HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անտառապահը խոչընդոտել է «Հետքի» ֆոտոլրագրողի գործունեությանը. գործը դատարանում է

«Հետք» թերթի ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ 2015թ. տարեվերջին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): Մեղադրյալի աթոռին հայտնվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտնեսության Իջևանի անտառպետության անտառապահ Դավիթ Եգանյանը: Ֆոտոլրագրողը տուժող է ճանաչվել:

Նախաքննություն արդեն ավարտվել է: Գործն այժմ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է՝ դատավոր Զոյա  Զաքինյանի վարույթում:

Բանն այն է, որ Նարեկ Ալեքսանյանը 2015թ. նոյեմբերի 7-ին «Անտառների հասարակական մոնիտորինգի» կամավորների հետ այցելել է Տավուշի մարզի անտառներ: Մարզի Հովք գյուղի մոտակայքում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտնեսության Իջևանի անտառպետության յոթերորդ պահաբաժնում Դավիթ Եգանյանը խոչընդոտել է կամավորների և Նարեկ Ալեքսանյանի ազատ տեղաշարժը անտառի տարածքում:

Նարեկը պատմում է, որ անտառ էին այցելել ապօրինի անտառահատումներն արձանագրելու և նկարելու համար: «Երբ անտառի տարածքում էինք հեղուկ վառելիքով աշխատող սղոցների ձայն էր լսվում: Պահակին ասում էինք, որ ծառեր են հատվում, իսկ նա չէր «լսում» սղոցի ձայնը և ձեռքերով պահում էր, որ առաջ չշարժվենք: Ես ցույց տվեցի իմ լրագրողական վկայականը, խնդրեցի թույլ տալ առաջ գնալ, սակայն առանց փաստաթղթի անտառապահ ներկայացած տղամարդը շարունակում էր արգելել»,-հիշում է Նարեկ Ալեքսանյանը:

Նարեկը պատմեց, որ տեսնելով չեն կարողանում առաջ շարժվել կամավորներից մեկն այդ պահին զանգահարել է ոստիկանություն, որպեսզի իրավապահների միջամտությամբ կարողանան ազատ տեղաշարժվել և իրականացնել իրենց գործունեությունը: Ոստիկանները ժամանել են 3 ժամ ուշացումով՝ պատճառաբանելով, որ չեն կարողացել գտնել նշված տարածքը: Այնուհետև կամավորներին և ֆոտոլրագրողին հրավիրել են ոստիկանական բաժանմունք, որպեսզի վերջիններս բացատրություն գրեն:

«Ոստիկանության բաժնում, հետագայում քննիչներին ասել եմ, որ ես այդ մարդու դեմ բողոք չունեմ, որևէ բան չեմ պահանջում: Նրանց ահազանգել էինք մեր տեղաշարժը ապահովելու նպատակով: Հիմա էլ եմ ասում, որ ես որևէ պահանջ չունեմ»,-ասում է Ն. Ալեքսանյանը:

Նշենք, որ այս գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 2-ին ժամը 12-ին:

 

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Շվեցարական բանկերում միլիարդավոր դոլարների են վերածվում մեր կտրված անտառները, մեր ապրելու իրավունքը, որոնց հաշվեհամարները դատավոր-դատախազներից սկսած մինչ ամենաբարձրագույն դրածոների գրպանում կգտնենք:
ՔԵԶ ԻՆՉ ԱՆՈՒՆՍ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԵՔ ՀԱ, ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԾՐԱԳԻՐ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter