HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԱՄՀ-ի նոր զեկույցն ազդակ է Հայաստանի համար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) երեկ հերթական զեկույցը հրապարակեց 2016-2017 թթ. համաշխարհային ՀՆԱ-ի աճի վերաբերյալ։ Թեև դրանում Հայաստանի մասին առանձին կանխատեսումներ չկան, բայց որոշ եզրահանգումներ կարելի է անել։ ԱՄՀ-ի գնահատականներով՝ 2016-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի ոչ թե 0,6%-ով, այլ՝ 1%-ով:  Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ այս կառույցի գնահատականը դրական է: Ըստ կանխատեսումների՝ այն 2016-ին կաճի 3,4 %-ով, իսկ 2017-ին` 3,6 %-ով։

Այն, որ գոնե ներկայում, Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ լավատեսական կանխատեսումներ գրեթե չեն հնչում ոչ միջազգային կազմակերպությունների, ոչ փորձագետների և ոչ էլ անգամ ռուս պաշտոնյաների շուրթերից, որոնք մինչև վերջերս պնդում էին, թե վիճակը դեպի դրականն է գնալու, ակնհայտ է։ Այդ ամենը կատարվում է ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից՝ ատոմային ծրագրերի հետ կապված Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման ֆոնին, որը որակավորվում է որպես պատմական իրադարձություն։ Իրանն արդեն կարող է անարգել նավթ վաճառել։ Սպասվում է, որ այս երկիրը կտրուկ կավելացնի առաջարկը նավթի համաշխարհային շուկայում, ինչի հետևանքով «սև ոսկու» զգալի գնանկումը չի ուշանա, եթե դրա արդյունահանող հսկաները որևէ ելքի շուրջ համաձայնության չգան։

Ռուսական տնտեսության համար այս պատմական իրադարձությունը առայժմ բացասական հետևանքներ է խոստանում։ Այս երկիրը հսկայական ծավալներով նավթ է արտահանում, ուստի՝ դրա տնտեսությունը մեծ կախում ունի նավթի գնից։

Չինաստանում նավթի պահանջարկի բարձրացման ֆոնին նախորդ օրը գնի որոշ բարձրացում նկատվեց, բայց ԱՄՀ-ի զեկույցից հետո այսօր նորից նվազում է արձանագրվել։ Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանների արդյունքներով՝ WTI տեսակի նավթի գինը հասել է 28,88 դոլարի, իսկ Brent տեսակինը՝ 28,27 դոլարի։ Տվյալները պարբերաբար փոփոխվում են, սակայն չեն գերազանցում 30 դոլարի հոգեբանական շեմը։ Դա հակառեկորդ է վերջին 12 տարվա համար։ Նավթի գինն այդքան ցածր չի եղել 2004-ից սկսած։ Այդ ցուցանիշները, մեղմ ասած, չեն համընկնում Ռուսաստանի կանխատեսումների հետ, քանի որ Ռուսաստանի 2016 թվականի պետական բյուջեում նավթի գինը ամրագրվել էր 50 դոլարի մակարդակում: Այդ երկրի բյուջետային մուտքերի կեսից ավելին ապահովում են նավթագազային եկամուտները։ Ռուսաստանում նավթի արտահանման միջին ինքնարժեքը մոտ 37 դոլար է։

Նավթի գնանկման հետևանքով դոլարի փոխարժեքն, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հասել է 79,9 ռուբլու։

Նավթի շուկայի վերաբերյալ միջազգային փորձագետներն ու տնտեսագետները որոշ ելքեր են առաջարկում, սակայն դրանք միայն առաջարկներ են, որոնց դեռևս արձագանքներ չկան։ Օրինակ՝ նշվում է, որ եթե Ռուսաստանն առաջին քայլն անի ու նվազեցնի նավթի արդյունահանման ու արտահանման ծավալները, նրան կհետևեն նաև մյուս երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան և ՕՊԵԿ-ի մյուս ներկայացուցիչները։

ԱՄՀ-ի այս զեկույցում, ինչպես նշեցինք, Հայաստանը չի առանձնացվում։ Ընդհանուր նշվում է, որ Ռուսաստանից մեծ կախվածություն ունեցող ԱՊՀ շատ երկրներում տնտեսական անկումը կշարունակվի։ Հայաստանի մասով անկում կգրանցվի, թե ոչ, դժվար է ասել, բայց, որ հայաստանյան տնտեսությունը ռուսական տնտեսությունից մեծ կախում ունեցող երկրներից, փաստ է։ Փաստ է՝ կոնկրետ թվերով։ Առաջինը, որի մասին շատ է խոսվում այս օրերին, այս երկրից եկող տրանսֆերտներն են։ Առհասարակ, Հայաստան եկող տրանսֆերտների առյուծի բաժինն այս երկրից է գալիս։ 2015-ին դրանց ծավալը կտրուկ նվազեց։ Օրինակ, միայն 2015-ի նոյեմբերի արդյունքներով, ըստ ՀՀ կենտրոնական բանկի, մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքի ծավալը կազմել է 68,4 միլիոն դոլար՝ 2014-ի նոյեմբերի ավելի քան 90 միլիոն դոլարի դիմաց։ Նվազումը կազմել է 24%:

Մյուսը՝ Ռուսաստանը Հայաստանի առևտրային խոշորագույն գործընկերն է։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների՝ այս երկրին է բաժին ընկնում Հայաստանի արտահանման 15,1%-ը և ներմուծման՝ 30,6% (ըստ ապրանքի ծագման երկրի)։ 2015-ի հունվար- նոյեմբերին, 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը նվազել է 13,8%-ով։ Դրան էլ հավելած այն, որ Հայաստանից արտահանվող ապրանքների մի մասի գնորդը հիմնականում Ռուսաստանն է։ Եվ երբ այս երկրում տնտեսությունն ու ռուբլին թուլանում են, առաջին տուժողները հայ արտադրողներն են լինում։ Վառ օրինակ են կոնյակ, գինի ու ձուկ արտադրողները։ Ու այսպես, բացասական հետևանքները տարածվում են տնտեսության ամբողջ շղթայով։

Ու այս կախվածության պատճառով է, որ Հայաստանը չի կարողանում օգտվել նավթի գնանկումից։ Թեև առաջին հայացքից թվում է, թե լինելով էներգետիկ ռեսուրսներ ներմուծող երկիր, պետք է օգուտներ քաղեր նավթի գնանկումից։ Իրանի հետ կապված զարգացումներից, գուցե, Հայաստանը որոշ օգուտներ քաղի, բայց դրանք չեն կարող լրացնել այն վնասները, որոնք առաջանում են Ռուսաստանի տնտեսության վատթարացման հետևանքով։ Այսինքն՝ եթե Ռուսաստանի վերաբերյալ ԱՄՀ-ի կանխատեսումներն իրականանան, Հայաստանը դրանից միայն կտուժի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter