HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տնտեսական մրցակցություն, կամ՝ ինչպե՞ս խեղդել փոքր բիզնեսը Հայաստանում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող միակ մարմինն է, որի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և այլն: Թե հանձնաժողովի գործունեությունը որքանով է նպաստել Հայաստանում տնտեսության զարգացմանը պարզ չէ, սակայն հստակ է մի բան. փոքր ու միջին բիզնեսը վերանում է, փոխարենը էլ ավելի են զարգանում խոշորները: 

Փոքր խանութների և սուպերմերկետների հարցը դեռևս մեկ տարի առաջ քննարկվել է Ազգային ժողովում՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ:

Պատգամավոր Հեղինե Բիշարյանը հարց առաջադրեց, թե խանութները ազատ մրցակցության դաշտում չեն, որովհետև սնկի պես աճում են խոշոր սուպերմարկետները, և սնկի պես գլխատվում են մանր խանութները, որոնք այդ մրցակցությանը չեն դիմանում։ 

Պատգամավորի մտահոգությանն ի պատասխան՝ Արտակ Շաբոյանն այդ ամենը օբյեկտիվ երևույթ համարեց, սակայն ընդունեց, որ խոշոր խանութները տեսնելով, որ տվյալ վարչական շրջանում իրենք միակն են, հիմնականն են, իրենց պայմանները կարող են թելադրել իրենց մատակարարների նկատմամբ, տարբեր տնտեսվարողների նկատմամբ։ «Այս տեսանկյունից կան մրցակցության լուրջ խնդիրներ»,-ասաց Ա. Շաբոյանը։ 

Ամեն տարի Արտակ Շաբոյանի հանձնաժողովին հատկացվող ֆինանսավորումն ավելանում է, սակայն նույն տեմպերով չի նվազում հակամրցակցությունը, գերիշխող դիրքի չարաշահումը, օրինակ՝ շաքարավազի մենաշնորհը: Պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող գումարների առյուծի բաժինը հատկացվում է Շաբոյանի ու նրա աշխատակազմի աշխատավարձերի ու այլ հավելավճարների վճարմանը: 

Դեռևս տարիներ առաջ «Հետքը» գրել էր, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանձնաժողով է բերել իր մտերիմներին և ծանոթներին, ովքեր աչքի են ընկնում «իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ դրսևորած առավել բարձր արդյունավետությամբ և որակով», ինչն էլ հիմք է հանդիսանում պարգևավճարներ ստանալու համար: Գրեթե նույն գործելաոճը շարունակվում է այսօր:

TMPPH
Create bar charts

Ինչու՞ չեն փոխվում հանձնաժողովի որոշումները 

Ճիշտ է, առկա իրավիճակը մի քայլ առաջ է այն իրավիճակից, երբ ընդհանրապես տնտեսական մրցակցությանը վերաբերող օրենսդրություն չունեինք, բայց կան որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են մրցակցության պաշտպանության օրենսդրության նորմալ գործողությանը և այն անձանց իրավունքներին, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են ՏՄՊՊՀ-ի հետ, ենթարկվում վարչական պատասխանատվության:

Փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը եթե ոչ ամենաբարձր, ապա բարձր տուգանքներ նախատեսող օրենքներից է: Հանձնաժողովն ունի հայեցողության շատ մեծ շրջանակ, թե ինչ չափի պատասխանատվության պետք է ենթարկվի տնտեսվարողը:

«Մի կողմից ունենք հնարավոր տուգանքների շատ մեծ չափեր, մյուս կողմից՝ հայեցողության մեծ հնարավորություն: Այս ամենի արդյունքում առաջանում են վարչական ակտեր և դրանց իրավաչափության, օրինականության տեսանկյունից հասցեատիրոջ մոտ կասկածներ են առաջացնում, և անհրաժեշտություն է առաջանում դրանց դատական վերանայման համար: Այստեղ մեր օրենսդրությունը, մասնավորապես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը լուրջ խնդիրներ ունի»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ օրենսգրքում չկա պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտի համապատասխան դրույթը փոփոխելու հնարավորություն: Այլ կերպ ասած՝ վարչական դատարանը չի կարող վարչական մարմնի հայեցողությունը գնահատելով ոչ իրավաչափ փոփոխել տուգանքի չափը և օրինակ՝ 50 մլն դրամը դարձնել 25 կամ 10 մլն դրամ: Վարչական դատարանը կամ պետք է վերացնի միջամտող վարչական ակտը, կամ՝ թողնի օրինական ուժի մեջ:

Հունան Տեր-Վարդանյանը նշում է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Այդ իրավունքի իրացման երաշխիքները որոշակիորեն արտացոլվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային պրակտիկայում:

Նախ՝ հայտնի «Էնգելն ու այլոք ընդդեմ Նիդեռլանդների» գործով ՄԻԵԴ-ը մեկնաբանել է քրեական մեղադրանք հասկացությունը: Որոշելու համար, թե արդյոք հանցանքը որակվում է «քրեական» երեք չափանիշ պետք է կիրառվի` հանցանքի իրավական դասակարգումը ներպետական օրենսդրությունում, հանցանքի բնույթը և հնարավոր պատժի խստության աստիճանը: «Քրեական մեղադրանք» բառերի միջոցով Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելու համար բավարար է, որ տվյալ հանցանքն իր բնույթով լինի «քրեական» Կոնվենցիայի իմաստով կամ համապատասխան անձը դատապարտված լինի պատժի, որն իր բնույթով և խստության աստիճանով, ընդհանուր առմամբ, պատկանում է քրեական ոլորտին:

Այս առումով, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված տուգանքների չափը եթե, համադրելու լինենք քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքի չափերի հետ, ապա երբեմն 100-ավոր անգամ գերազանցում են քրեական համարվող արարքի համար  նախատեսված տուգանքի չափերին:

«Եթե գնահատենք, ապա հստակորեն կասեմ, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված տուգանքներն իրենց բնույթով իրենցից ներկայացնում են քրեական պատիժ: Այս դեպքում՝ հանձնաժողովի կողմից հարուցված վարույթները հարուցվում են քրեական մեղադրանքի հիման վրա և դրա արդյունքում առաջացող տուգանքն էլ իրենից ներկայացնում է քրեական պատիժ»,-ասում է Հունան Տեր- Վարդանյանը:

Փաստաբանի կարծիքով՝ պետք է լինի ներպետական կառուցակարգերի հնարավորություն՝ վարչական ակտը վերանայելու համար: ՄԻԵԴ-ը այս առումով դիրքորոշում է հայտնել, թե ինչպիսին պետք է լինի այդ վերանայումը, որպեսզի մարդու արդար դատաքննության իրավունքի բուն էությունը չխախտվի: Եվրոպական դատարանը հնարավոր համարում է, որ վարչական մարմինը անձին ենթարկի պատասխանատվության, որն իր բնույթով քրեական է, բայց մի վերապահումով, որ վարչական ակտը հնարավոր լինի վերանայել դատարանում, ընդ որում՝ լիիրավ դատարանում: Այդ դատարանը պետք է հնարավորություն ունենա փոփոխել կիրառված վարչական տուգանքի չափը, եթե գտնում է, որ կիրառված չափը չի համապատասխանում արարքին:

ՄԻԵԴ-ն նման դիրքորոշում արտահայտել է նաև իտալական դեղագործական ընկերություններից մեկի  գանգատի հիման վրա: Այս գործով ՄԻԵԴ-ը մերժել է բողոքը, բայց այն պատճառաբանությամբ, որ ավելի քան 6 մլն եվրոյի չափով կիրառված տուգանքի իրավաչափությունը այդ մարմինը հնարավորություն է ունեցել վերանայել լիիրավ դատարանում: Եթե վերադառնանք մեր ներպետակական օրենսդրությանը, ապա վարչական դատավարության օրենսգրքով նման հնարավորություն ընձեռված չէ:

«Եթե Հայաստանում տնտեսվարողը կարողանա հիմնավորել, որ վարչական մարմնի կողմից կիրառված հայեցողության առումով խնդիրներ են առաջացել, ավելի կհիմնավորի բողոքը և առավել կմեծացնի Եվրոպական դատարանում 6-րդ հոդվածի խախտումը հիմնավորելու հնարավորությունը»,-նշում է Հ. Տեր Վարդանյանը:

Արդար դատաքննության իրավունքի պաշտպանությունը երաշխավորված է, թե Կոնվենցիայով, թե ՀՀ Սահմանադրությամբ: Հունան Տեր-Վարդանյանն ասում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խնդիրներ ունի Կոնվենցիայի հետ՝ ՄԻԵԴԻ արտահայտած դիրքորոշման տեսանկյունից: Ըստ նրա՝ պետք է վարչական դատարանների իրավասության շրջանակը լայնանա և ունենան վարչական ակտը փոփոխելու հնարավորություն:

Հարցին, թե ինչու Հայաստանում տնտեսվարողները չեն դիմում օրենքի համապատասխան դրույթը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և այդ առումով դատական պրակտիկա չկա,  փաստաբանը նշեց, թե խնդիրը անտեղյակությունն է: «Վարչական մարմինների կոշտ գործողությունների վախից հասարակությունն արդեն ազատվել է, նման վախերի հետևանքը չէ, որ չեն բողոքարկում այդ դրույթը՝ ընդհուպ մինչև Սահմանադրական դատարան: Իմ կարծիքով չվիճարկելը ավելի շատ կարգավորումների չիմանալու արդյունք է: Օրինակ, ՄԻԵԴ-ի նախադեպը տարածված չէ: Տնտեսվարողները հնարավոր է չգիտեն այդ մասին: Բայց կան նաև այլ գործեր, որոնցով տրվել են ուղղություններ և գնալու դեպքում կարելի էր բավականին լավ արդյունքի հասնել»,-ասում է Հ. Տեր-Վարդանյանը:

Փաստաբանի կարծիքով, եթե դատարանը իրավունք ունենար վերանայել վարչական ակտի պատասանատվության չափը, շատ մեծ հավանականությամբ, ավելի շատ կունենայինք  դատական միջամտության ենթարկված դատական ակտեր, քան ունենք հիմա: Տուգանքի չափին ձեռք չտալու պայմաններում միջամտել վարչական ակտի իրավաչափությանը շատ ավելի դժվար է, քան ունենալ հնարավորություն միջամտել տուգանքի չափին:

Դատարաններում հաղթողը բացառապես հանձնաժողովն է 

2008-2014 թվականներին ՏՄՊՊՀ-ն կայացրել է տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու որոշումներ, միլիոնավոր դրամներով տուգանվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, սակայն ոլորտում վիճակը մնում է անմխիթար: 

Հատկանշական է, որ հանձնաժողովի վերջին տարիների բողոքարկված որոշումների գերակշիռ մասը վերջնական դատական ակտով անվավեր չի ճանաչվել, ինչը հանձնաժողովը պատճառաբանում է «կայացված որոշումների հիմնավորվածությամբ»: 

«Մինչ այսօր ՏՄՊՊՀ-ը դատական կարգով պարտված որևէ գործ չունի»,-այս նախադասությունը կարմիր թելով անցնում է հանձնաժողովի հաշվետվություններում: Ըստ դրանց՝ 2010 թ. բողոքարկվել է հանձնաժողովի թվով 28 որոշում, բոլոր գործերով առկա է ՏՄՊՊՀ-ի օգտին կայացված դատական ակտեր: 2011թ. բողոքարկված թվով 20 որոշումից 14-ով դատարանը վճիռ է կայացրել հանձնաժողովի օգտին, իսկ 2012 թ. բողոքարկվել է 10 վարչական ակտ, որոնցից 3-ն է հանձնաժողովի օգտին: 2013թ. դատական ատյաններում բողաքարկվել է 13 որոշում, որոնցից մեկը մնացել է անփոփոխ, իսկ մնացած 12 գործով դատական քննությունը շարունակվել է:

Գրեթե նույն պատկերն է նաև 2014թ-ին:  Նշված տարում ավարտվել են հանձնաժողովի՝ նախկինում բողոքարկված որոշումների թվով 12 դատական վարույթները, որոնց արդյունքում դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռներով և որոշումներով Հանձնաժողովի բողոքարկված որոշումները թողնվել են անփոփոխ: 2014թ. ընթացքում բողոքարկվել է hանձնաժողովի թվով 10 որոշում, որոնցից մեկը մնացել է անփոփոխ, իսկ մնացած 9-ով դատական քննությունը շարունակվել է: Կասկած չկա, որ նույն «դրական» տենդենցը շարունակվել է նաև 2015 թվականին: Կասկած չկա, որ նույն «դրական» տենդենցը շարունակվել է նաև 2015 թվականին:

  

ՏՄՊՊՀ
Create column charts

Ինչպես է հիմնավորվում, կամ ավելի ճիշտ՝ չհիմնավորվում տուգանքի չափը

Հակամրցակցային համաձայնություն կնքելու, կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու համար նշանակվող տուգանքի չափը օրենքով կազմում է հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամ:

Հունան Տեր-Վարդանյանը նշում է, որ տուգանքի չափը տնտեսական հիմնավորում ունի, իսկ թե ինչպես է որոշվել տուգանքի չափերը՝ ուսումնասիրությունների չի հանդիպել:

Նա չի բացառում, որ տուգանքի չափը դատարանի որոշելու հնարավորության դեպքում, վարչական դատարանում անհրաժեշտություն կլինի ներգրավել նաև համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետի՝ փորձագետի: Դատարանը չունի նման գիտելիքներ, որ գնահատի՝ տուգանքի չափը իրավաչափ էր, թե ոչ: Պատժի չափի հարցում տրամաբանությունը հասկանալու համար եզրակացություն պետք է տա փորձագետը: Այսօր հանձնաժողովն էլ կիրառելով տուգանքներ ինքն էլ պատշաճ վերլուծություն չի կատարում, թե ինչու է այդ չափը կիրառում: Կամայական մի թիվ վերցնում է և դնում որոշման մեջ: Եթե լինի դատական վերանայման հնարավորություն, դատական պրակտիկան  կզարգանա և հանձնաժողովը կփորձի հիմնավորել:

«Ես սրա զարգացումը հետևյալն է, դատարանը պետք է ներգրավի համապատասխան մասնագետների, նրանք վերլուծություն կկատարեն և կասեն, որ այս դեպքի համար այս չափն ավելի ճիշտ կլինի: Չի բացառվում, որ վերլուծությունը կատարեն ու ասեն՝ դեռ մի բան էլ տուգանքի չափը քիչ է նշանակված: Ինչքան էլ փորձել եմ, ոչ մի տեղ չեմ հանդիպել հանձնաժողովի ինչ որ մի որոշման, որտեղ ոչ թե որոշումն ինքնին անհիմն է, այլ հիմնավորված է պատժի չափը: Ոչ մի տեղ չեմ տեսել, որ օրինակ՝ այս դեպքում 10 միլիոնը ճիշտ չափ է: Այս բացի պատճառով կիրառման ուղղությամբ խնդիրներ են առաջանում և չեմ բացառում, որ եթե ինչ որ տնտեսվարող սուբյեկտ հանձնաժողովում, հետագայում էլ դատարանում հարց բարձրացնի պատասխանատվության չափի վերաբերյալ, իսկ վարչական դատարանը չունենալով այդ հարցին անդրադառնալու օրենքով վերապահված հնարավորություն ստիպված լինի հարցին չանդրադառնալ, պետությունը խնդիրներ ունենա Եվրոպական դատարանում»,-ասում է Հունարն Տեր-Վարդանյանը:

Փաստաբանի խոսքով՝ այսօր մի դեպքում տուգանքի չափը կարող է անհամաչափ լինել փոքր տնտեսվարողի համար և դա կարող է բերել տնտեսվարողի սնանկացմանը, իսկ մյուս դեպքում շատ խոշոր տնտեսվարողի նկատմամբ կիրառված պատասխանատվության նույն չափը կարող է ընդհանրապես որևէ ազդեցություն չունենալ և պատասխանատվությունը չհանգեցնել այն նպատակներին, որը դրված է օրենքի տակ:

«Խնդիր տեսնում եմ հակաիրավական արարքի արդյունքում առաջացած եկամուտը գնահատելու առումով ևս: Այս պահին գործում է հետևյալ մոտեցումը, որ պահից ֆիքսվեց հակաիրավական գործունեությունը կամ հանձնաժողովն իր գնահատմամբ գնահատեց այդպիսին, այդ պահից սկսած եկամուտները համարվում են հակաօրինական ճանապարհով ձեռք բերված: Այդ մոտեցումը, իմ կարծիքով. շատ սխալ է, որովհետև գնահատելու խնդիր կա, թե  ընդհանուր շրջանառության մեջ ինչքանն է առաջացել, օրինակ, գերիշխող դիրքի չարաշահման հետևանքով և ինչքանն է առաջացել բնականոն գործունեության արդյունքում»,-ասում է փաստաբանը

Այսօրվա դրությամբ վարչական դատարանը վերանայում է վարչական ակտերի ձևական կողմը՝ խախտում կա, թե ոչ, արդյոք խախտումն արձանագրելու ժամանակ ընթացակարգային նորմերը պահպանված են եղել: Բնականաբար այդ պայմաններում փաստել որևէ իրավունքի խախտում դժվար կլինի, որովհետև, նախ՝ իրավախախտման առկայության փաստումը իրենից ոչ մի խնդիր չի ներկայացնում, բացի այդ, հանձնաժողովը երկար ժամանակ է ինչ գործում է և դժվար թե ընթացակարգային սխալներ թույլ տա: Այս տեսանկյունից հավանականությունը, որ հանձնաժողովի որևէ որոշում կարող է վերացվել հավասարվում է զրոյի, ինչը երևում է նաև պրակտիկայից:

Ամփոփելով զրույցը Հունան Տեր Վարդանյանը նշեց, որ Հայաստանում տնտեսությունը զարգացած չէ: Ըստ նրա՝ մրցակցությունը չի կարող զարգանալ, եթե դրա համար գիտելիքներ չկան, իսկ գիտելիքներ ձևավորելու համար անհրաժեշտ հիմք է պետք: Ոչ մեկին հետաքրքիր չի լինի գնալ ինչ որ բան կարդալ հանձնաժողովի կողմից կիրառվող տուգանքների համաչափության վերաբերյալ, եթե նա չի կարողանալու այդ գիտելիքն օգտագործել ու դրանով արդյունքի հասնել: Բնականաբար. եթե չկա այդ խթանը չի լինի նաև ուսումնասիրությունը և զարգացումը:

Մեկնաբանություններ (1)

ՀՀԿ
Այս հանձնաժողովը գլուխ արդուկելու չեմպիոնների ժողով է, իր ամենագետ նախագահի հետ միասին: Եթե նրանց ձեռքն է ընկնում սովորական խանութպան կամ ոչ ճիշտ կողմնորոշված քիչ թե շատ տեսանելի գործարար, ապա տնտ. մրցակցության մասին օրենքը և հանձնաժողովի երևակայությունը գործում է անսահման բարեխղճությամբ, տուգանքների չափն էլ` ամենաբարձր դրույքաչափով: Սահմանադրական դատարանի նման ատյան է, թուղթ մրոտելով են զբաղված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter