HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ո՞նց շնորհակալությունս չհայտնեմ պրն Տարոն Մարգարյանին

Ես եւ Նոր Նորքի Նանսենի 17 շենքի բնակիչներն այս Ամանորին առաջինը հիշել ենք պրն Տարոն Մարգարյանին: Առիթը ոչ թե տարեմուտին մայրաքաղաքի բնակչությանն ավելի քան 40 մլն դրամանոց ծրագիր նվիրելն էր, այլ՝ այս շենքի բնակիչների միակ տոնը՝ Նոր տարին, հարամելը:

Նոր տարվա գիշերն արդեն շենքի շքամուտքը եւ հարկերի հարթակները պատվեցին սառույցի հաստ շերտով: Տանիքից շքամուտքով իջնող ջրահեռացման խողովակը ցրտից ճաքեց, ջուրը հոսեց հարկից հարկ, վերածվեց սառույցի՝ անանցանելի դարձնելով ելումուտը շենքում:

Արդեն մեկ շաբաթ է` չի աշխատում շենքի վերելակը, 11 հարկ մարդիկ բարձրանում են ոտքով, սառույցների վրա դողդողալով: Հարազատները ձեռնպահ մնացին միմյանց Ամանորը շնորհավորելուց: Վատառողջներն ու ծերերն աշխատում են բնակարաններից դուրս չգալ եւ փորձությունների չենթարկել իրենց: Երեխաները զրկվել են ձյունը վայելելու հաճույքից: Հիվանդների համար անհնարին է դարձել շտապօգնություն ապահովելը եւ այլն:

Երեւանի քաղաքապետարանն ու «Նոր Նորք 1/5» համատիրությունը միասին արդեն 10 տարի չեն կարողանում անձրեւատար խողովակն այնպես տեղադրել, որպեսզի տանիքից ջուրը հեռացվի բնականոն ձեւով եւ վթարային վիճակներ չստեղծի շենքում (այս պատմության մանրամասները գրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում):

Այս հարցը վերջին 15 տարիներին շենքի բնակիչների եւ թաղապետարան- քաղաքապետարան-համատիրություն եռյակի հիմնական վեճի թեման է եղել: Կարծում էի, թե վեճը դատարան տեղափոխելով կարող եմ լուծում գտնել այս պարզ, բայց չարչրկված հարցին: Սակայն դատարանի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելով անգամ, ինձ չհաջողվեց պարտապան ճանաչված համատիրությանն ու քաղաքապետարանին պարտավորեցնել անթերի տեղադրել մի անձրեւատար խողովակ, որպեսզի անձրեւաջրերն ու ձյան հալոցքը կտուրից հեռացվեն առանց շենքը վթարային դարձնելու, առանց մարդկանց տեղաշարժվելը սահմանափակելու, առանց նյութական եւ բարոյական կորուստների:

Հարկադիր կատարման աշխատակիցներն, իհարկե, ջանքեր գործադրեցին դատարանի վճիռը կատարելու համար, սակայն քաղաքապետարանի ու համատիրության համատեղ հորինված լուծումը չտարբերվեց մինչ այդ եղածից: Նրանք ընդամենը ցանկանում էին տպավորություն ստեղծել, որ կատարել են վճռի պահանջը: Հարկադիր կատարման աշխատակիցն աշխատանքն ավարտված համարեց առանց խողովակի անցանելիությունը փորձարկելու: Նա բավարարվեց պարտապանների բացատրությամբ, որ անձրեւատարն անջատել են մեկսենյականոց բնակարանների կոյուղատար խողովակից եւ միացրել խողովակին: Փորձարկումը, սակայն, կատարեց հաջորդ օրն իսկ տեղացած առատ անձրեւը շենքը ողողվեց ջրով՝ դարձյալ անհնարին դարձնելով ելումուտը, դադարեց վերելակի աշխատանքը, բնակարանները հոսանքազրկվեցին: Իմ բողոքների արդյունքում հարկադիր կատարումը վերսկսվեց, քաղաքապետարանն «աշխատեց» վերացնել թերությունները, սակայն աշնանը, երբ սկսվեցին անձրեւները, օդում կախված անձրեւատար խողովակը մաս-մաս առանձնանալով թափվեց գետնին: 

Ես ոչ միայն գետնին թափված խողովակները, այլեւ դրա արդյունքում հերթական անգամ ջրի մեջ հայտնված շենքի լուսանկարները տեղադրեցի Երեւանի քաղաքապետարանի եւ Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջերում: Կատարվածի մասին գրավոր տեղեկացրի քաղաքապետարանին եւ թիվ «Նոր Նորք 1/5»  համատիրության տնօրենին: Վերջինս, ինչպես միշտ, մի պատասխան ունի բնակիչների բոլոր հարցերին՝ «ես ի՞նչ անեմ»: Իսկ քաղաքապետարանը հերթական անգամ, 10 օր հետո կրկին վերսկսեց շտկել թերությունները՝ խողովակի միացման հատվածներն ամրացրին, որպեսզի ջուրը հոսելուց խողովակները գետնին չթափվեն:

Սակայն դրանով շենքը չփրկվեց հեղեղումներից. ամեն անձրեւի եւ ձյան գալու հետ շենքում արտակարգ վիճակ է հայտարարվում: Չաշխատողներն ավելներն ու բահերը ձեռքներին վաղ առավոտից միմյանց փոխարինելով ճանապարհ են բացում աշխատանքի, դպրոց ու մանկապարտեզ շտապողների համար:

Պատճառն այն է, որ ժամանակին անտեսվեցին բնակիչների առարկությունները, որ անձրեւատարը ճիշտ չի տեղադրվել, դրանով շենքը չի փրկվի հեղեղումներից: Քաղաքապետարանը շռայլություն է համարում շենքի արտաքին պատին նոր անձրեւատար խողովակ տեղադրելը կամ նախկին անձրեւատարի անխափան գործունեությունն ապահովելու համար ծախսեր կատարելը: Ավելի քան 5 տարվա իմ ջանքերը՝ պարտավորեցնել լուծելու այս շենքի տասնյակ հարցերից գոնե մեկը՝ գործարկել շենքի անձրեւատար խողովակը, չհաջողվեց անգամ դատարանի վճիռն ունենալով: Քաղաքապետարանն ամեն օր ապացուցում է, որ իր «ոսկե կանոնը» գերակա է ցանկացած դատական ակտին:

«Ոսկե կանոնի» մեջ քաղաքացիների ձայնը լսելու մասին կոդեքս չի լինում, որովհետեւ դրան կարող է հաջորդել մեկ ուրիշ պահանջ: Միայն այս շենքում 20 տարուց ավելի կուտակված այնպիսի հարցեր կան, որոնք լուծելու առաջնահերթությունը որոշելն անգամ չափազանց դժվար է: Երեւանի քաղաքապետարանը շատ լավ գիտի, որ համատիրությունների ֆինանսական միջոցները բավարար չեն 20 եւ ավելի տարիներ կուտակված խնդիրները լուծելու համար եւ շենքերի պահպանումը հնարավոր չէ առանց լրացուցիչ ֆիանսական օժանդակության: Բայց, քաղաքապետը որքան շռայլ է տոներ եւ ընդունելություններ կազմակերպելու հարցում, նույնքան խնայող է քաղաքի հիմնախնդիրները լուծելու հարցում:

Ավելի քան մեկ տարի առաջ «Երեւան Ջուր» ընկերությունը նույն այս շենքում մեծ քանակի ջրակորուստ գրանցեց: Ստուգումներից պարզվել էր, որ խմելաջրի ցանցը փտած է եւ խողովակները պետք է փոխվեն, խմելաջուրն ամբողջությամբ հոսում է շենքի տակով: «Երեւան Ջուր» ընկերությունն իր սպասարկման տարածքը չի համարում այն եւ ասում է, որ դրանով պետք է զբաղվի համատիրությունը: Վերջինս իր պարտավորությունը չի համարում այն: Նոր Նորք վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բնակշահագործման բաժնի պետը խորհուրդ տվեց` շենքի սեփականատերերը թող գումար հավաքեն ու փոխեն խողովակը: Սակայն նշված հիմնարկություններից ոչ ոք բնակչությանը չիրազեկեց այդ մասին: Մի քանի ամսից բետոնով ծածկվեցին արտահոսքը փնտրելու համար քանդված հատվածները ու դրանով հարցը համարեցին փակված:

Ներկայումս վթարված խողովակներից հոսող ջուրը խարխլում է շենքի հիմքը, իսկ այդ ընթացքն արագացնում են տանիքից հոսող ջրերը:

Ահա այսպես, Երեւանի քաղաքապետարանն իրենից հեռացրել է բոլոր խնդրահարույց հարցերը՝ իրեն թողնելով միայն քաղաքի փողոցների ծաղկապատումն ու օտարերկրյա հյուրերին ընդունել-ճանապարհելու գործը: Քաղաքի սանտիրական մաքրումն անգամ քաղաքապետարանն իր պարտավորությունը չի համարում՝ վկա վերջին օրերին տեղացած առատ ձյան հետեւանքով անանցանելի դարձած փողոցներն ու մայթերը:  

Երեւանի քաղաքապետարանի ու աշխատակազմերի աշխատակիցների թիվն ինձ անհայտ է, բայց վստահորեն կարող եմ ասել, որ մի քանի հազարից անցնում է: Դրան էլ հավելած համատիրությունները, որոնք փաստացի քաղաքապետարանին սպասարկողներն են եւ չեն ստեղծվել բնակչությանը ծառայություններ մատուցելու համար: Նրանց օգտակար գործողության գործակիցն անհայտ է, բայց կա՞ մեկը, որ հաշվարկել է նրանց վնասի չափը:

Մեկնաբանություններ (2)

Արմենակ Եղիայեան
Այս բոլորը կը պատահին աշխարհի բոլոր անկիւններուն մէջ, սակայն ոչ մէկ տեղ, բացի Հայաստանէն, մարդիկ այսպէս ուրիշին, թէկուզ քաղաքապետութեան չեն վստահիր լուծումը, այլ իրենք-իրենց մէջ կը լուծեն զայն՝ համապատասխան բանուորը կամ մասնագէտը բերելով եւ տեղւոյն վրայ նորոգելով վթարը: Կառավարութեան կամ քաղաքապետութեան յանցանքը ի՞նչ է: Անկախութիւն կ'ուզէիք. հէնց այս է անկախութիւնը: Դուք այլեւս անկախ էք պետութենէն եւ պարտաւոր էք ինքներդ լուծելու ձեր հրցերը: Խնդրեմ:
Սառա Պետրոսյան
Հարգելի Արմենակ Եղիայեան, իհարկե աշխարհի բոլոր անկյուններում նման բաներ պատահում են, սակայն բոլոր տեղերում քաղաքապետարանները միջամտելու դեպքում կվերականգնեին վթարված անձրեւատար խողովակը: Մեր դեպքում՝ քաղաքապետարանը անձրեւատարը միացրել է բնակարանների կոյուղագծին՝ խախտելով սահմանված շինարարական նորմերը: Այդպես է վարվել հարյուրավոր շենքերի հետ՝ միջամտելով մարդկանց սեփականության իրավունքին: Իհարկե, Հայաստանում էլ օրենքը շենքերի պահպանումը բնակիչներին է վերապահել, բայց նախ քաղաքապետարանը թող վերացնի իր գործած անօրինականությունը, որովհետեւ այդ հարցը մեկ խողովակ փոխելուն չի վերաբերում, այլ բազմաբնակարան շենքերի համար սահմանված նորմերը խախտելուն: Սա է քաղաքապետարանի գործած հանցանքը, հետեւաբար, դա բնակիչների լուծելու հարցը չէ: Մի բան էլ՝ աշխարհն այլ կաններ ունի, Երեւանն այլ: Ոչ մի նորմալ երկրում բնակչությունը չի հանդուրժի, որ բորոտանոցների վերածված բազմահարկ շենքերի պահպանության խնդիրներին լուծումներ չտվող քաղաքապետարանը 100-ավոր միլիոնների չհիմնավորված ծախսեր կատարի՝ անունը դնելով տոնախմբություն: Քաղաքի բաերկարգումն սկսվում է ամեն շենքից, աղբի վրա տնկված ծաղիկը հազիվ թե բուրմունք ունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter