HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտուն Գրիգորյանը կարծում է, որ գյուղատնտեսության վերաբերյալ օրենքների հրատապ քննարկման տակ մի բան կա

Լիլիթ Թադևոսյան

«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի այսօր կայացած քննարկման ժամանակ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը կասկածի տակ առավ օրենքի հրատապության կարգով քննարկումը՝ ասելով, որ դրա տակ մի բան կա:

Պատգամավորն իր ելույթում ասաց, որ առաջին օրվանից իրենք՝ հանձնաժողովի անդամներով, տարբեր առիթներ օգտագործել են ու հարց բարձրացրել գյուղատնտեսության մասին օրենքի անհրաժեշտության վերաբերյալ և իրենց ամեն քննարկման ժամանակ հավաստիացրել են, որ այն ընթացքի մեջ է:

«Այն, որ մեր հանձնաժողովի փորձագետը գյուղատնտեսության նախարարության հետ աշխատել է այս ընթացքում, այս նախագծի վրա՝ դա պարզ է, բայց մենք սպասում էինք, որ այս նախագիծը քննարկվի հենց գյուղատնտեսության հանձնաժողովում և տեղում հասկանայինք՝ խոսքն ինչի մասին է: Ու այսօր այս շտապողականության իմաստը կոնկրետ ես չեմ տեսնում: Այս շտապելու իմաստը ո՞րն է, որ մենք էդքան տարի սպասեցինք, էդքան տարի հորդորեցինք, էդքան տարի պայքարեցինք, որ այս օրենքը գար ԱԺ, և այսօր արտահերթ ռեժիմով մտել է՝ երեք քննարկում, ու կոնկրետ մենք՝ հանձնաժողովը, այս պահին ոնց որ թե պատրաստ չէ, քանի որ մենք նոր ենք ստացել այս վերջնական նախագիծը»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:

Վերջինս՝ որպես ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, առաջարկում է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել, երկրորդ ընթերցումը թողնել մյուս տարի՝ մինչ այդ հանրային լսումներ կազմակերպելու համար բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: 

Նրա խոսքերով՝ ինքն այն տպավորությունն ունի, որ այս նախագծով փորձ է արվում գյուղատնտեսությունը տանել դեպի հարկային դաշտ, որը, բնականաբար, շատ բացասական կանդրադառնա:

Նա նշեց, որ այսօր հիմնականում բյուջեն ապահովում է մեր գյուղատնտեսությունը, և այդ աճը գյուղատնտեսությամբ է ապահովված: «Այս պարագայում այս հապշտապ նախագծերը՝ բոլորիս համար հարցականներով ու կասկածներով ընդունվող, վաղը մյուս օրը մտահագություն ու վախ կարող է առաջացնել նաև գյուղացիների մոտ, որ սրանով փորձ է արվում հարկային դաշտ մտցնել և հարկել գյուղատնտեսությունը, որն էլ կարող է նորից առիթ հանդիսանալ, որ մարդիկ հիասթափվեն և հրաժարվեն զբաղվել գյուղատնտեսությամբ»,- ասաց պատգամավոր Գրիգորյանը:

Ապա հույս հայտնեց, որ այդ մասին պատգամավորները կմտածեն: «Ես նաև խնդրել եմ ԱԺ նախագահին, որ փորձենք այս հարցը քննարկել և այնպես անենք, որ առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցումը և երրորդ ըթներցումն այս ընթացքում չլինեն: Եթե քննարկումը շարունակվի, և երկրորդ, երրորդ ընթերցումը լինի, ես անձամբ՝ որպես հանձնաժողովի նախագահ, կքվեարկեմ ձեռնպահ»,- եզրափակեց Մարտուն Գրիգորյանը:

Պատգամավորի խոսքին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ հրատապության տակ ոչ մի վտանգ չակ, բայց քննարկումը շատ անհրաժեշտ է:

«Պետք է ցանկացած օրենսդրական նախաձեռնություն հնարավորինս շատ քննարկենք և մանրամասն, բայց հրատապության և կառավարության գործունեության մեջ պետք չի որևէ վտանագավոր բան տեսնել: Ընդհակառակը, կառավարության հրատապությունը պայմանավորված է  նրանով, որ այս օրենքների ընդունումը մեզ համար հույժ կարևոր է»,- ասաց Շարմազանովը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter