HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ցեղասպանության ժխտման քրեականացման ֆրանսիական նոր մեկնարկ. խաբկա՞նք, թե իրականություն

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին հայտարարել է, թե հրահանգել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք մշակել: Այդ խնդիրը վստահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային, ով, ըստ Օլանդի, պետք է օրենքն այնպես մշակի, որ հակասահմանադրականության հարց չառաջացնի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում բողոքարկվելիս Հայ Դատի և  Ֆրանսիայի պարտության չհանգեցնի:

Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսելուն ուղղված օրենքի ընդունման առաջին փորձը կատարվել է 2011-12թթ.: Այն նախաձեռնել էր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Սակայն 2012թ. խորհրդարանի երկու պալատներով հաջողությամբ անցած օրինագիծը հակասահմանադրական ճանաչվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից՝ այն հիմնավորմամբ, թե դա սահմանափակում է խոսքի ազատությունը և այդ իմաստով չի կարող զուգահեռվել հրեաների Հոլոքոստի ժխտման քրեականացման հետ: Իրականում այդ օրինագծի տապալումն ուներ քաղաքական շարժառիթներ և դրսևորում էր Սարկոզիի վարչակարգի իրական ցանկությունները: Այդ օրինագիծը ուղարկելով Սահմանադրական խորհրդին, չնայած դա չանելու իր իրավունքին, Ֆրանսիայի նախկին նախագահն ինքնին կանխորոշեց և նախապատրաստեց դրա տապալումը՝ խուսափելով Թուրքիայի հետ խնդիրներ ստեղծելուց:

Դրանից անմիջապես հետո մեկնարկող նախագահական ընտրություններին ընդառաջ Ֆրանսուա Օլանդը հանդես եկավ նոր գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ՝ շահելով ֆրանսիահայության համակրանքը: Պաշտոնավարման 4 տարիների ընթացքում, սակայն, Օլանդը դրան ուղղված որևէ քայլ չձեռնարկեց: Եվ այն փաստը, որ դրա մասին նա հայտարարում է հիմա, երբ գործնականում Ֆրանսիան թևակոխում է հերթական նախագահական ընտրությունների շրջափուլ, ցույց է տալիս, որ այդ խնդիրը նա կրկին դարձնում է նախընտրական արշավի գործիք, թեև Օլանդն ինքը հայտարարել է, թե իր նախաձեռնությունն ընտրությունների հետ որևէ կապ չունի: Եվ հիմա ողջ հարցն այն է՝ գոնե հիմա նա կկատարի՞ իր խոտումը, թե՞ ոչ: Դրա համար առկա են ինչպես նպաստող, այնպես էլ խանգարող նոր գործոններ:

Բացասական գործոնները

  1. Օլանդի այս նախաձեռնությանը նախորդել է անցած տարվա հոկտեմբեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական որոշման կայացումը: Չնայած պաշտոնական Երևանը և նրա շահերն այդ դատավարության ընթացքում պաշտպանած փաստաբաններն այդ վճիռը որակեցին իբրև Հայաստանի հաղթանակ, իրականում այն լրջագույն խնդիրներ էր ստեղծում հենց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու առումով, որովհետև բավարարելով թուրք ազգայնական գործչի հայցն ընդդեմ Շվեյցարիայի, ՄԻԵԴ-ը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի օրինակով որոշեց, որ Հայոց Ցեղասպանության իրողությունը ժխտելը օրենսդրորեն կամ որևէ այլ կերպ արգելելը հակասում է մարդու խոսքի ազատության և ազատ արտահայտման իրավունքին: Դրանով ՄԻԵԴ-ը հզորագույն  իրավական գործիք տվեց թուրքական կողմին՝ կասեցնելու տարբեր երկրների կողմից հետագայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն ուղղված գործընթացները: Կասկած լինել չի կարող, որ եթե Ֆրանսիայում մշակվի դրան ուղղված նոր օրենք, Թուրքիան հենց ՄԻԵԴ-ի և Ֆրանսիական սամանադրական խորհրդի որոշումներն է օգտագործելու դրա ընթացքը կասեցնելու համար:
  2. Այս նախաձեռնությունն իրականացվում է չափազանց աննպաստ աշխարհաքաղաքական պայմաններում: Սիրիական ճգնաժամի հետևանքով Եվրոպան և Ֆրանսիան հեղեղած փախստականների հիմնախնդիրը էականորեն մեծացրել են թե Փարիզի և թե Բրյուսելի քաղաքական կախվածությունը Թուրքիայից: Մոտ մեկ ամիս առաջ Բրյուսելում կայացավ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շրջանակներում հրավիրված հերթական բանակցային ռաունդը, որի արդյունքում որոշվեց 2016-ից ԵՄ-ի և Թուրքիայի միջև հաստատել առանց վիզաների ռեժիմ, ինտենսիվացնել ԵՄ-ին Թուքիայի անդամակցության գործըթնացը, և ամենակարևորը՝  որոշվեց ԵՄ-ի կողմից Թուրքիային 3 մլրդ եվրո հատկացնել, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի Սիրիայից և Իրաքից փախստականների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու, նրանց Թուքիայի տարածքում ապաստան տալու և Սիրիայի ու Իրաքի հետ սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու համար: Դրանով ԵՄ-ն իրեն դրեցին Թուրքիայից ուղղակի կախման մեջ: Հիմնական պատճառներից մեկը, որ ԵՄ-ն, այդ թվում նաև Ֆրանսիան, բացահայտորեն աչք են փակում իսլամիստ-ահաբեկչական կազմակերպություններին Անկարայի կողմից հովանավորելու, նրանց հետ ունեցած ակնհայտ կապերի վրա, հենց այդ կախվածության հետևանքն է: Որևէ կասկած չկա, որ այդ հանգամանքը Անկարան օգտագործելու է եվրոպայում իր շահերին հակասող նախաձեռնությունները թույլ չտալու, խոչընդոտելու համար: Եվ չնայած 2015թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Երևանում նշելով՝ Օլանդն ապացուցեց իր սկզբունքայնությունը Ցեղասպանության ճանաչման հարցում և ունեցած ուժեղ «իմունիտետը» Թուրքական ճնշումների հանդեպ, այսուհանդերձ, չի կարող ստեղծված նոր իրավիճակը հաշվի չառնել՝ առաջին հերթին ելնելով միջազգային ահաբեկչությունից Ֆրանսիայի անվտանգության սպառնալիքների գործոնից:

Նպաստող գործոններ

  1. Նախագահ Օլանդն ի սկզբանե հայտարարում է, որ օրենքի մշակումը վերապահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահին: Սա նրա կողմից առկա ռիսկերը հաշվի առնելու և տված խոստմանն ավելի լուրջ վերաբերվելու անուղղակի ազդակ է: Մյուս կողմից ակնհայտ է, որ Եվրոպական դատարանի դատավարական պրակտիկային հրաշալի տիրապետող ՄԻԵԴ նախկին դատավորն իր թիմով ավելի պրոֆեսիոնալ և նուրբ մոտեցում է ցուցաբերելու օրենքը ձևակերպելիս՝ դրա առաջմղման, ընդունման և հետագայում հնարավոր վիճարկման ընդառաջ փակելով հնարավոր բոլոր խոցելի կողմերը, հաշվի առնելով ինչպես Ֆրանսիայի Սամանադրական խորհրդի, այնպես էլ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռում դատարանի բերած հիմնավորումները:
  2. Իհարկե, անբարոյականություն է Ցեղասպանության հարցի շահարկումը նախընտրական քարոզչության նպատակներով: Սակայն սա նոր երևույթ չէ և տեղի է ունենում անկախ հայկական շրջանակների, Հայաստանի կամ Սփյուռքի կամքից, այսինքն գործնականում չկառավարվող է: Նման խնդիր ներկայումս գոյություն ունի, մասնավորապես Ռուսաստանում: Նախորդ տարվա նոյեմբերին Սիրիայի սահմանին թուրքական ՌՕՈՒ-ի կողմից ռուսական ռմբակոծիչի կործանմանն ի պատասխան՝ ՌԴ Պետդումայում «Արդար Ռուսաստան» խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրվեց Հայոց Ցեղասպանության հերքման համար Ռուսաստանում քրեական պատասխանատվություն սահմանելուն ուղղված օրինագիծ: Բոլորը հասկանում են, որ ռուսներն ակնհայտորեն փորձում են այն օգտագործել Թուրքիայի դեմ պատժամիջոցների համատեքստում: Սակայն դրա վրա ազդելու ոչ լծակ կա, ոչ էլ, թերևս՝ ցանկություն՝ «եթե դրանից լավ չլինի, հաստատ ավելի վատ չի լինի» տրամաբանությամբ:

Այս իմաստով Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գործընթացը կրկին նախընտրական շարժառիթներով նախաձեռնելու մեջ ոչ միայն որևէ տարօրինակ բան չկա, այլև ինչ-որ առումով ավելի բարենպաստ վիճակ է ստեղծում: Խնդիրն այն է, որ Օլանդը մեկ անգամ արդեն տվել և դրժել է ֆրանսիահայությանը տված խոստումը: Դժվար կլինի հավատալ, որ երկրորդ անգամ վերջինս կրկին նույն ջուրը կմտնի՝ միայն կուրորեն հավատալով Օլանդի խոսքերին: Այս անգամ նրան պաշտպանելու համար հայկական կազմակերպությունները, թերևս, մինչև վերջ գնալու ավելի կոնկրետ երաշխիքներ կփորձեն ստանալ: Իսկ այդ երաշխիքը կարող է լինել օրինագիծը մինչև Օլանդի պաշտոնավարման ավարտն ընդունելը, ինչի համար մեկ տարի ժամանակ կա:

Օլանդը չափազանց ծանր ստարտային վիճակում է գտնվում, եթե ուզում է հաղթել 2017թ. ապրիլյան ընտրություններում: Նրա հեղինակությունն զգալիորեն ընկել է՝ իշխանությունների կողմից նախորդ տարվա նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչությունները կանխարգելել չկարողանալու պատճառով: Իսկ 2015թ. դեկտեմբերին Ֆրանսիայում կայացած տեղական մարմինների ընտրություններում նրա ղեկավարած իշխող Սոցիալիստական կուսակցությունը պարտություն կրեց՝ ստանալով ընդամենը 25 տոկոս վստահության քվե՝ զիջելով իր հիմնական մրցակիցներին՝ հաղթանակ տարած Մարի Լը Պենի «Ազգային ճակատը» կուսակցությանը և երկրորդ տեղում հայտնված՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած Հանրապետական կուսակցությանը:

Մեկնարկային այս անմխիթար վիճակը պետք է որ Օլանդին դրդի օր առաջ կատարել խոստումը՝ հայկական համայնքի և կազմակերպությունների աջակցությունն ստանալու համար: Եվ հենց այս հանգամանքը կարող է դեր կատարել՝ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը հայկական օրինագծի ընդունումն ապահովելու համար:

Սակայն, իհարկե, դա որոշակի ընթացակարգ է պահանջում, իսկ Ֆրանսիան այն երկիրը, չէ, որտեղ միայն նախագահի տված խոստումը կարող է բավարար լինել խորհդարանի երկու պալատներում հաջողության հասնելու համար: Այնպես որ, հաշվի առնելով նաև վերոնշյալ բոլոր հանգամանքները, ամեն ինչ դեռ չափազանց անորոշ է:

Մեկնաբանություններ (2)

Orhan Tan
Why Presedent Hollande assumes France’s Highest judicial organization, i.e. the Constitutional Council’s decision on the same subject was wrong ? Isn’ t he aware of the recent decision of ECHR? I reccommend he discusses the UN’ s Convention of 1948 with his Minister of Justice first. Thanks all…
vartan
Another round of drinks ? Sarkozy was a grand fraudster. The mother of all liars. He deliberately delayed stamping the law, time which was use d to send the bill to the CCF. The outcome was a formality; and Sarkozy knew that very well. We wait and see Hollande's performance.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter