HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հունվարի 20-21-ը մասնակցեց Ստրասբուրգում կայացած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստին, որը համանախագահում էին Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և Եվրոպական խորհրդարանի անդամ Սաջադ Քարիմը: ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ և Եվրոպական խորհրդարանի անդամներ, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի ծառայության պաշտոնյաներ:

ԱԳՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ ԱԳ նախարարի տեղակալը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ մոտեցումները և դիրքորոշումները նիստի օրակարգում ներառված Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակի ու զարգացման հեռանկարների, ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների, Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային զարգացումների ու այլ հարցերի վերաբերյալ:

Նիստի ընթացքում փոխնախարար Նազարյանը պատասխանեց ու մեկնաբանեց մասնակիցների մի շարք հարցեր, որոնք առնչվում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, ձեռքբերումներին ու առաջիկա անելիքներին: Կարեն Նազարյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ նշելով, որ հարցի տեղափոխումն այլ հարթակներ կամ զուգահեռ գործընթացներ իրականացնելը կարող են խաթարել միջնորդական ջանքերը և առավել վտանգել տարածաշրջանային կայունությունը: Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ու անդամ երկրների կողմից ընդունած համապատասխան բանաձևերը, անդրադարձ կատարեց սիրիական ճգնաժամի արդյունքում Հայաստանում ապաստան գտած անձանց հիմնահարցերին՝ կոչ անելով եվրոպական գործընկերներին աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝ ուղղված նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter