HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատավորը փաստաբանի գործողությունները որակեց որպես պրովոկացիա

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Ժորա Վարդանյանի նախագահությամբ ապրիլի 10-ին շարունակվեց ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների գործի դատաքննությունը, որոնց գույքին խարդախությամբ տիրացել էր ՀՀ քաղաքացի Գրիգոր Իգիթյանը։

Ապրիլի 10-ի դատաքննության ընթացքում ամբաստանյալի փաստաբանի հարցերով պայմանավորված եւ դատավորի թույլտվությամբ` վկա Է. Կորկոտյանն ուսումնասիրեց քրեական գործում առկա այն փաստաթուղթը, որի վրա գրանցված էր, թե շինաշխատանքների համար նա ինչքան գումար է ստացել: Վկան նշեց. «Որտեղ նշված գումարի դիմաց փակագծում գրված է անգլերեն GN տառերը (այսինքն` Գրիգոր Նազարյան, Ջորջ Նաջարյանի վարձած ճարտարապետը), այդ գումարները ստացել եմ Գրիգոր Նազարյանից, իսկ որտեղ նշված չէ GN, ստացել եմ Գրիգոր Իգիթյանից»:

«Այս փաստաթղթով հիմնավորվում է, որ դրանում նշված բոլոր գումարները ստացել եք Գրիգոր Իգիթյանից: Ի՞նչ կասեք այս մասին»,- վկայի բացատրությունից հետո հարցրեց մեղադրյալի պաշտպանը:

Դատավորը հարցը հանեց. «Վկան հստակ պատասխանեց, թե այդ գումարներից որն ումից է ստացել»,- պարզաբանեց Ժ. Վարդանյանը:

Սա ամբաստանյալի փաստաբանի միակ հարցը չէր, որ դատարանը հանեց: Կրոմվել Գրիգորյանը դատական նիստի ընթացքում նույնիսկ արժանացավ դատավորի հետեւյալ գնահատականին. «Բառի իսկական առումով պրովոկատոր եք: Ուրիշ հարմար բառ ուղղակի չեմ գտնում»:

Այնուհետեւ ամբաստանյալի պաշտպանը դատարանում ներկայացրեց, իր խոսքերով` «80 950 դոլարի ստացականի համար հիմք հանդիսացած փաստաթղթի բնօրինակը, որն ապացուցում է, որ վկան Գ. իգիթյանից ստացել է նշված գումարը: Գործում առկա է այս փաստաթղթի պատճենը, իսկ սա բնօրինակն է, որտեղ չկա GN տառերը եւ այն գրված է վկայի կողմից»: Կ. գրիգորյանը խնդրեց, որպեսզի վկան պատասխանի, թե նշված գրառումները իր կողմից են կատարվել, թե ոչ:

Է. Կորկոտյանը նախ ասաց, որ այդ փաստաթղթում արված բոլոր գրառումները կատարվել են Գ. Իգիթյանի կողմից, հետո, զննելով փաստաթուղթը, հայտարարեց. «Պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթում ջնջումներ կան. GN տառերը բացակայում են»:

«Շատ լավ, կմիջնորդենք, որպեսզի փորձաքննություն նշանակվի»,- հակադարձեց փաստաբան Կ.գրիգորյանը, սակայն, նման միջնորդություն այդպես էլ չարեց:

Գ. Իգիթյանը եւս վկային հարցեր տալու իրավունք ստացավ: Բայց նրա տված հարցերի մեծամասնությունըն արդեն հնչել էր: Ուստի դատավորը հանեց դրանք եւ նկատեց. «Ժամավաճառությամբ մի զբաղվեք»:

Ժ. վարդանյանն իր հերթին Է. Կորկոտյանից պարզեց, որ Ձորագյուղ թաղամասի թիվ 4 եւ 11/12 շենքերին 3-րդ հարկ ավելացելու նախաձեռնությունը եղել է Ջորջ Նաջարյանինը, եւ շինարարությունը կատարվել է նրա ճաշակով:

«Իսկ Գ. Իգիթյանի կողմից որեւէ առարկություն, դժգոհություն եղել է, թե ինչու եք իմ տները քանդում»,- հարցրեց դատավորը:

«Ոչ,- պատասխանեց վկան եւ ավելացրեց,- այդ շենքերը Ջ. Նաջարյանի ֆինանսավորմամբ էին կառուցվում: Դրանց պատկանելությունն էլ, թող դատարանը որոշի»:

Դատավարությունը շարունակվեց ապրիլի 13-ին, որի ժամանակ հրապարակվեց վկա Է. Կորկոտյանի նախաքննական ցուցմունքները, եւ նիստը դարձյալ ընդհատվեց, այս անգամ` դատարանի նախաձեռնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter