HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների սովորողներով գործատուներն արդեն հետաքրքրվում են

Գայանե Սարգսյան

«Եթե մենք պատրաստ լինենք առաջարկել լուծումներ աշխարհի բիզնեսներին, ապա նրանք Հայաստանին կնայեն ոչ թե որպես երկիր, որտեղ պետք է բարերարություն անել, այլ որպես երկիր, որտեղ կարող են գտնել ամենաամբիցիոզ լուծումները՝ իրենց բիզնեսների համար»:

Շուրջ 5 ամիս է` Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում ընթացքի մեջ են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրավորման ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի դասընթացները (վեբ ծրագրավորում, մոբայլ ծրագրավորում, համակարգչային ճարտարագիտություն):

 Ներկայումս անվճար հիմունքներով իրականացվող դասընթացներին Գյումրիում մասնակցում է 205, Վանաձորում ՝ 160 մարդ: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը սա լուրջ ցուցանիշ է համարում:

«Ամիսներ առաջ քննարկում էինք՝ արդյո՞ք կկարողանանք  ամսական 10-20 մասնագետ պատրաստել: Այսօր խոսքը վերաբերում է ամեն քաղաքում շուրջ 200 մարդու մասին, և սա միայն սկիզբն է,- ասում է նա ու վստահեցնում,- 2016թ. հուլիսին մենք կունենանք 1000-ական մասնագետ Գյումրիում ու Վանաձորում»:

Անդրադառնալով իրականացվող ծրագրի հեռահար նպատակներին՝ Բ. Ենգիբարյանը մատնանշում է Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական միջավայր դարձնելու գաղափարը, երբ Հայաստանն աշխարհին ցույց կտա ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտի   լուծումներ ու մշակումներ:

Որպես ծրագրի իրականացման հաջող օրինակ ՁԻՀ-ի տնօրենը բերում է մեկուկես տարի առաջ բացված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի օրինակը.

«Կենտրոնում այսօր ընդհանրապես տեղ չկա: Դա մի միջավայր է, որտեղ ունենք նորաստեղծ ու գործող կազմակերպությունններ: Մի բան մեզ հաջողվեց, որը, ես կարծում եմ, ամենակարևորն էր: Կարողացանք կազմակերպություններ ձևավորել ոչ միայն Գյումրիից, այլեւ  Երևանից ու արտասահմանից բիզնեսներ տեղափոխվեցին Գյումրի՝ աշխատանքի վերցնելով տեղացիներին»:

Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար  ՁԻՀ-ում երկու մարտահրավեր են կարևորում՝ կադրերի ու վերապատրաստող մասնագետների շարունակականության ապահովումը:

Այսօր՝  ծրագրավորման դասընթացներից շուրջ 5 ամիս անց, Գյումրու ու Վանաձորի սովորողները գրանցում են առաջին հաջողությունները, նրանցով արդեն հետաքրքրվում են երևանյան կազմակերպությունները.

«Մարդիկ արդեն սովորելու ընթացքում պահանջարկ ունեն և շատ կազմակերպություններ, հատկապես Երևանից, արդեն հարցազրույցներ են սկսել, որպեսզի որոշակի մակարդակի հասնելուց հետո իրենց մոտ աշխատանքի վերցնեն»,- ասում է Բ. Ենգիբարյանը:

Դասընթացների առաջին փուլը Վանաձորում դեռ չի ավարտվել, սակայն ինչպես Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական բաժնի ղեկավար Նելսոն Մամուլյանն է վստահեցնում, արդեն իսկ 100-ից ավել նոր հերթագրվածներ կան հաջորդ փուլին մասնակցելու համար: Գրանցվածների թվում նաև Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայեր են:

Վանաձորում հետաքրքրվողների տարիքային տատանումները մեծ են.

«Նույնիսկ դպրոցականներ են գալիս, որոնց 17-ը դեռ չի բոլորել, ունենք նաև  50-նն անց տարիքի սովորողներ»,- նշում է Ն. Մամուլյանը:

Պատասխանատուների հավաստմամբ՝ դասընթացների ձևաչափը Վանաձորում դինամիկ փոփոխությունների է ենթարկվում՝ ելնելով աշխատաշուկայի ու ուսանողների պահանջներից:

«Սա  մի հերթական ուսումնական պրոցես չէ, այլ ուղղված է ելքին: Մենք մեր հայացքն ուղղում ենք ելքին, որտեղ սպասելու ենք բարձրորակ մասնագետների, ովքեր այսօրվա ՏՏ ոլորտի պահանջներին պետք է բավարարեն»,- ասում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական բաժնի ղեկավարը:

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Ամալյա Եղոյանն էլ վստահ է. «Եթե մենք պատրաստ լինենք առաջարկել լուծումներ աշխարհի բիզնեսներին, ապա նրանք Հայաստանին կնայեն ոչ թե որպես երկիր, որտեղ պետք է բարերարություն անել, այլ որպես երկիր, որտեղ կարող են գտնել ամենաամբիցիոզ լուծումները՝ իրենց բիզնեսների համար»:                                                                                             

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter