HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մամուլի հաղորդագրություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ս.թ. հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը:

Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին:

Բանաձեւերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը եւ անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաեւ լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները:

Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձեւը:

Ինչ վերաբերում է Սարսանգի վերաբերյալ բանաձեւին, ապա ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսեւորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն:

Մենք երախտագիտություն ենք հայտնում ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձեւերի քվեարկության ժամանակ եւ իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին Ռոբերտ Ուոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար վտանգավոր զեկույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter