HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մալարիան գործնականում վերացել է

Այսօր մալարիայի համաշխարհային օրն է

Ապրիլի 25-ը մալարիայի համաշխարհային օրն է: Այս հիվանդությունը շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից: Աշխարհի հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում, և շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո:

Մալարիան ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում և բացակայել է ընդամենը 31 տարի՝ 1963-1994թթ.: 1994 թ. մալարիան կրկին ներխուժեց Հայաստան: Տեղական մալարիան վերացնելու ուղղությամբ Հայաստանում ծավալվեց համալիր և բազմոլորտ պայքար, որին աջակցեցին նաև միջազգային կազմակերպությունները:

Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման միահամուռ իրականացված դժվարին աշխատանքը զգալի արդյունքներ տվեց. նշանակալի կրճատվեց մալարիա փոխանցող մոծակների պոպուլյացիան, նվազեցին հիվանդության դեպքերը, և 2003թ. ի վեր Հայաստանում ստեղծվեցին մալարիայի վերացման նախադրյալներ:

2003 թ.-ից Հայաստանը, վերանայելով մալարիայի դեմ պայքարի ռազմավարությունը, եվրոպական տարածաշրջանում եզակի երկրներից մեկն է, որն անցել է մալարիայի դեմ պայքարից դեպի տեղական մալարիայի վերացմանը:

2006 թ.-ից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել: Մեր երկրում գործնականում մալարիան վերացել է: Այժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության վկայագրումը՝ որպես մալարիայից ազատ գոտի:

«Այսօր, մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ, մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում համատեղ ջանքերով ապահովել մալարիայի հնարավոր արմատավորման կանխարգելումը Հայաստանում»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter