HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակասանիտարական վիճակ՝ Ալավերդու շուկայում

Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկայում, որին ալավերդցիները նաև «Լաչինի միջանցք» են ասում, տոնական առևտուրը հունի մեջ չի մտնում: Նեղսրտած առևտրականները բարձրաձայն դժգոհում են անգնողունակ ալավերդցիներից: Առևտրի ստեղծված վիճակից խուճապի մեջ են հայտնվել նաև մթերային մեծ և փոքր խանութների տերերը: Ալավերդիում սոցիալական նոր լարվածություն է ստեղծել «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից պղնձաձուլական գործարանի 110 աշխատողներին դեկտեմբերից աշխատանքից կրճատելը: Նախատոնական գնումների նվազելու պատճառներից մեկը հենց սա է:

Ստեղծված իրավիճակում ալավերդցիներն էլ դժգոհում են շուկայում և Ալավերդու խանութներում վաճառվող սննդամթերքի որակից և սանիտարական վիճակից: Շուկայի հայտնի առևտրական Ռոզա Վարդևանյանը իր վաճառասեղանին դրված խոզի մսի ավտանգության փաստաթղթի մասին մեր հարցից հետո հեռացավ տարածքից: Մսի վրա նստած էր կեղտի ու փոշու հաստ շերտ: Շուկայում գետնի վրա վաճառվում են Օձունի, Կաճաճկուտի և Աքորիի գյուղացիների՝ պոլիէթիլենային կեղտոտ տոպրակներով փաթեթավորված պանիրը: Նույն գյուղացիների կողմից պլաստմասսե չստերիլիզացված շշերով վաճառվող կաթի կողքով մարդիկ անտարբեր էին անցնում:

«Ազիզ ջան, էդ կաթի ամանները մեր գյուղի խանութից եմ վերցնում, տանում եմ տանը լվանում ու կաթը լցնում: Դու ձայնագրե, որ հյութերը խմում են, խանութի մեջ շշերը թողնում են, խանութպանները ինձ են տալիս»,- բացատրեց օձնեցի Ծաղիկ Ճարոյանը: «Արզնի» խանութի թռչնամիսը և առևտրականների գյուղատնտեսական մթերքները շարունակում են վաճառվել Սայաթ-Նովա 1 շենքի աղբարկղների ու շուկայի զուգարանի հարևանությամբ: Այստեղ առևտրականները զուգարանից օգտվելուց հետո հնարավորություն չունեն լվացվելու և չլվացած ձեռքերով էլ վաճառում են իրենց պտուղ-բանջարեղենն ու գյուղատնտեսական մթերքները:

«Կատա» առևտրի տան շենքում գտվնող և միջպետական ճանապարհին հարող մսի վաճառքի 3 և շուկայի մեկ մսի վաճառքի կետերի մսվաճառները շատ վաղուց մոռացել են վաճառողի արտահագուստի մասին: Այս օրերին Ալավերդու փողոցներում և միջհամայնքային ճանապարհաեզրերին տավարի և խոզի չստուգված միս է վաճառվում: Դեկտեմբերի 21-ին իր 1476 գրությամբ քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը ահազանգել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Կամո Սողոյանին.«Տեղեկացնում ենք, որ Ալավերդի քաղաքում ոչ սահմանված վայրերում մսի և գյուղմթերքների վաճառքը քաղաքի բնակչության շրջանում արդարացի դժգոհության ու բողոքների տեղիք է տալիս: Խնդրում եմ Ձեզ՝ օրենքով սահմանված կարգով միջոցառումներ ձեռնարկել վերոգրյալ խնդրի կարգավորման համար»,- հայտնել է Կարեն Փարեմուզյանը: Նման մի գրություն էլ քաղաքապետարանը Սողոյանին գրել է 2014-ի դեկտեմբերին, սակայն Ալավերդու մսի առևտրի հին ավանդույթները շարունակվում են:

Սննդի անվտանգության Լոռու մարզային կենտրոնի կողմից ոչինչ չի ձեռնարկվում Ալավերդու սննդի անվտանգության համար: Ուսուցչուհի Քրիստինե Բեժանյանն ասում է, որ իր 4-հոգանոց ընտանիքին կերակրելու համար Ալավերդու մթերային խանութներից որպես անվնաս սնունդ անկաշկանդ առնում է միայն բրինձ և մակարոն: «Հատկապես թռչնամսի ցանկացած տեսակ դժվարությամբ եմ գնում: Չեմ վստահում ոչ արտադրողին, ոչ վաճառողին: Ձվի հետ կապված ոչ մի անգամ ժամկետներին չեմ հավատում: Չեմ գնում մեր խանութներում վաճառվող երշիկեղենը: «Բարի Սամարացի» ֆիրմայից քիչ թե շատ գնում եմ նրբերշիկ: Երեխաներս նրբերշիկ շատ են սիրում, ստիպված եմ գնում: Երշիկներին կասկածանքով եմ վերաբերվում, որովհետև չգիտեմ ինչից են պատրաստված»,- ասաց Քրիստինեն: Վերջինս իր վստահությունը չվայելող ապրանքների որակից հենց այնպես չէր դժգոհում. «Ես դրանք գնել և փորձել եմ: Սառած վիճակից հետ գալուց հետո հավի վրա տարօրինակ անցքեր են առաջանում: Ես մի անգամ դրա մասին վաճառողիներից մեկին բողոքել եմ, ինձ հավատացնում էր, թե փետուրներից ա: Բայց փետուրներից հնարավոր չէ այդպես արտահայտիչ անցքեր առաջանան: Մի խոսքով, խանութի հավով իմ ընտանիքին չեմ կերակրում: Ես միս առնում եմ Աքորիի գյուղացիներից՝ ինձ վստահություն ներշնչող մարդկանցից: Օգտագործում եմ միայն տնական թռչնամիս»:

Ուսուցչուհի Կարինե Մկրտչյանը ասաց, որ խանութներից խուսափում է գնել երշիկեղեն: Աիդա Պապոյանը վտանգավոր համարեց շուկայում վաճառվող գյուղատնտեսական մթերքների սանիտարական վիճակը: «Ես շուկայի պլաստմասսե շշերով կաթ բացարձակապես չեմ առնում: Կաթնամթերքը առնում եմ Աշտարակինը, կամ Կալինինոյինը: Շուկայի գետնի վրա վաճառվող պանիրը, կաթը, միսը և մյուս սննդամթերքը ամեն դեպքում հաճելի չէ տեսենել, բայց այնտեղ նստած մարդիկ ամենքը մի ձևով փող են աշխատում: Այսօր Ալավերդու խանութներում և շուկայում վաճառվող ոչ մի սննդամթերքի համար մենք երաշխիք չունենք, որ անվտանգ է և կարելի է ուտել, բայց ստիպված առնում ենք»,- ասաց Աիդա Պապոյանը:

Ալավերդու «Կատա» առևտրի տան տնօրեն Արթուր Խառատյանի ասելով՝ սննդամթերք ստանալիս հիմնվում են գնումներից առաջ իրենց տրամադրվող բոլոր ֆիրմաների լիցենզիաների վրա: «Մանրամասն ստուգում ենք ապրանքի թողարկման ամսաթիվը և նրա պահպանման ժամկետը: Առևտրի տան աշխատողները ապրանքը գնորդին ներկայացնելիս օգտվում են ապրանքի վրա փակցված տեխնիկական բնութագրի պիտակից, որտեղ նշված է տվյալ ապրանքի բաղադրությունը»,- հայտնեց Արթուր Խառատյանը:

«Կատա» սուպերմարկետի N 393132 կտրոնով և վաճառողուհու խորհրդով մեր գնած «Լոռի» պանրի վրա պահպանման ժամկետը նշված չէր: Միայն հետո նկատեցինք, որ պանիրը ժամկետանց է և ունի տհաճ համ: «Կատա» առևտրի տունը պատկանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Թումանյանի էլցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանին:

Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը մեզ հետ զրույցում շատ վատ գնահատեց քաղաքի շուկայի վիճակը: «Հարևան գյուղերի գյուղացիները իրենց գյուղմթերքների վաճառքի համար պետք է շուկայում նորմալ տեղ ունենան: Չունեն»,- ասաց նա: Քաղաքապետն ասաց, որ շուկայում ճարտարապետական գեղեցիկ լուծում ստացած տաղավարներ պետք է կառուցել: Նա հրատապ համարեց նաև շուկայում պատշաճ զուգարանի կառուցումը: Այս և Ալավերդիում սննդի անվտանգության ապահովման մյուս խնդիրների լուծման համար Կարեն Փարեմուզյանը ժամանակ խնդրեց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter