատուն ու դրա կրողը, ապա դա անիմաստ է: Վարչապետի խոսքերով՝ պետք է ներառել բոլոր առողջ ուժերն ու ողջամիտ առաջարկները, իրենց գործողությունները պետք է լինեն հանդուրժողականության հիման վրա ու որոշումների անշեղորեն կատարման վրա հիմնված:

«Մենք ունենք քաղաքական կամք՝ այն իրագործելու համար: Վստահ եմ, որ միասին կշենացնենք մեր Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter