HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու են արտահանողները սպառնում Հովիկ Աբրահամյանին. իրանական գազի փակ խաղաքարտը

Հունվարի 16-ին կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող մարմինների ղեկավարների հետ: Ըստ Կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ գործարարների մտահոգությունները: Վարչապետ Աբրահամյանը երկու կարևոր հայտարարություն է արել: Նախ՝ նա ասել է, թե անթույլատրելի է որևէ աշխատատեղի կրճատումը և կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աշխատատեղերի պահպանման և ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար «տարբեր գործիքներով» աջակցել արտադրողներին: Ապա, կապված տեղական արտադրանքի մրցունակության, այսինքն՝ արտահանման ծավալների նվազման հետ, նա տեղեկացրել է, որ դիմել են ՌԴ-ին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինն իջեցնելու հարցով: Եվ հաշվի առնելով Ռուսաստանի հետ գործընկերության  ռազմավարական բնույթը՝ ակնկալում են, որ հարցը դրական կլուծվի:

Կարելի է ասել՝ գործարարները վարչապետին փաստացի հասկացրել են, որ եթե դրսում անմրցունակ լինելու պատճառով իրենց արտադրանքի արտահանման ծավալները շարունակեն մնալ ներկայիս մակարդակին,  ստիպված են լինելու դիմել աշխատատեղերի կրճատման, ինչը, բնականաբար, հանգեցնելու է գործազուրկների ավելացման՝ սրելով երկրում սոցիալական ընդհանուր վիճակը: Հայտարարելով, թե կրճատումներն անթույլատրելի են, Հովիկ Աբրահամյանն իր հերթին դրա պատասխանատվությունը փորձում է դնել տնտեսվարողների վրա:

Որպես խնդրի լուծման տարբերակ՝ փաստորեն դիտարկվել է տեղական արտադրանքի ինքնարժեքի վրա մեծ ազդեցություն թողնող էներգակիրների գնի նվազեցման համար ՌԴ-ին դիմելը: Այսինքն՝ վարչապետը գործարարներին հորդորել է սպասել, գոնե մինչև հայտնի կդառնա գազի գնի նվազեցման իրենց առաջարկին Մոսկվայի արձագանքը:

Առնվազն տարօրինակ է, որ գազի գնի իջեցման հարցով Մոսկվային դիմելու մասին կառավարությունը բարձրանում է միայն գործարարների կողմից կառավարությանը փաստի առաջ կանգնեցնելուց հետո: Չի բացառվում, որ պատճառը Ռուսաստանից դրական արձագանք ստանալու ներքին անվստահությունն է: 2013թ., երբ խորհրդարանը վավերացնում էր հայ-ռուսական հայտնի խայտառակ պայմանագրերը, կառավարությունը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեցին, որ գազի գինը փոփոխության չի ենթարկվելու առաջիկա 5 տարվա ընթացքում: Այն ժամանակ դա ձեռքբերում էր համարվում՝ էներգակիրների գնի թանկացման միտումների պատճառով: Սակայն հիմա, երբ ողջ աշխարհում տեղի է ունենում էներգակիրների գնանկում, ՌԴ-ի հետ այդ համաձայնությունը Հայաստանի համար փաստացի վերածվել է գլխացավանքի: Հղում կատարելով այդ պայմանագրերին՝ ռուսական կողմը հանգիստ կարող է մերժել Երևանի այդ առաջարկը:

Տեսականորեն չի բացառվում, որ Ռուսաստանը կընդառաջի Հայաստանին: Սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, Մոսկվան սովորաբար դրա համար ստիպում է թանկ վճարել: Եվ հարցն այդ դեպքում լինելու է այն, թե այս անգամ ինչ պայմաններ է նա առաջադրելու Երևանին: Մյուս կողմից՝ հարց է առաջանալու, թե արդյոք սակագնի իջեցումն արվելու է Հայաստանի ներսում՝ վերջնական սպառողի, այդ թվում նաև տնտեսվարողների համար, թե՞ միայն «Գազպրոմ»-ին պատկանող «Գազպրոմ Արմենիայի»:    

Շատ ավելի հավանական է, որ Հովիկ Աբրահամյանի առաջարկը մնա անպատասխան: Նախ՝ հայտնի է թե ինչ վերաբերմունք կա Մոսկվայում նրա անձի նկատմամբ: Երկրորդ՝ էներգակիրների գնանկման հետևանքով միլիարդավոր դոլարների վնասներ կրող Ռուսաստանի համար անգամ Հայաստանի նման փոքրիկ շուկայի պարագայում դրան գնալը հիմա կարող է շատ զգայուն լինել: Մանավանդ, եթե նկատի առնենք Չինաստանին մատակարարվող գազի ծավալների կրճատումն ու Իրանի կողմից առաջիկայում անխուսափելիորեն նավթագազային շուկա ներխուժելու և Ռուսաստանի ամենամեծ մրցակիցը դառնալու հեռանկարը: Եվ հիմա ողջ հարցն այն է, թե ինչ է Երևանն անելու մերժում ստանալու պարագայում:

Հունվարի 16-ին ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարեցին Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների մեծ մասը հանելու մասին: Այս որոշումը հսկայական հնարավորություններ է բացում Իրան-Հայաստան տնտեսական, ներառյալ էներգետկ ծրագրեր իրականացնելու համար: Իրանի՝ Հայաստանի էներգամատակարարման համակարգը դիվերսիֆիկացնելու պոտենցիալ միջոցը լինելու հանգամանքը կարող էր Ռուսաստանի հետ գազի սակագնի վերանայման բանակցություններում ծառայեցվել որպես հզոր խաղաքարտ:

Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունը մոտ 2մլրդ խ/մ է, որը բավարար է Հայաստանի գրեթե ողջ ներքին պահանջարկը բավարարելու համար: Մինչդեռ ներկայումս այն գործում է իր պոտենցիալի ընդամենը 25 տոկոսով: «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքով, որի շրջանակներում Հայաստանն Իրանից գազ է ստանում և այն վերածելով էլէներգիայի՝ ետ վերադարձնում, իրանական գազն արժենում է մոտավորապես այնքան, որքան Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարում է սահմանին: Սա իրանական գազը ռուսականին լիարժեք այլընտրանք է դարնձում և վկայում սակագնի որոշման հարցում Հայաստանի նկատմամբ Իրանի ճկունություն հանդես բերելու հնարավորության մասին: Ողջ հարցն այն է՝ ունի՞ Երևանը Մոսկվայի հետ բանակցություններում այդ խաղաքարտը կիրառելու կամք:

Հետաքրքրական է, որ գազի գինն իջեցնելու հարցով Ռուսաստանին դիմելու՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը համընկավ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու՝ Վաշինգտոնի և Բրյուսելի որոշումներին: Արդյոք սա զուտ պատահականություն է, թե՞ դրանով Երևանն անուղղակիորեն փորձում է ազդել Մոսկվայի վրա՝ վերջինիս ցույց տալով, որ ունի խնդիրը թեկուզ մասամբ լուծելու այլընտրանքային եղանակ: Ընդամենը երկու օր առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարում էր, թե Իրանից ստացվող գազի ծավալները կարող են ավելանալ միայն «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում, այսինքն՝ նա բացառեց սպառողական և արդյունաբերական նպատակներով Իրանից գազ զտանալը: Դժվար է հավատալ, որ իրանական գազի մասին հարցերից անգամ նյարդայնություն դրսևորող կառավարությունը հիմա համարձակվում է ռուսների հետ այս հարցում դիվանագիտություն խաղալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter