HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարը ելույթ է ունեցել կառավարությունում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետի հանձնարարությամբ վերջին օրերին համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը. 

«Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ, որն, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների, պայմանավորված է եվրոպական տարածաշրջանում համանման հիվանդությունների զգալի աճի հետ, մասնավորապես, A տեսակի գրիպի, որի 56 տոկոսը, ըստ համապատասխան տվյալների, պայմանավորված է H1N1 հարուցիչով: Դեկտեմբերի 30-ին վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարի գլխավորությամբ ձևավորվել է արագ արձագանքման խումբ և կատարված աշխատանքների մասին ամեն օր զեկուցվել է վարչապետին:

Երկու հիմնական ուղղություններ են զարգացել, մեկը՝ կանխարգելիչ, որը կրել է և´ օպերատիվ բնույթ, և´ պլանային: Պլանայինից կարող եմ նշել, որ մենք դեռևս սեպտեմբեր ամսից կազմակերպել ենք H1N1 հարուցիչի դեմ պայքարի համապատասխան դասընթացներ բժիշկների համար, շուրջ 15000 մարդու պատվաստվել է կամավոր սկզբունքով, ներառյալ խոցելի խմբերը՝ մասնավորապես, մանկատներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում գտնվող անձինք, ընդունարանների և առաջնային օղակի բուժանձնակազմը:

Ուժեղացվել են, համապատասխանաբար, սահմանային անցումային կետերում գտնվող մեր ծառայությունները: Ամսի 8-ից հետաձգվել են դպրոցների և նախադպրոցական հաստատությունների աշխատանքները: Սահմանափակվել է հիվանդանոցների առանձին բաժանմունքների մուտքը: Բուժական աշխատանքներից կազմակերպվել է շուրջօրյա պոլիկլինիկական ծառայությունների աշխատանք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի հետ համատեղ, ներառյալ շաբաթ և կիրակի օրերը: 

Ընդհանուր առմամբ 20000-ից ավելի այցելություն է եղել պոլիկլինիկական ցանց, որից 7000-ը պայմանավորված է եղել սուր շնչառական վարակներով: Հիվանդանոցային ցանցն աշխատել է շուրջօրյա ծանրաբեռնվածությամբ: Այս պահին հիվանդանոցներում գտնվում է 948 հիվանդ սուր շնչառական ինֆեկցիաներով, 420 հիվանդ գտնվում է թոքաբորբերով, 114 հղի կին գտնվում է հսկողության ներքո: Այդ 420 հիվանդից 213-ը երեխաներ են, 38-ը թոքաբորբով հղի կանայք են, վերակենդանացման բաժիններում գտնվում է 92 հիվանդ:

Երեխաների թիվը կազմում է 796՝ ընդհանուր հոսպիտալացման 80 տոկոսից ավելին: Հարյուրավոր հիվանդներ ապաքինված արդեն գտնվում են տանը: Ցավոք, արձանագրվել են նաև մահվան դեպքեր. մինչև տարվա սկիզբ՝ 3 դեպք, այս տարվա ընթացքում՝ 8 դեպք, որոնց մոտ գրանցվել է H1N1 հարուցիչը: Բոլոր մահվան դեպքերը եղել են վերակենդանացման բաժիններում՝ ուղեկցող հիվանդություններով կամ ուշ դիմելիության պայմաններում:

Այս պահին 11 հիվանդի միացված է արհեստական շնչառության ապարատ, և նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ամբողջ գործընթացը կազմակերպվել է պետական պատվերի շրջանակում՝ անկախ սոցիալական կարգավիճակից և արտոնություններից: Համապատասխան դեղորայքով հագեցած է եղել հիվանդանոցային ցանցը, ներառյալ համապատասխան հարուցիչի դեմ պայքարի «Տամիֆլյու» դեղամիջոցը, որը տրվել է անվճար սկզբունքներով: Երեկվանից այդ դեղը անվճար տրվում է նաև ամբուլատոր ցանցում: Մինչ այդ այլ տեսակի հակավիրուսային դեղերը ևս տրամադրված են եղել պոլիկլինիկական ցանցում: Երեկ տեսնելով, գնահատելով, որ ներհիվանդանոցային վարակների խնդիր կարող ենք ունենալ, նաև ամբուլատոր ցանցին ենք տրամադրել՝ հաշվի առնելով, որ բնակչության հիմնական զանգվածը գնում է դեպի հիվանդանոցներ և ոչ թե պոլիկլինիկաներ:

Առավոտյան տվյալներով, երեկվա երեկոյան տվյալների հետ համեմատած, ունենք դեպքերի քանակի նվազում: Սակայն հաշվի առնելով, որ հոսպիտալացված ընդհանուր հիվանդների 80 տոկոսը երեխաներ են, և քանի որ մեր կանխարգելիչ միջոցառումների ցանկում դպրոցների և նախադպրոցական հաստատությունների աշխատանքների մեկ շաբաթով հետաձգումը տվել է իր արդյունավետությունը, առաջարկում ենք ևս մեկ շաբաթով երկարաձգել ձմեռային արձակուրդները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում: Շարունակվում են նաև կանխարգելիչ և բուժական աշխատանքները, որի մասին կտեղեկացնեմ հավելյալ»:

Պատասխանելով Հովիկ Աբրահամյանի հարցերին՝ նախարարն ընդգծել է, որ սուր շնչառական հիվանդություներով վարակված բոլոր քաղաքացիների հիվանդանոցային բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչպես նաև հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով: Վարչապետը հանձնարարել է կարգավորել դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգելու հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter