HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24 տարվա արդարացման դատավճիռների թիվն անհայտ կմնա. պատճառը հրդեհն է (ինֆոգրաֆիկա)

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահԱրման Մկրտումյանը տարեվերջին հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որտեղի ի թիվս այլ ոլորտների, որպես նվաճում է ներկայացրել քրեական գործերով արդարացման դատավճիռների ավելացումը:

«Հետքը»  փորձեց ճշտել, թե Հայաստանի անկախացումից ի վեր քանի արդարացման դատավճիռ է կայացվել: Այնինչ մեր պետությունում 24 տարվա ընթացքում արդարացվածների թիվը որևէ մեկն այդպես էլ չի կարող իմանալ: Պատճառը 8 տարի առաջ արդարադատության նախարարության շենքում բռնկված հրդեհն է: 

Արդարադատության նախարարությունից մեր հարցմանը պատասխանեցին,որ ԱՆ շենքում 2008թ. բռնկված հրդեհի պատճառով չեն պահպանվել հարցված արխիվային տեղեկությունները:

1999- ին 6000 մեղադրյալից արդարացվել է ընդամենը 2-ը

Փորձեցի համացանցում գտնել անհրաժեշտ նյութեր: Ժամանակագրական առումով արդարացման դատավճիռների մասին ամենահին ինֆորմացիան ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում է՝ 2000թ. գրված տեղեկատվական նամակում, որտեղ նշված է, որ 1999թ. քննվել է 4894 քրեական գործ 6078 անձի վերաբերյալ, որից 52 գործով՝ 83 անձանց նկատմամբ գործերի վարույթները կարճվել են: Կայացվել է 2 արդարացման դատավճիռ՝ 2 անձի նկատմամբ:

Այսինքն՝ 1999թ. ՀՀ դատարաններում մոտ 6000 մեղադրյալներից արդարացվել են ընդամենը 2-ը:  Իսկ  անկախության առաջին տարիներին տարեկան որքան արդարացման դատավճիռ է կայացվել ՀՀ դատարաններում, մնում է անհայտ:

1999թ. վիճակագրությունից հետո մի մեծ ընդմիջում է

Հայաստանի դատական համակարգի ինտերնետային կայքում պահպանված է արխիվային տեղեկատվություն դեռևս 2007թ. Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Հովհաննես Մանուկյանի և ԵԽԽՎ վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ Ժորժ Կոլոմբիենի և Նևեն Միմիցանի հանդիպման մասին: Նշված է, որ հանդիպմանն առանձնակի ուշադրության է արժանացել արդարացման դատավճիռների սակավաթվությունը։

Եվ հենց դրանից հետո է, որ ՀՀ-ում սկսում է տարեցտարի ավելանալ արդարացման դատավճիռների թիվը: Այդ մասին տեղեկանում ենք նույն կայքում զետեղված  վերջին տարիներին կայացված արդարացման դատավճիռների մասին վիճակագրությունից:

Դավիթ Ավետիսյան

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը վերջին տարիներին պարբերաբար ներկայացրել է արդարացման վիճակագրությունը՝ համեմատելով թվերը նախորդ տարիների արդարացվածների թվի հետ: Ըստ այդմ, ստացվել է այսպիսի պատկեր. 

Ինչի՟ մասին է վկայում Հայաստանում արդարացման դատավճիռների ավելացումը

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի կարծիքով, արդարացման դատավճիռների ավելացումը վկայում է դրական միտումների մասին:

Գևորգ Կոստանյան

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ նշել է, որ արդարացման դատավճիռների քանակի ավելացումը պայամանավորված է դրանով` մեծամասամբ, որ դատախազները ավելի հաճախ են սկսել մեղադրանքներից հրաժարվել դատարանում:

«Սա ուղղակի խորհրդային ժամանակներից մնացած պլանային գործելաոճ է»

Գուրգեն Հարությունյան

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Հարությունյանը պատասխանեց այսպես. «Ի՞նչ է նշանակում արդարացման դատավճիռների աճ: Սա ուղղակի խորհրդային ժամանակներից մնացած պլանային գործելաոճ է` ամեն տարի մի քանի տոկոս ավելի: Եվ ընդհանրապես, այդ վիճակագրությամբ իրենք են ընդունում, որ նախորդ տարիներին կայացրել են ապօրինի մեղադրական դատավճիռներև, իբր, թե տարեցտարի շտկվում է իրավիճակը, այսինքն, ըստ էության, ընդունում են, որ նախորդ տարիներին դատավորների կողմից թույլ են տրվել օրենքի կոպիտ խախտումներ, եթե ոչ արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ: Սա աբսուրդ է. արդարացման դատական ակտերը չեն կարող կամ աճել, կամ պակասել կամայականորեն: Մի տարի դրանք կարող են ավելի լինել, մի տարի պակաս: Նորմալ երկրներում հենց այդպես է»:

«Հատուկենտ արդարացումները կամ տերերի ցանկության արդյունքն են, կամ էլ…»

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարատ Կոստանյանի համոզմամբ, դատարանը (դատավորը) հանդես է գալիս ոչ թե որպես իշխանության ինքնուրույն ճյուղ, այլ միայն ու միայն իրականացնում է այս պահի կառավարողների կամքը:

«Հիշիր՝ իրավունքի սովետական պաշտոնական բնորոշումը. «Իրավունքը տիրող դասակարգի կամքն է՝բարձրացրած օրենքի աստիճանի»: Այլ բան սպասել այսօրինակ դատական համակարգից, ըստ էության, անհնար է, իսկ հատուկենտ արդարացումները կամ տերերի ցանկության արդյունքն են, կամ էլ, լավագույն դեպքում, կոչված են կոսմետիկ երանգներով քողարկել անհրաժեշտ բարեփոխումների վիժեցումը»,- կարծիք հայտնեց փաստաբան Կոստանյանը:

Մարատ Կոստանյան Անի Թորոսյան

Փաստաբան Անի Թորոսյանի կարծիքով, արդարացման դատավճիռների ավելացման գործում լուրջ ներդրում ունի փաստաբանների հետևողական աշխատանքը, նաև բարեխիղճ դատավորների առկայությունը, որոնց թիվը, ըստ փաստաբանի,շատ դանդաղ, բայց աճում է: Ըստ փաստաբանի՝ կարևոր է նաև լրագրողների հետևողական աշխատանքը, երբ գործերը հրապարակային են դարձվում ու բարձրաձայնվում է յուրաքանչյուր խախտում:

«Քրեակատարողական հիմնարկներում դեռ նստած են որոշները, ուրիշի պատիժն են կրում»

Փաստաբան Հայկ Ալումյանը ոչ թե հավատում է, այլ համոզված է, որ մեր բանտերում կան անմեղ մարդիկ: Նա ասում է, որ իր համոզմունքը կարող է ապացույցներով ամրապնդել. «Այն, որ հիմա ավելացել են արդարացվողները՝ դառնալով, օրինակ,100 քաղաքացի տարեկան, իսկ 10-15 տարի առաջ 1-2 արդարացման դատավճիռ էր լինում կամ տարիներով չէր լինում, վկայում է այն մասին, որ 1999-ին մոտ 98 մարդ անմեղ է դատապարտվել: Իսկ ո՟ւր են այդ 98-ը հիմա. քրեակատարողական հիմնարկներում դեռ նստած են որոշները ու ուրիշի պատիժն են կրում: Այսինքն՝ 1990-ականներին զրոին ձգտող արդարացման դատավճիռների քանակը նշանակում է մի բան՝ բոլորը դատապարտվում էին՝ անմեղ, թե մեղավոր:Վիճակագրությունը ուժեղ ցուցանիշ է, սխալի հավանականությունը չնչին կարող է լինել: Սա շատ լուրջ թեմա է»:   

Տասնյակ տարիներ անց քննված գործերը Հայաստանում չեն վերաբացվում

Գաղտնիք չէ, որ դատական սխալները հատկապես անդառնալի են, երբ մարդըդատապարտվում է երկարատև ու ցմահ ազատազրկման: Հայաստանի բանտերում դեռ պատիժ են կրում քաղաքացիներ, ովքեր դատապարտվել են անկախացման առաջին տասնամյակում, երբ նոր էին սաղմնավորվում պետական համակարգերը, այդ թվում դատականը: Նրանցից ոմանք աջակցության ձայն են բարձրացնում, պնդում, որ անմեղ լինելով են դատապարտվել: Սակայն տասնյակ տարիներ անց քրեական գործի վերաբացման, հետևաբար արդարացման դատավճռի նախադեպ մեզանում գոյություն չունի, չնայած նրան, որ Հայաստանի դատաիրավական համակարգը ավելի, քան 20 տարի բարեփոխումների տարբեր փուլեր է անցնում միջազգային ֆինանսական աջակցությամբ. պարբերաբար փոխփոխվում է քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունը, փորձ է արվում ներմուծել ու կիրառել նոր գործիքներ:

ԱՄՆ Միչիգանի պետական համալսարանը վարում է արդարացվածների ազգային ռեգիստր

2012 թ-ին Միչիգանի պետական համալսարանի Իրավունքի դպրոցը Հյուսիսարևմտյան համալսարանիԴատական սխալների կենտրոնի հետ համատեղ հիմնել է Արդարացվածների Ազգային ռեգիստրը: Արխիվացված տեղեկատվության համաձայն, 1989 թ-ից սկսած մինչ օրս ԱՄՆ-ում տասնյակ տարիներ անց գործերի վերաբացմամբ ծանրագույն հանցանքների մեջ մեղադրված 1728 անմեղ քաղաքացի է վերադարձել ազատություն, որոնցից 336-ը արդարացվել է իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ կատարված գենետիկական` ԴՆԹ թեստերի արդյունքներով:

Արդարացվածների ռեգիստրում տարիներ անց գործերի վերաբացմամբ արդարացվածների պատմությունները ներկայացված են մանրամասնորեն, նրանց լուսանկարներով, արդարացման դատավճռին հասնելու ճանապարհի նկարագրությամբ: Ռեգիստրում կան նաև բազմաթիվ հետազոտություններ՝ դատական սխալների պատճառների, դրանց վերացմաննոր գործիքների մասին:

Ինֆոգրաֆիկան և գլխավոր լուսանկարը՝ Տաթև Խաչատրյանի

Փաստաբաններ Գուրգեն Հարությունյանի, Մարատ Կոստանյանի և Անի Թորոսյանի լուսանկարներն՝ իրենց ֆեյսբուքյան էջերից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter