HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու քաղաքապետերը քաղաքի հողերը «ջրի գնով» օտարել են իրենց թիմակիցներին

Ալավերդու գլխավոր հատակագիծը կառավարության կողմից 2007թ. օգոստոսի 9-ին N 1032-Ն որոշումով հաստատվելուց հետո արդեն 9 տարի է փոշոտված գտնվում է քաղաքապետարանի բաժիններից մեկում: Հատակագծի նախագծման համար պետբյուջեից վճարվել է 7 մլն դրամ: Գլխավոր հատակագծի իրականացման պատասխանատուն քաղաքապետն է: Հատակագծով սահմանված քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերը սեփականաշնորհելիս Ալավերդու քաղաքապետերը մասնագիտական աջակցություն չեն ստացել՝ մասնագետ ճարտարապետի դերը թերագնահատելու և այդ պաշտոնում ոչ մասնագետ մարդկանց աշխատանքի ընդունելու պատճառով։

«Մենք դեռ 90-ական թվականներից խնդիր ենք դնում քաղաքապետարաններում մասնագետ ճարտարապետներ աշխատանքի ընդունելու համար: Խնդիրը բարձրացրել ենք կառավարության առաջ, սակայն հաջողության չենք հասել: Հարցն այն է, որ ՏԻՄ-երի աշխատակազմը ձևավորվում է համայնքապետերի կողմից: Ոչ մասնագետ ճարտարապետներ են նշանակվում ոչ միայն Ալավերդիում: Դժբախտաբար, հանրապետության 3-րդ քաղաքում՝ Վանաձորում նույնպես ընդունվել է ոչ մասնագետ ճարտարապետ»,- ասում է քաղաքաշինության նախարարության  քաղաքաշինության քաղաքականության և տարածքային  պլանավորման վարչության պետ Սոնյա Մաթևոսյանը: Ալավերդիում քաղաքաշինական օբյեկտ հանդիսացող հողերի օգտագործման ռեժիմները խախտել են գրեթե բոլոր քաղաքապետերը: Հանգուցյալ քաղաքապետ Սարիբեկ Օհանյանի  պաշտոնավարման տարիներին օտարվել են Թումանյան փողոցին և երկաթգծին հարող լանջերը: Այդտեղ հասարակական նշանակության տարբեր օբյեկտներ կառուցած որոշ հողատերեր զավթել են անգամ փողոցի մայթերը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Ալավերդու քաղաքապետ է աշխատել 2005-2011թթ.: Նրա կողմից դեռ 10 տարի առաջ օտարված քաղաքաշինական օբյեկտ հանդիսացող հողերն ու հասարակական նշանակության օբյեկտները չեն օգտագործվում: Ա. Նալբանդյանը դրանք հիմնականում օտարել է իր թիմակիցներին: Վերջիններից ոմանք այսօր իրենց օտարված հողերը ոչ թե կառուցապատում, այլ փորձում են վերավաճառել թանկ գներով: Քաղաքի Թումանյան 19 հասցեում գտնվող 1031, 7 քմ մակերեսով քաղաքային լողավազանը՝ 1մլն 312 հազար 500 դրամով և 1283,7քմ մակերեսով զբաղեցրած հողամասը՝ 1մլն 091 հազար 790 դրամով համայնքի ավագանու 2006թ. հուլիսի 7-ի 40-Ա որոշմամբ վաճառվել է Ա. Նալբանդյանի մտերիմ ընկերոջը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Թումանյանի էլցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանին: Լողավազանը մտնում է գլխավոր հատակագծով սահմանված Ալավերդու հանգստի գոտիների մեջ: Օտարելուց հետո անցած շուրջ 10 տարիներին որևէ մեկը Աշոտ Շաքարյանին չի հիշեցրել լողավազանը շահագործելու մասին: Լողավազանում հսկա բարդիներ են աճել: Թումանյան փողոցի վրա գտնվող կենտրոնական հանրախանութի և «Կատա» առևտրի տան միջև ընկած 680 քմ տարածքը վարձակալությամբ, 50 տարի ժամկետով տրամադրվել է նույնպես Աշոտ Շաքարյանին՝ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու նպատակով: Այդ հողահատկացումը չի բխել Ալավերդու քաղաքաշինական շահերից, ընդամենը ավտոկայանատեղում կայանող միջհամայնքային ավտոբուսներով երթևեկող բնակիչները խթանում են մարզպետին և Ա. Շաքարյանին պատկանող «Կատա» սուպերմարկետի առևտրի աշխուժացմանը և, իհարկե, ավտոկայանը որպես վճարովի ծառայություն եկամուտ են բերում Ա. Շաքարյանին: Սակայն անհարմար տեղում տեղավորված ավտոկայանը, նույն փողոցի ձախակողմյան մայթեզրերին կայանող տաքսիների հետ ուղղակի արգելափակում են ճանապարհով հետիոտնի և մարդատար ավտոմեքենաների անվտանգ երթևեկությունը: Թումանյան փողոցի հյուսիսային  մասում է գտնվում Ալավերդու եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանն ու պուրակը: Ա. Նալբանդյանը  2006թ.-ին նպատակահարմար է գտել պուրակին  թողնել հուշարձանի շրջակայքի  հազիվ 50քմ  տարածքը: Համայնքի ավագանու 2006թ.-ի մայիսի 6-ի  նիստում քաղաքի այլ  հողամասերի հետ թույլատրվել է աճուրդ վաճառքի ներկայացնել պուրակի 1200 քմ հողամասը:

Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը «Հետքի» հարցմանը պատասխանելով նշել է․ «Քաղաքի Թումանյան փողոցի հյուսիսային մասում գտնվող  պուրակի 950քմ հողամասը, համայնքի ավագանու 06.05.2006թ.-ի  Հ19-Ա  որոշմամբ  դրվել է աճուրդի, որի գնման արժեքը կազմել է 807 975 դրամ: Աճուրդի հաղթող է ճանաչվել Լուսինե Միքայելյանը»:  Լուսինե Միքայելյանը Ալավերդու նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի կինն է: Արտավազդ Վարոսյանը  2006թ.-ին եղել է քաղաքապետի տեղակալը: Թե ում է պատկանում պուրակի օտարված մնացած 150 քմ հողը, Կարեն Փարեմուզյանը իր պատասխանում չի նշել:  Լ. Միքայելյանին օտարված տարածքը նույնպես  10 տարի չի օգտագործվել և վերածվել է մացառուտների: Գլխավոր հատակագծում նշված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կանաչապատ տարածքները կազմում են Ալավերդու ամբողջ տարածքի 8,2 տոկոսը: Ալավերդիում «կանաչ քաղաքաշինության» մասին նույնպես խոսք լինել չի կարող: Քաղաքապետ Ս. Օհանյանի  19.04.2004թ. որոշմամբ սրճարան կառուցելու նպատակով 50 տարի ժամանակով վարձակալության է տրվել Սայաթ-նովա հրապարակին հարող այգու 1000 քմ տարածքը: Աճուրդում հաղթող է ճանաչվել ալավերդցի Հենրիկ  Շահինյանը, ով էլ հետագայում այդ տարածքի վարձակալության իր իրավունքը օտարել է Սմբատ Դավիթավյանին: Սրճարան այստեղ արդեն մի քանի տարի է չի գործում: Այգին հակասանիտարական վիճակում է, իսկ այգու միակ տաղավարում ամեն օր հավաքվում են թաղամասի թմրամոլները: «Ըստ մեր հարկային բազայի՝ քաղաքի պատկերասրահի հարևանությամբ գտնվող պուրակը 2007թ. դեկտեմբերի 29-ին գրանցվել է ալավերդցի Կամո Աբգարյանի անվամբ»,- գրել է Կարեն Փարեմուզյանը: Այս պուրակը ևս անխնամ է և թաղված է մացառուտների մեջ: Քաղաքաշինական անօգտագործելի վիճակում է հայտնվել նաև  68 մլն դրամ մսխած եւ այդպես էլ չշահագործված Էնգելս թաղամասի զբոսայգին:

«Սակավահող Ալավերդիում 1 մետր հող չի մնացել: Օտարված հողերի մեծ մասը չեն օգտագործվում: Հողատերերին ժամանակ պետք է տրվի: Չկառուցապատելու դեպքում  քաղաքաշինական օբյեկտ հանդիսացող հողերը պետք է հետ վերադարձնել քաղաքապետարանին»,- ասում է մասնագիտությամբ ճարտարապետ-շինարար, համայնքի ավագանու անդամ Վարուժան Սիմոնյանը: Վերջինս նաև գտնում է, որ Ալավերդու օտարված հողերի օգտագործման վիճակը պետք է ներկայացնել ավագանու քննարկմանը: Ալավերդու քաղաքաշինական օբյեկտ հանդիսացող հողերի նկատմամբ բացառիկ անվերահսկողություն է ցուցաբերել նաև  նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Քաղաքապետարանում իր աշխատանքային 10 տարիներին Ա. Վարոսյանը այդպես էլ չգնահատեց քաղաքի գլխավոր հատակագծի նշանակությունը: Նա փակեց քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը,  չնկատելով, որ հենց այդ բաժնի լուրջ մասնագետների միջոցով պետք է իրականացնի  գլխավոր հատակագծով նախատեսված  քաղաքի զարգացման  ծրագրերը:

«Կացոցկ-Փիրուզյան» թաղամասին հարող Դեբեդ գետի հյուսիս –արևելյան մասում գտնվում է  Աթոռիկ կոչվող սարահարթը, որի մոտ 400 հա-ը  գտնվում է Ալավերդու վարչական տարածքում: Գլխավոր հատակագծով նախատեսվել է Աթոռիկ սարահարթի վրա կառուցել զբոսաշրջության կենտրոն:  Երբ 2010թ.-ին քաղաքապետարանում քննարկվում էր պղնձաձուլական գործարանի ծխնելույզը Կոշաբերդ սարի գագաթ  բաձրացնելու «Էյ-Սի-Փի» ընկերության նախագիծը, Ա. Վարոսյանը անգամ չհիշեց Աթոռիկում նախատեսված այդ ծրագրի մասին: Աթոռիկը գտնվում է Կոշաբերդի ծխնելույզի երախում: Գեղատեսիլ Աթոռիկում զբոսաշրջության կենտրոն կառուցելը դարձավ անիրագործելի: Ալավերդին փռված է Դեբեդի կիրճում: Ինչպես նշում է քաղաքի գլխավոր հատակագիծը, կիրճը նեղ գոտիով տարածվում է Օձունի, Աքորու, Սանահինի և Հաղպատի սարալանջերով:  Քաղաքի ձախափնյա սարալանջերը կտրուկ իջնում են դեպի գետը, իսկ աջ լանջերը իջնում են աստիճանաբար: Ալավերդու կառուցապատման համար լուրջ խնդիրներ են առաջացնում  նաև քաղաքի կենտրոնով անցնող երկաթգիծն ու ավտոմայրուղին: «Ալավերդին սակավահող համայնք է» ,- ահազանգում է քաղաքի գլխավոր հատակագիծը: