HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Ադրբեջանի «Ժողովրդավարության զրուցարանները»

Անցած տարիների ընթացքում հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում եղել է ամեն ինչ՝ տնտեսական առավելությունը ռազմաքաղաքականի վերածելու փորձեր, հայատյացության եւ ադրբեջանատյացության խորացում, փոխադարձ մեղադրանքներ բանակցային գործընթացը կանխամտածված տապալելու համար, հայ եւ ադրբեջանական իրականությունների մասին միջազգային կազմակերպությունների տված ոչ հաճելի գնահատականներում թուրքական կամ հայկական լոբբիստների հետքերի վկայակոչումներ, համընդհանուր տեղեկատվական միջավայրում բազմաթիվ հորինվածքների տարածում եւ այլն:

Այս ամենը եղել է եւ կա, բացի մեկ բանից, բացի նույն կատաղի մրցակցությունից իրենց երկրների ժողովրդավարացման համար:

Եթե պնդումը, թե հակամարտության լուծման ճանապարհն անցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի իրական ժողովրդավարացման միջով, ճիշտ է, եւ եթե «հակամարտության կարգավորում երկու կողմերի համար ընդունելի պայմաններով» արդեն սովորական դարձած ձեւակերպումն արտաքին աշխարհի համար նախատեսված քաղցրահաբ չէ, ապա հայ եւ ադրբեջանական հասարակությունների ժողովրդավարացումը այս պահի դրությամբ արդեն պետք է դառնար ազգային գաղափարախոսությունների բաղադրամաս, մտներ ազգային շահերի շրջանակ: Իսկ եթե ճիշտը նրանք են, ովքեր հավատացած են, թե ազգամիջյան հակամարտությունները, այդ թվում եւ ղարաբաղյանը, ոչ մի ընդհանուր բան չունեն հակամարտող կողմերի ժողովրդավարության մակարդակների հետ, ապա ժողովրդավարացման գործընթացների մասին բոլոր խոսակցություններն այդպես էլ շարունակելու են հիշեցնել «Ժողովրդավարության զրուցարանից» բերվող հատվածներ: Տերմինների ու ձեւակերպումների մի հավաքածու, որոնք սերտել են Հայաստանն ու Ադրբեջանը արտաքին աշխարհի հետ ավելի հարմարավետ շփվելու համար:

Ցանկացած երկրում ժողովրդավարության մակարդակի որոշարկման չափանիշ կարող են լինել ոչ միայն անհրաժեշտ ստանդարտներին համապատասխանեցված օրենքները, եւ նույնիսկ ոչ նրանց կիրառման համեմատաբար ավելի մեծ կամ ավելի փոքր ծավալները: Քանի որ, եթե մի երկրում հարյուր դեպքերից երկուսում, իսկ մյուս երկրում` հարյուրից հինգում հաղթում է օրենքը, ապա դա կարող է առիթ լինել երկու երկրներում էլ օրենքներ կիրառելու մասին պնդումների համար: Գլխավոր չափանիշն, իմ պատկերացմամբ, ռեալ իրականության մեջ ընդունված օրենքների կիրառման այլընտրանք չունենալն է եւ դրա զանգվածային գիտակցումը: Այսինքն` հասարակական այնպիսի հարաբերությունների ձեւավորումն է, երբ ընդունված օրենքների կիրառման եւ դրանց անտեսման դեպքերի հարաբերակցությունը ճիշտ հակառակ պատկերը կձեւավորի. երբ մի երկրում հարյուր դեպքերից ընդամենը երկուսում, իսկ մյուս երկրում` հարյուրից հինգում կգրանցվի օրենքի խախտում, եւ երբ այդ խախտումը առաջ կբերի հասարակության համապատասխան արձագանքը:

Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես եւ եվրասիական տարածաշրջանի այսպես կոչված երիտասարդ ժողովրդավարությունների երկրները, դեռ շատ հեռու են այսպիսի բաղձալի իրավիճակից: Սակայն, նրանց համեմատ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն մեկ առանձնահատկություն` ղարաբաղյան հակամարտություն, որը կամ երկու երկրների իրական ժողովրդավարացման խոչընդոտն է, կամ էլ կարող է դառնալ ժողովրդավարացման գործընթացների անշրջելիության պատճառ: Եվ ուրեմն, արժե՞ կապել երկու երկրների ժողովրդավարացման գործընթացները ղարաբաղյան կարգավորման ասպարեզում եղած իրողությունների հետ:

Մինչ օրս վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներն այս հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել: Տարաձայնությունների հիմքում ընկած է կասկած չառաջացնող այն պնդումը, թե ժողովրդավարությունը մարդու իրավունքների առաջնահերթություն է, իսկ ազգամիջյան հակամարտությունները, ինչպիսին նաեւ ղարաբաղյանն է, ազգերի իրավունքների եւ շահերի գերակայություն, եւ միշտ չէ, որ մարդու իրավունքները կարող են համընկնել ազգի կամ պետության շահերի հետ: Սակայն, մյուս կողմից, կասկածի առիթ չի տալիս նաեւ այն, որ եթե ղարաբաղյան հակամարտության լուծման համար չկա ուրիշ ճանապարհ, բացի հակամարտող ժողովուրդների համար ընդունելի պայմանավորվածություններից, ուրեմն այդ ժողովուրդները պետք է ունենան գոնե կենսագործունեության նման սկզբունքներ եւ հետագա զարգացման ընդհանուր ճանապարհ: Այլընտրանքի բացակայության պատճառով այդ ընդհանրությունների ստեղծման միակ եղանակը ժողովրդավարացումն է:

Տիպային հարցազրույցների երկրորդ խումբը, որոնք անց է կացրել «Ռեգիոն» կենտրոնը Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ, նպատակ ուներ պարզելու ժողովրդավարացման խնդիրների հետ կապված ընդհանուր պատկերը, գլխավորը՝ թե որքանո՞վ է գիտակցվում երկու երկրներում ժողովրդավարացման անհրաժեշտությունը հենց այս` հակամարտությունների լուծմանը հասնելու տեսանկյունից: Այս հարցազրույցներն արժեքավոր են իրենց էմպիրիկ նկարագրություններով, այն փաստարկներով, որոնք բնորոշ են ներկայիս իրողություններին, նաեւ քննադատական այն ազատությամբ, որը բնորոշ է «սեփական դաշտում» տիրող իրավիճակի մասին խոսակցություններին, բայց ոչ երբեք այն նյութերին, որոնք նվիրված են ղարաբաղյան հակամարտության մեջ եղած դիրքորոշումների վերլուծությանը: Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին իրավիճակները ոչ մի ընդհանուր բան չունեն ղարաբաղյան կարգավորման հետ, եւ որ դրանք զուգահեռ աշխարհներից վերցված երեւույթներ են:

Վերադառնանք, սակայն, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարացման խնդիրներին, որոնք այս անգամ խմբավորել էինք ըստ չորս թեմաների. Հայաստանում եւ Ադրբեջանում արդար դատավարության իրավունքի խնդիր (ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյան եւ Իրավական կրթության ընկերության նախագահ Ինտիգամ Ալիեւ), երկու երկրների ոստիկանություններում տիրող իրավիճակ (Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան եւ Անկախ իրավաբանների լիգայի նախագահ Իսահան Աշուրով), ԶԼՄ-խնդիրներ (մշակութաբան Հրաչ Բայադյան եւ «Թուրան» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւ), բազմակուսակցականության եւ ընտրությունների հետ կապված գործընթացներ (Երեւանի պետհամալսարանի դասախոս Հրայր Թովմասյան եւ «Հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ նախագահ Էլդար Իսմայլով): Այս հարցազրուցներն արդեն տպագրվել են «Ազգ» եւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթերում:

Իրավապահ մարմիններ

Ելնելով հայ եւ ադրբեջանցի փորձագետների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ոստիկանության եւ դատական ատյանների մասին հարցազրույցներից՝ այս երկու ճյուղերի իրավիճակը փոխկապակցված է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ, Ա. Իշխանյանի խոսքերով, դրանք նույն համակարգի երկու մասեր են: Բայց ոչ այն պատճառով, որ կոչված են պաշտպանելու օրենքը, կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, այլ՝ քանի որ ծառայում են իշխանություններին, կատարում նրանց հրահանգներն ու հանձնարարությունները: Մենք ունենք մի տեսակ «ապաքաղաքական իրավապահպան մարմիններ», բայց որովհետեւ նրանց համար միեւնույն է, թե ով կլինի իշխանության գլխին, կարեւորը իշխանավորներին պաշտպանելն է, նրանց, ով այս պահին ունի լիազորություններ:

Կարելի է այս տեսակ եզրակացության գալ (որ Ադրբեջանում ոստիկանությունն «ավելի հաճախ պաշտպանում է միայն իշխանության շահերը» եւ խաղում, այսպես կոչված, քաղաքական ամորտիզատորի դեր՝ իր վրա ընդունելով իշխանություններին ուղղված հասարակության ցասումը) նաեւ ադրբեջանցի փորձագետ Ի. Աշուրովի հարցազրույցից: Այն, որ հայ եւ ադրբեջանական ոստիկանությունները չեն կարողանում կատարել իրենց հիմնական գործառույթները, Հայաստանում եւ Ադրբեջանում հանրահայտ փաստ է:

Ոստիկանությունը չի վայելում քաղաքացիների վստահությունը, քանի որ վերջիններս այս ատյանում չեն կարողանում ապացուցել իրենց ճշմարտությունը, ոստիկանությունում եւ դատարաններում հիմնականում հաղթում է իշխանավորների ճշմարտությունը, այդ պատճառով տիրում է անպատժելիություն: Հայ փորձագետը չի կարողանում բերել հայ ոստիկաններին իրենց աշխատանքի ընթացքում ոչ իրավական, անօրինական մեթոդներ ( կտտանքներ, ճնշումներ եւ այլն ) կիրառելու համար պատասխանատվության ենթարկելու օրինակներ: Նման օրինակներ շատ քիչ կան եւ կապված են այն դեպքերի հետ, երբ ճնշումներ են կիրառվում երկրում հայտնի անձանց նկատմամբ:

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում համեմատաբար վերջերս բացահայտվեց ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանցավոր գործունեությունը, սակայն, ինչպես նշում է ադրբեջանցի փորձագետը, դա չի նշանակում, թե «օրինականության պահպանման մարմիններում իրավիճակը վերահսկվում է, իսկ եթե նույնիսկ վերահսկվում է, ապա ոչ օրինականության սկզբունքով»: Ավելին, «ուսադիրավոր հանցախմբի» մերկացումից հետո հասարակության մեջ որոշ ժամանակով բարձրացավ ոչ թե ՆԳՆ-ի, այլ Ազգային անվտանգության նախարարության նկատմամբ վստահությունը, որն էլ բացահայտել էր այդ գործը:

Բավական հետաքրքիր երեւույթներ է նկարագրում ադրբեջանցի փորձագետը, որոնք կապված են ադրբեջանական մենթալիտետի եւ սեփական ոստիկանության նկատմամբ հասարակության վերաբերմունքի առանձնահատկությունների հետ: Ոստիկանությունում աշխատում են շարքային ադրբեջանցիներ, իսկ «կյանքը ցույց է տալիս, որ հասարակ ադրբեջանցու համար իշխանությունը սրբություն է»: Եվ եթե դա այդպես է, ապա կարծում եմ, որ առանձնապես տարբերություն չէր լինի այն բանի մեջ, թե այդ իշխանությունները ներկայացված կլինեն ի դեմս Ալիեւների՞ ընտանիքի, թե՞ ի դեմս «ընտրությունից ընտրություն» իշխանություն ստացած նոր ուժերի կամ կլանների: Իշխանության թեւերի տարանջատման խնդիրը ամենագլխավորն է ցանկացած երկրի բնակչության իրավունքների պաշտպանության հարցում առաջխաղացում ունենալու համար:

Դատական ատյաններում եղած խնդիրներից ամենակարեւորն այն է, որ այստեղ որոշումներ կայացնելիս հայացքներն ուղղում են իշխանությունների կողմը: Սակայն, ինչպես նշում է հայ փորձագետ Ռ. Սահակյանը, իշխանության թեւերի սերտաճածության պատճառները իշխանության ներկայացուցիչների եւ հասարակության մեջ են` «մենք բոլորս ենք պատրաստ խախտել օրենքները» (այսպես է ներկայացնում հայկական մենթալիտետը Ռ. Սահակյանը): Մյուս կողմից, ինչպես նա է նշում, օրենքների ճիշտ կիրառման դեպքում մենք չէինք ունենա այն խնդիրները, որոնք կան ռեալ իրականության մեջ: Եվ եթե դա այդպես է, ապա պետք է ենթադրել, որ դատական ատյաններում բացասական երեւույթների համար գլխավոր պատասխանատուները ոչ թե «մենք բոլորս ենք», այլ իշխանությունները: Քանի որ նրանք ունեն բոլոր հնարավորությունները եւ իրավասություններն այնպես անելու, որ տեղի ունենա արդարադատություն խաղի ընդհանուր կանոնների հիման վրա: Այլապես, ինչպես պատկերավոր նկարագրում է ադրբեջանցի փորձագետը, «արդարադատության խորանը»` դատարանները, կհիշեցնեն մի համատարած շուկա, որտեղ ամեն ինչ վաճառվում ու գնվում է:

Կան դատավարություններ, որտեղ կայացվում են ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշումներ: Ճիշտ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում «երբեմն արդար դատավարության հասնել հնարավոր չի լինում նույնիսկ հարուստ մարդկանց համար, քանի որ նրանց նկատմամբ ձեւավորվում է իշխանությունների որոշակի վերաբերմունք», ապա կասկածում եմ, որ այդպես միանշանակ կարելի է պնդել, թե ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում դատական անօրինական որոշումները կապված են միայն այս կամ այն իշխանավորի անձնական շահերի հետ: Նույնիսկ կասեի, որ եթե Հայաստանում չկան «դասական քաղբանտարկյալներ», ապա հաստատ կան բազմաթիվ տուժածներ երկրում տիրող ներքաղաքական գործընթացներից:

Ընդհանուր առմամբ, այս երկու զույգ հարցազրույցները աչքի են ընկնում դրական գնահատականների տարբերությամբ, ինչը բնորոշ է «ներսից հայացքներին», փորձագետներին, ովքեր իրենց մասնագիտությամբ պատկանում են դիտարկվող այս կամ այն բնագավառին: Այսպես՝ իրավապաշտպան Ա. Իշխանյանը, բացի նրանից, որ վերջին տարիների ընթացքում կատարվել է մի դրական քայլ` ստեղծվել է հասարակական դիտորդների խումբ, որը կարող է անարգել այցելել ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրեր եւ այնտեղ դիտարկումներ անել, ոստիկանական համակարգում ոչ մի դրական բան չի նշում:

Իսկ մասնագիտությամբ իրավաբան եւ Անկախ իրավաբանների լիգայի ներկայացուցիչ Ի. Աշուրովն ընդգծում է, որ չնայած ոստիկանների նկատմամբ եղած ընդհանուր բացասական վերաբերմունքին, նրանց շարքերում քիչ չեն պատվի եւ արժանապատվության մասին պատկերացումներ ունեցող պատրաստված մասնագետները: Նրանց մակարդակի մասին խոսում է նաեւ այն, որ Բաքու-Թբիլիսի-æեյհան նավթատարի ադրբեջանական հատվածի անվտանգության պահպանումը վստահվել է ոստիկանությանը: Այն դեպքում, երբ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը չի համապատասխանում նրանց կենսաապահովման պահանջներին եւ ոչ մի համեմատության մեջ չի կարելի դնել իրավապահ այլ համակարգերում եղած աշխատավարձերի հետ: Ի տարբերություն Ինտիգամ Ալիեւի, փաստաբան Ռ. Սահակյանը դրական է խոսում Հայաստանում փաստաբանական ինստիտուտի մասին:

Ադրբեջանցի փորձագետը նշում է, որ այդ ինստիտուտը ծայրաստիճան թույլ է իր երկրում: Իսկ Ռ. Սահակյանը պնդում է, որ հայկական փաստաբանական ինստիտուտը նույնիսկ արդեն դրսեւորում է զարգացման միտումներ, դա ակնհայտ է, ի տարբերություն դատավորների, փաստաբաններն ավելի պրոֆեսիոնալ են, քանի որ «նրանք չունեն կաշառք վերցնելու հնարավորություն», «աշխատում են ընդլայնել իրենց գիտելիքները, բարձրացնել մասնագիտական հմտությունը»:

Ե՛վ հայ, եւ՛ ադրբեջանցի փորձագետները մեծ նշանակություն են տալիս քաղաքացիների առջեւ բացված Եվրադատարան դիմելու հնարավորությանը: Բայց եթե հայ փորձագետը` փաստաբանը, համարում է, որ Եվրադատարանի արդյունավետությունը անմիջականորեն կապված է այն նյութական վնասի հետ, որը որպես պատժամիջոց կարող են կրել պետությունն ու սխալ որոշում կայացրած կոնկրետ դատավորը, ապա ադրբեջանցի փորձագետի` իրավապաշտանի համար կարեւորն այն է, որ Եվրադատարանի որոշումները հնարավոր չէ ժխտել ու արհամարհել, եւ երկրի իրավապաշտապաններն այլեւս չեն հայտարարվի ժողովրդի թշնամիներ, իսկ նրանց հաշվետվությունները` զրպարտանք:

ԶԼՄ-ներ եւ ընտրության ազատություն

Հայաստանի քաղաքացիները ընտրազանգված են լինելու մինչեւ մայիսի 12 -ը: Ընտրության իրավունքը, թերեւս, միակն է, որը լայնորեն կիրառելու մասին կոչեր անում են երկրի բոլոր ուժերը համազգային նշանակության ընտրապայքարից ընտրապայքար: Քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ժողովրդավարության հերթական թեսթը հանձնելուն, որը, ինչպես երեւում է բերվող փաստարկներից ( թե ինչու չի կարելի տապալել այս ընտրությունները), ավելի շատ կապված է ԵՄ-ի հետ գործընկերությունը կորցնելու, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից զրկվելու վտանգի հետ: Սակայն, այսպիսի հիմնավորումները հասցեագրվում են քաղաքականությանն իրազեկ քաղաքացիներին: Ընտրողների ավելի լայն զանգվածների հետ շփումներն ընթանում են նրանց համար հասկանալի լեզվով, գործի են դրվում սոցիալական ամեն տեսակի խոստումները:

Հայաստանի համար միջազգային կազմակերպություններից ստացվելիք դրական գնահատականը նշանակում է եվրոպական տարածաշրջանում եթե ոչ բավական լուրջ, ապա գոնե հավասար խաղացող դառնալու հնարավորություն ստանալ: «Հայաստանի զարգացման միակ ուղին անցնում է ժողովրդավարության միջով» ձեւակերպումը շատ հաճախ են հնչեցնում քաղաքական գործիչները, այդ թվում նաեւ պաշտոնյաներն ու փորձագետները, քանի որ համաշխարհային տերություններին գայթակղող բնական պաշարների բացակայության պատճառով Հայաստանին մնում է արտաքին աշխարհին ինտեգրվելու, իր անվտանգության պայմանների ստեղծման միայն այս միջոցը: Ինչպես պնդում է հայ փորձագետ Հ. Թովմասյանը, ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է երեք գործոնների առկայություն` իշխանությունների կամք, հասարակության մեջ քաղաքական եւ իրավական կուլտուրա, ընտրական օրենսդրություն:

Այսօր այս երեքից կարելի է վստահաբար խոսել միայն երրորդ գործոնի առկայության մասին, քանի որ նախորդ ընտրություններից հետո անցած ժամանակաընթացքում Հայաստանում ոչինչ չի փոխվել, որպեսզի հնարավոր լինի ասել, թե կոփվել է իշխանությունների քաղաքական կամքը ( այսինքն՝ որ պարտության դեպքում այն ընդունելու, իրավասությունները վայր դնելու պատրաստակամություն կա ) , ոչ էլ երեւում է, թե էապես մեծացել է հասարակության քաղաքական եւ իրավական կուլտուրան: Համենայնդեպս, այդ են վկայում նաեւ նախընտրական գործընթացների նախօրեին հայ փորձագետների կարծիքներն ու գնահատականները Հայաստանում բազմակուսակցականության եւ ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակների մասին: Դատելով Ադրբեջանում եղած խորքային խնդիրներից, որոնք վեր են հանել ադրբեջանցի փորձագետները, մինչեւ հաջորդ տարի, մինչեւ այնտեղ էլ հերթական ընտրությունների անցկացումը, դժվար թե հնարավոր լինի շոշափելի առաջընթաց ունենալ նշված երեք գործոնների հարցում:

Հայաստանում եւ Ադրբեջանում բազմակուսակցականության գլխավոր թերությունը նրանց ձեւականությունն է: Քաղաքական ասպարեզում երեւացող կուսակցությունների մեծ մասը քիչ են տարբերվում իրենց ծրագրերով եւ գաղափարական հիմքերով: Հատկանշական է, որ այդ նմանությունը կարելի է գտնել ոչ միայն իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներում խմբված կուսակցությունների, այլ նույնիսկ իշխանական եւ ընդդիմադիր ճամբարների համեմատության դեպքում: Հետեւաբար, այսպես կոչված դեռ չկողմնորոշված ընտրողները, ովքեր տարբեր սոցհարցումներով այսօր ընտրազանգվածի գրեթե մեկ երրորդ մասն են կազմում, դժվար թե կարողանան ընտրություն կատարել հավակնորդ 25 քաղաքական ուժերի միջեւ՝ ըստ նրանց ներկայացրած ծրագրերի եւ գաղափարական ուղղվածության:

Ընտրությունը կարող է կատարվել կամ ականջի համար սովոր կուսակցությունների, նրանց ցուցակներում ընդգրկված անձանց անուններից ելնելով, կամ էլ տարբեր շրջաններում անվճար բժշկական օգնության, կրթության համար վճարների, բաժանված բջջային հեռախոսների եւ այլ նախընտրական ընծաների դիմաց արդեն «խոստացված ձայների» հաշվին: Ընտրազանգվածին իրենց կողմը գրավելու ձեւերը բազմազան են, ինչպես նաեւ բավական մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր ունեն օգնության խիստ կարիք: Դատելով տարբեր նախընտրական գործընթացներից` ընտրությունները ձեռք են բերել յուրօրինակ փիլիսոփայական ընկալում. եթե կուսակցությունների համար դրանք սելեկցիայի հնարավորություն են, ապա չքավոր բնակչության համար առաջարկված անվճար ծառայություններից օգտվելու կարճատեւ, բայց լայն հնարավորություն:

Ընդունված է կարծել, որ ընտրությունները աստեղային ժամ են կուսակցությունների եւ ԶԼՄ-ների համար, որոնց համագործակցությունը հասնում է նախանձելի չափերի ու տեմպերի: Սակայն, ընդհանուր գործընթացները ցույց են տալիս, որ ընտրությունները նաեւ լայն ընտրազանգվածի համար իրենց սոցիալական գոնե որոշ խնդիրները լուծելու հույս են (Հայաստանում վաղուց է նկատվում մի երեւույթ. իշխանական կուսակցություններից տարբեր շրջաններով ման եկող թեկնածուները «անսպասելիորեն» իմանում են բնակչությանը հուզող մի բավական պարզ խնդրի մասին եւ միանգամից, նախընտրական փուլում լուծում են այն):

Ընտրությունները հնարավորություն են տալիս կուսակցություններին բնակչության լայն շերտերի առջեւ ներկայանալու եւ կամ իրենց մասին հիշեցնելու համար: Էլեկտրոնային ԶԼՄ-ների լիակատար հսկողության պատճառով բոլոր ոչ իշխանական կուսակցությունները զրկված են լինում ընտրողների հետ շփվելու այս կարգի բավական արդյունավետ միջոցից:

Հետաքրքիր է, որ Հայաստանում ոչ բոլոր կոսակցություններն են օգտվում իրենց քարոզչությունը Ինտերնետի օգնությամբ անցկացնելու հնարավորությունից: Մինչդեռ, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ամենավերջին ցուցանիշները չունեն տարբեր ինտերնետային ֆորումներից եւ այլ վեբ-ռեսուրսներից մշտական օգտվողների քանակի առումով (ըստ Հեռահաղորդակցության միջազգային միության 2006 թվականի տվյալների` Հայաստանը զբաղեցնում է 124, Ադրբեջանը՝ 120-րդ տեղը, Ինտերնետից օգտվողների ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է 150 հազ., Ադրբեջանում՝ 408 հազ. մարդ): Սրանք պոտենցիալ ընտրողների բավական մեծ բանակներ են, ընդ որում` համեմատաբար ավելի կրթված եւ զարգացած, որոնց հետ մշտական աշխատանքի հնարավորությունից չեն օգտվում, կարծում եմ, ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում:

Ադրբեջանում բազմակուսակցականությունը, ինչպես նշում է փորձագետ Է. Իսմայլովը, նույնպես տուժում է բազմաթիվ ձեւականություններից: Դա եւ՛ այդքան էլ չտարբերվող գաղափարախոսություններն են, եւ՛ «ոչ իշխանական ճամբարի կուսակցությունների համար գոյություն ունեցող սահմանափակումները»: Սակայն, ի տարբերություն հայկական կուսակցական իրականության, ադրբեջանական իշխանությունները նպաստում են ոչ միայն, այսպես կոչված, իշխանամետ ուժերի ճամբարի մեծացմանը, այլեւ աշխատում են մեխանիկորեն սատարել ընդդիմադիր ուժերին, քանի որ իշխանություններին «ձեռք չի տալիս, որ ընդդիմությունն իսպառ դադարի գոյություն ունենալուց»: Հենց այդ պատճառով, պնդում է փորձագետը (այսինքն, որպեսզի չբարդանա ընդդիմադիր կուսակցություների ոչ նախանձելի վիճակը), մինչ օրս փոփոխություններ չեն մտցվել «Քաղաքական կուսակցությունների մասին» վաղուց ընդունված օրենքում:

Ընտրողների ակտիվությունը, չնայած հայտարարվող ավելի բարձր ցուցանիշներին, իրականում այդքան էլ ցածր չէ («մասնակցության 45-50 % -ը եվրոպական ստանդարտներով նորմալ տվյալներ են»): Ուրեմն ինչո՞վ բացատրել Ադրբեջանում նման ակտիվությունը, որտեղ ընտրական փուլերն ու նախընտրական գործընթացները այդքան էլ չեն տարբերվում Հայաստանում տեղի ունեցող երեւույթներից: Է. Իսմայլովը պնդում է, որ Ադրբեջանում ընտրությունների արդյունքները միշտ նախօրոք հայտնի են լինում («Ենի Ազերբայջան» կուսակցության ջախջախիչ հաղթանակ եւ ընդդիմության դառը պարտություն, որն ուրիշ իրավիճակների համար ցանկալի համառությամբ ընտրությունից ընտրություն կիրառում է նույն տեխնոլոգիաները): Սակայն, ընդդիմադիրների հնարավորություններից արդեն հիասթափված մարդիկ լավագույն փոփոխությունների իրենց հույսերը կապում են ոչ թե այս կամ այն քաղաքական ուժերի, այլ կոնկրետ անհատների հետ (Ադրբեջանում գործում է ընտրական միայն համամասնական համակարգը): Կարծում եմ, որ այս հանգամանքը կարող է ավելի ազդել այն բանի վրա, որպեսզի Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը այդպես էլ չհոգան ընտրություններից առաջ միավորվելու եւ միասնական ճակատով հանդես գալու մասին, ինչպես դա եղել է բազմիցս նախորդ ընտրությունների ժամանակ:

Հայաստանում եւ Ադրբեջանում լայն լսարանին իրենց հայացքները տեղ հասցնելու խնդիրն առկա է տարբեր պատճառներով, որոնցից ամենագլխավորը էլեկտրոնային ԶԼՄ-ների վերահսկողությունն ու մամուլի ծայրահեղ ցածր տպաքանակն է: Փակ շրջանը, որի մեջ գտնվում է ադրբեջանական մամուլը, դիպուկ նկարագրում է «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը (մամուլում գովազդի չնչին ծավալ, այդ թվում նաեւ թերթերի ցածր տպաքանակի պատճառով, թերթերի ցածր տպաքանակ բնակչության գնողունակության է՛լ ավելի վատացման արդյունքում, հատկապես այս տարվա հունվարից սկսած, երբ Ադրբեջանի Սակագնային խորհրդի որոշամբ մի քանի անգամ բարձրացան կենսագործունեության համար կարեւոր մի շարք ապրանքների գները եւ այլն):

Հայ եւ ադրբեջանցի փորձագետների՝ իրենց երկրներում խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների մասին կարծիքները նույնպես կարելի է բնութագրել որպես «հայացք ներսից», եւ համեմատաբար «կողմնակի հայացք» (հայ փորձագետը զբաղվում է մեդիահաղորդակցության խնդրով): Ընդհանուր առմամբ, երկու փորձագետներն էլ ճշգրտորեն ընդգծում են իրենց երկրներում խոսքի ազատության հարաբերական առկայության մասին: Մ. Ալիեւի համար այդ ազատությունը զուտ ձեւական է, քանի որ կան այդ մասին համապատասխան օրենքներ, Հ. Բայադյանի համար այդ հարաբերականությունը դրսեւորվում է մի կողմից ընդդիմադիր մամուլի առկայությամբ, որը շատ հարցերում ավելի ազատ է, իսկ մյուս կողմից՝ իշխանությունների կողմից ջանասիրաբար վերահսկվող բոլոր հեռուստաընկերություններով:

Բայց, ըստ էության, լինել ընդդիմադիր, եւ նույնիսկ անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչ չի նշանակում ունենալ ազատ խոսք, քանի որ այդ ազատությունը չի կարող սահմանափակվել միայն իշխանություններին քննադատելու ազատությամբ: Բայց, ի տարբերություն Մ. Ալիեւի, Հ. Բայադյանը հիշատակում է նաեւ մի շարք գործոններ, որոնք սահմանափակում են լրագրողների ազատությունները եւ կապված չեն ֆինանսական միջոցների հետ: Եթե Մ. Ալիեւի համար խոսքի ազատության ճանապարհին եղած գլխավոր խոչընդոտը լրագրողների համար տեղեկատվության սահմանափակ մատչելիությունն է, ապա Բայադյանն ավելի մանրամասն է ներկայացնում այն հանգամանքները, որոնք ազդում են խնդրի վրա առհասարակ՝ տաբուացված թեմաներ, որոնք պայմանավորված են լրագրողների քաղաքական համակրանքներով եւ հակակրանքներով, նրանց մասնագիտական ունակությունների ոչ բավարար մակարդակով, կրթությամբ: Այս շարքին ես կավելացնեի էթիկայի, անկանոն դրսեւորվող լրագրողական համերաշխության խնդիրները եւ այլն:

Սրանք խնդիրներ են, որ «քննարկվում են միջանձնային կորպորատիվ զրույցների» ընթացքում եւ «ոչ օտար ականջների համար», երբ յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց «կարող է ունենալ իր ոճն ու իր ստերեոտիպերը, յուրաքանչյուր լրագրող իր «ակնոցը», եւ պատրաստի նյութը պահանջվող արագությամբ», երբ լրագրողներին էլ կարելի է դասդասել ըստ նրանց փաստարկների եւ վարվեցողության եւ ստանալ ԶԼՄ-սեփականատերերի, լրագրողական վերնախավի եւ լրագրողական պրոլետարիատի խմբեր:

Իհարկե, ինչպես ընդգծում են Մ. Ալիեւը եւ Ադրբեջանից մեր բազմաթիվ այլ գրծընկերները, ադրբեջանցի լրագրողների նկատմամբ կիրառվում են ճնշման անհամեմատ ավելի դաժան միջոցներ` ահաբեկումներից մինչեւ սպանություններ եւ ձերբակալություններ, ինչպես դա տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 20-ին «Ռեալնի Ազերբայջան» թերթի խմբագիր Էյնուլա Ֆատուլաեւի հետ: Նա դատապարտվեց 2,5 տար վա ազատազրկման Ադրբեջանի ՔՕ 147 եւ 148 հոդվածներով` զրպարտանք եւ վիրավորանք: Սակայն, կարծում եմ, որ հայ փորձագետի նշած խնդիրներն առկա են նաեւ ադրբեջանական լրագրողական շրջանակներում:

Նախընտրական քարոզարշավից առաջ հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ եւ հասարակական կազմակերպություններ ստորագրեցին Էթիկայի կանոնագիր, որը, դատելով այդ մասին արված հայտարարությունից, պետք է նպաստի ընտրությունների անկողմնակալ լուսաբանմանը եւ աշխատանքի մեջ մասնագիտական պարտավորությունների գերակայությանը: Իհարկե, ոչ բոլոր ԶԼՄ-ները միացան այդ ակցիային, եւ ոչ բոլոր ստորագրողներն են հետեւում փաստաթղթում սահմանված կանոններին: ԶԼՄ դիտարկումների արդյունքներով՝ էլեկտրոնային լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ վարում են հավասարակշռված տեղեկատվական քաղաքականություն խորհրդարան մտնելու համար պայքարող կուսակցությունների նկատմամբ: Հավանաբար, ընտրությունները նրանց համար էլ են վերածվում զվարճալի մի ժամանակահատվածի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter