HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրական ընկերություններ. շահույթ, հարկեր և բողոքներ

Ապահովագրական ընկերություններից 4-ը 2015 թվականը շահույթով է փակել

Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններից 4-ը 2015 թվականը շահույթով է փակել։ Նման եզրահանգման ենք գալիս՝ ուսումնասիրելով ընկերությունների համապարփակ ֆինանսական արդյունքների մասին միջանկյալ հաշվետվությունները 2015-ի չորրորդ եռամսյակի վերաբերյալ։

Ամենամեծ շահույթը 2015-ին, ինչպեսև՝ 2014-ին, ունեցել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը։ Այն կազմել է 1 մլրդ 133,4 մլն դրամ։  Տարին վնասով են փակել «Ռեսո» ու «ՍիլԻնշուրանս» ընկերությունները։ Մասնավորապես, «Ռեսո»-ն կրել է 127 մլն դրամի վնաս, իսկ «Սիլ Ինշուրանս»-ը՝ 22 մլն դրամի։

Հ. Գ. Տվյալները ապահովագրական ընկերությունների կողմից հետագայում երբեմն ճշգրտվում են անկախ աուդիտի եզրակացությունից հետո։

Հիշեցնենք, որ նախկինում ակտիվ գործունեություն իրականացնող «Գարանտ Ինշուրանս»-ն այժմ չի գործում։ 2014 թվականի սկզբում այս ընկերությունը միավորվեց «Ռոսգոստրախ-Արմենիա»-ի հետ։

 Որը որքան մասնաբաժին ունի

 Ներկայացնենք ապահովագրական ընկերությունների ունեցած դիրքը (մասնաբաժինը) շուկայում 2015-ին։ Որպես կանոն՝ դա որոշվում է տվյալ ընկերությունների համախառն ապահովագրավճարների հիման վրա։ Հիմք ընդունենք 2015-ի տարեվերջյան ցուցանիշները։ Այսպիսով, համախառն ապահովագրավճարների մասով ևս առաջատարը «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն է՝ մոտ 9,417 մլրդ դրամով։

Հայաստանում ապահովագրության ոլորտում գերիշխում է տրանսպորտային միջոցների ապահովագրությունը՝ ԱՊՊԱ-ն։ Հետևաբար, շուկայում ընկերությունների դիրքի վերաբերյալ կարելի է պատկերացում կազմել նաև՝ ըստ այդ ցուցանիշի։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ստացել ենք հետևյալ պատկերը.

Ապահովագրական ընկերությունները՝ խոշոր հարկատուներ

Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունները դասվում են երկրի 1000 խոշոր հարկատուների շարքում։ 2015 թվականի ցանկն ուսումնասիրելիս առաջինը հանդիպում ենք «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի անունը։ Այն 203-րդ տեղում է։ Նախորդ տարի պետությանը ընդհանուր առմամբ վճարել է ավելի քան 575,5  մլն դրամի հարկ։ 2014-ի համեմատ այս ընկերության վճարած հարկերի չափն ավելացել է 32 մլն դրամով։ Արդյունքում խոշոր հարկատուների ցանկում բարձրացել է 14 հորիզոնականով։

«Ինգո Արմենիան» 262-րդ տեղում է՝ 452,7 մլն դրամով։ 2014-ի համեմատ մոտ 99,8 մլն դրամով ավելացրել է հարկերի չափը։

Հաջորդը «Ռեսո»-ն է։  2015 թվականի արդյունքներով այն պետությանը վճարել է 213,7 մլն դրամ հարկեր։ 2014-ի համեմատ այս ընկերությունն ավելի քան կրկնակի նվազեցրել  է հարկերի չափn (244,4 մլն դրամով) ու 262-րդ տեղից գահավիժել  505-րդ։

«Սիլ Ինշուրանս»-ը 583-րդում է՝ 182 մլն դրամով։ Նախորդ տարվա համեմատ հարկերի չափն ավելացրել է ավելի քան 1 մլն դրամով։

Մյուսը «Արմենիա Ինշուրանս»-ն  է՝ 601-րդ տեղում է 177,3 մլն դրամով։ 2014-ի համեմատ 52,5 մլն դրամ ավելի է վճարել։

Եվ վերջում «Նաիրի Ինշուրանս»-ն է։ Այս անգամ այն 619-րդ տեղում է՝ 173,4 մլն դրամով։ Այս ընկերության դեպքում ևս հարկերի չափի նվազումն ակնհայտ է։ Նախորդ տարվա համեմատ՝ 2015-ին հարկերի չափը նվազել է 145,5 մլն դրամով՝ 368-րդ տեղից իջնելով 619-րդ։

 Բողոքներ՝ ապահովագրողների դեմ

Եթե փորձենք ամփոփել, ընդհանուր առմամբ՝ ապահովագրողների գործերը ներկայում վատ չեն։ 2013 թվականին կրած վնասներից հետո Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունները 2014-ին և այս տարի հիմնականում շահույթով են աշխատել։ Այդ մասին գրել ենք նաև ավելի վաղ։ Այլ հարց է՝ գո՞հ են, արդյոք, հաճախորդները նրանց սահմանած գներից, սպասարկումից, փոխհատուցումներից և այլն։ Բողոքներ այսընկերություններից, իհարկե, կան։ Հայաստանում ապահովագրության ոլորտը մեծ թափ ստացավ 2010 թվականից, երբ ներդրվեց ԱՊՊԱ համակարգը՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը։ Դրան զուգահեռ կտրուկ ավելացան ապահովագրական ընկերությունների դեմ բողոքները։ Շատ քաղաքացիներ մինչև ԱՊՊԱ-ի ներդրումն անգամ պատկերացում էլ չունեին այս ոլորտի մասին։  Բողոքների մի մասն այսօր ուղղվում է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ։  

Ինչպես տեղեկանում ենք Հաշտարարի գրասենյակից, 2015 թվականին ֆինանսական համակարգին վերաբերող բողոքներից քննության է ընդունվել 1448-ը, որից 1091-ը եղել է ապահովագրական ընկերությունների դեմ։ 2014 թվականի համեմատ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների քանակը էապես չի փոխվել (2014-ին՝ 1021)։ Նշված բողոքների գերակշիռ մասը վերաբերել է ավտոապահովագրմանը։ Թե կոնկրետ որ ընկերությունների դեմ են բողոքները, և որոնք են լուծվել հաճախորդների օգտին, Հաշտարարը չի հայտնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter