HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վկայի հարցաքննությունը կիսատ մնաց. դատաքննությունը շարունակաբար ձգձգվում է

Ամերիկահայ բարերար Ջորջ Նաջարյանի գույքին խարդախությամբ տիրանալու համար Գրիգոր Իգիթյանին առաջադրվել է մեղադրանք:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Ժորա Վարդանյանի նախագահությամբ ապրիլի 2-ին շարունակվեց ընդհատված դատավարությունը:

Դատաքննության ընթացքում շուրջ 4 ժամ հարցաքննվեց շինարարական գործունեություն իրականացնող «Լիեդռո» ՍՊԸ-ի տնօրեն, գործով վկա Էդուարդ Կորկոտյանը: Նա պատմեց, որ 2002 թվականին Գ. Իգիթյանի առաջարկով ստանձնել է Երեւանի Ձորագյուղ ազգագրական թաղամասում գտնվող թիվ 4 եւ 11/12 կիսակառույց շենքերի շինարարությունը: Է. Կորկոտյանը միաժամանակ վերացրել է նաեւ նախկին շինարարների կատարած աշխատանքների թերությունները: Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ից Երեւան է ժամանել Ջ. Նաջարյանը եւ ցանկություն հայտնել վերոհիշյալ երկհարկանի շենքերի վրա ավելացնել եւս մեկական հարկեր: Ամերիկահայ բարերարը դժգոհել է ոչ միայն նախկին շինարարների աշխատանքների որակից, այլեւ կատարված հսկայական ծախսերից:

«Ջ. Նաջարյանը Գ. Իգիթյանին ասաց` ես ճարտարապետ կվարձեմ, դու այլեւս այս հարցերով չզբաղվես»,- դատարանին տեղեկացրեց վկա Է. Կորկոտյանը:

Շուտով Ամերիկայից Հայաստան է եկել ճարտարապետ Գրիգոր Նազարյանը, եւ շինաշխատանքների հսկողությունն ու ֆինանսավորումն իրականացվել է արդեն նրա միջոցով:

Վկան դատարանում նշեց, որ կատարված աշխատանքների համար Գ. Իգիթյանից ստացել է մոտ 42000 ԱՄՆ դոլար: Սակայն, Ջ. Նաջարյանին հաշվետվություն ներկայացնելու համար, Գ. Իգիթյանի պահանջով ստորագրել է ստացական 80 950 դոլարի դիմաց:

«Ակնոցներս մոտս չէին: Ես չէի կարող ստուգել, թե Գ. Իգիթյանի մոտ եղած գրառումներում ինչ է նշված: Հավատալով նրան` ստորագրեցի: Հետո գնացի տուն, ստուգեցի իմ մոտ եղած գրառումները եւ պարզեցի, որ ստացականում նշված գումարը 2 անգամ ավելի է կատարված ծախսերից: Պարզաբանման համար անմիջապես զանգահարեցի Գ. Իգիթյանին: Նա ասաց, որ այդ թուղթը հետեւանք չունի եւ ոչ մի դեր չի կատարելու: Հետագայում` նախաքննության ժամանակ, իմացա, որ Գ. Իգիթյանն այդ ստացականն օգտագործել է»,- պատմեց Է. Կորկոտյանը:

Վկան նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ Գ. Իգիթյանից ստացել է 36 450 ԱՄՆ դոլար, ինչը հակասում էր դատարանում տված նրա վկայությանը: Այս կապակցությամբ հարցերին ի պատասխան` Է. Կորկոտյանը մի քանի անգամ շեշտեց. «Նախաքննության ժամանակ ձեռքիս տակ եղել են փաստաթղթեր եւ, ըստ դրանցում եղած տվյալների, հարցերին տվել եմ պատասխաներ: Հիմա այդ թղթերը չկան, եւ թվերը նշում եմ մոտավորապես»,- պարզաբանեց նա:

«Վկան ակնհայտ սուտ ցուցմունքներ է տալիս»,- հայտարարեց մեղադրյալի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը եւ ավելացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է:

Դատավոր Ժ. Վարդանյանի նկատողությունը չուշացավ. «Դուք իրավունք չունեք իրավական գնահատականներ տալ վկայի ցուցմունքներին եւ գործում եղած ապացույցներին»:

Է. Կորկոտյանը դատարանում ասաց, որ իր իմանալով հիշյալ 2 շենքերն էլ պատկանում են Ջ. Նաջարյանին, եւ շինարարության ֆինանսավորումը կատարվում էր հենց նրա կողմից: Վկան հիշեց նաեւ, որ խոսակցություններից մեկի ժամանակ Գ. Իգիթյանն ասել է, թե Ջ. Նաջարյանը խոստացել է թիվ 11/12 շենքի 2-րդ հարկի մի մասը տալ իրեն:

Դատավորը Կրոմվել Գրիգորյանի` վկային ուղղված հարցերի մի մասը հանեց: Դրանցից որոշները կրկնվում էին, որոշներն էլ, ըստ Ժ. Վարդանյանի, առաջադրված մեղադրանքի հետ կապ չունեին:

Ամբաստանյալի փաստաբանը Է. Կորկոտյանի հարցաքննության ժամանակ շոշափեց նաեւ նրա կողմից ղեկավարվող ՍՊԸ-ի գործունեությանն առնչվող խնդիրներ եւ նշեց, թե վկան խուսափել է հարկեր վճարելուց: Կ. Գրիգորյանն ասաց, որ իրենք այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու գործընթաց են նախաձեռնելու:

Դատավորը կրկին նկատողություն արեց պաշտպան Կ. Գրիգորյանին` ընդգծելով, որ նա սպառնում է վկային եւ փորձում ճնշում գործադրել վերջինիս վրա:

«Այս բոլոր հարցերը նախաքննության ընթացքում քննարկվել են, եւ նման գնահատական չի տրվել: Որովհետեւ այն, ինչ ներկայացնում է պաշտպանության կողմը, իրականությանը չի համապատասխանում: Պարզապես այս կերպ ուզում են ազդել, ճնշումներ գործադրել վկայի վրա` իրենց ձեռնտու ցուցմունքներ կորզելու համար,- դատաքննությունից հետո մեզ հետ զրույցում ասաց Ջ. Նաջարյանի շահերի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը եւ հավելեց,- պաշտպանության կողմի հարցաքննությունը կորակեի որպես ֆարս: Սա նրանց որդեգրած քաղաքականությունն է, որ տարվում է արդեն 2-3 տարվա ընթացքում. հետաձգել գործի քննությունը»:

Իսկ դատավարությունն այս անգամ էլ ընդհատվեց կրկին մեղադրյալի պաշտպանի միջնորդությամբ: Կ. Գրիգորյանը թեեւ նշեց, որ վկային դեռեւս բազմաթիվ հարցեր ունի տալու, սակայն դատավորին խնդրեց հետաձգել դատը: Վկայի հարցաքննությունը պետք է շարունակվեր ապրիլի 5-ին: Բայց նշյալ օրը դատական նիստը չկայացավ` դարձյալ պաշտպանության կողմի նախաձեռնությամբ: Ընդ որում` մեղադրող կողմն ու Ջ. Նաջարյանի ներկայացուցիչը նախապես չէին տեղեկացվել եւ միայն դատարանում իմացան, որ դատը հետաձգվել է: Դատաքննությունը պետք է շարունակվի ապրիլի 10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter