HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուս հանքարդյունաբերողն աչք է դրել Ադրբեջանի ոսկու պաշարներին

«Ալռոսայի» տնօրենը Կովկասի պատերազմական գոտում ոսկու հանքարդյունաբերական հետազոտությունների վերաբերյալ բանակցություններ է վարում

Թերեւս գերտերությունների մակարդակի պայքար է ուրվագծվում, քանզի ռուսական հանքարդյունաբերության խոշորագույն դեմք Սերգեյ Վիբորնովը, ով նշանակվել է «Ալռոսայի» նոր գործադիր տնօրեն, Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հետ պատրաստում է ոսկու արդյունաբերության ներդրումների համատեղ ծրագիր:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական մամուլը, ըստ որի՝ Բաքվում հանդիպել են ադրբեջանցի պաշտոնյաները եւ «Ալռոսայի» ներկայացուցիչները: «Ալռոսան» ալմաստի արդյունաբերությամբ զբաղվող ռուսական պետական ընկերություն է, որը հետաքրքրված է նաեւ ոսկով, նավթով ու այլ հանածոներով: Սակայն Բաքվից ստացված հաղորդումը մնում է չհաստատված: Նաեւ պարզ չէ, թե արդյոք Կովկասում ոսկու արդյունահանման իր նպատակների մասին հրապարակայնորեն հայտարարած Վիբորնովն է դեպի Ադրբեջան կատարած գամբիտի (սկզբնաքայլ) նախաձեռնողը: Արդյո՞ք ադրբեջանցիները փորձում են «Ալռոսային» խառնել Հայաստանի հետ իրենց կոնֆլիկտում: Կամ արդյո՞ք ռուսները հայերի վրա անուղղակի ձեւով ճնշում են գործադրում: Նշենք, որ ոսկու պաշարները սփռված են կովկասյան կրային շրջանի կենտրոնում:

Բաքվի հաղորդման մեջ հանքավայրային տեղանքներ են ճանաչվել Գեդաբեկը, Գոշան եւ Օրդուբադը արեւմտյան Արդրբեջանում, ինչպես նաեւ Սուտելին, Ղզիլբուրախի ու Վեջնալին Լեռնային Ղարաբաղում, որի նկատմամբ հավակնություններ ունեն եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը, եւ որն ավելի քան մեկ տասնամյակ վերահսկվում է հայկական բանակի կողմից: Anglo Asian Mining Plc-ի («Անգլոասիական հանքարդյունաբերություն» ՍՊԸ) 2006-ի տարեկան հաշվետվության մեջ հրապարակված քարտեզն այս տարածքը հիշատակում է որպես «օկուպացված տարածք»: Բայց այստեղ կրկնակի բարդություն կա:

Նախեւառաջ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական կառավարումը խաղաղ ճանապարհով փոխելու բանակցություններում Ադրբեջանը ոչ մի հեռանկար չունի: Վերջինս հնարավորություններ չունի նաեւ ռազմական տարբերակի ընտրության դեպքում: Եվ չնայած ավստրալիական ու ոսկու այլ հանքարդյունաբերող ընկերություններ շահագործման իրավունք (կոնցեսիա) ունեն այն ոսկու համար, որը տարածված է Թուրքիայից դեպի հյուսիս եւ արեւելք՝ Կովկասի ուղղությամբ, ու չնայած խորհրդային երկրաբանները համոզված էին, որ այդ տարածաշրջանում ոսկու կարեւոր հանքապաշարներ կան, այնուամենայնիվ, ոչ մի երկրաբան եւ ոչ մի կողմնակի անձ ապահովված չէ պատերազմող երկու բանակների արանքում: Դա վերաբերում է նաեւ ռուսներին:

Սրանից որոշ ժամանակ առաջ ռուսական հանքարդյունաբերող ընկերությունները հասկացան, որ հեշտ հասանելի ոսկու համար իրենց մրցակցությունը հայրենիքում` Ռուսաստանում, բարձրացրել է այդ պաշարների գները եւ միայն մի խումբ ընկերությունների թողել դրանց մնացորդների համար պայքարում: Հետեւապես, ռուսական հանքարդյունահանողներն իրենց ուշադրությունը բեւեռեցին այն ոսկու վրա, որը հետազոտվել էր խորհրդային երկրաբանների կողմից եւ գտնվում է նախկին Խորհրդային Միության ռուսախոս տարածքների սահմանամերձ գոտում: Այստեղ արդյունահանման մեթոդներն ու գները հնարավորություն են տալիս ռուս հավակնորդներին առավելություն ստանալ օտարերկրացի արդյունաբերողների նկատմամբ:

Եվ այսպես՝ պատահական չէ, որ Ուզբեկստանում, Ղրղզստանում եւ Հայաստանում Newmont -ի, Oxus Gold -ի եւ Sterlite -ի նման ընկերություններին նեղում են, եւ նրանց տեղերը վերցվում են տեղացիների ու ռուսական կապիտալի համագործակցության կողմից: Իսկ Ադրբեջանում թույլ դինաստիական հաջորդականության, երեք սահմանների (Հայաստան, Թուրքիա, Իրան) վրա ռազմական հզոր ուժերի առկայության, ինչպես նաեւ ամերիկյան քաղաքական ու ֆինանսական ազդակների պայմաններում հանքարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտում ռուսական լծակը հարաբերականորեն թույլ է: Սակայն նշաններ կան, որ ադրբեջանցի պաշտոնյաներն աստիճանաբար հիասթափվում են ԱՄՆ կառավարությունից ու, հետեւապես, Anglo Asian -ից: Նրանք, թերեւս, ուզում են միջազգային օրինական հավակնություններին ավելացնել ռուսական հանքարդյունաբերական աջակցությունը՝ վերադարձնելու համար այն հանքավայրերը, որոնք, ըստ Բաքվի պաշտոնյաների, հայերն արդեն շահագործում են: Այնուամենայնիվ, ոսկու արդյունահանման նկատմամբ ռուսական հետաքրքրությունների շարժը դեպի Ադրբեջան կարող է հարուցել թե՛ Հայաստանի, եւ թե՛ Ռուսաստանի կառավարությունների զայրույթը:

Այստեղ մի ուրիշ բարդություն էլ կա: Ըստ Anglo Asian -ի՝ ինքն ունի 6 տեղանքների հետազոտման լիցենզիա: Ընկերությունն ասում է, որ 2005-ի ապրիլին արտադրանքի հավասար բաժնեմասերի վերաբերյալ պայմանագիր է կնքել Ադրբեջանի կառավարության հետ: Սրան հավանություն է տվել նախագահ Իլհամ Ալիեւը՝ 2006-ի նոյեմբերին այցելելով Գեդաբեկի հանքավայր, որն ամենախոստումնալիցն է:

Anglo Asian -ի գլխավոր բաժնետերը ամերիկաբնակ իրանցի Ռեզա Վազիրին է, ով ընկերության 99 մլն բաժնետոմսերի 29 տոկոսի սեփականատերն է: Նա միավորվել է ԱՄՆ նախկին սենատոր եւ Ջորջ Բուշ ավագի նախագահության շրջանում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Սանունուի հետ, որը գրեթե 10 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր է:

Դրան ավելացնենք այն, որ Մեծ Բրիտանիայի վերջին պահպանողական կառավարության նախարար Թիմ Էգարը նույնպես Anglo Asian -ի խորհրդում է եւ 743.748 բաժնետոմս ձեռք բերելու հնարավորություն ունի: Էգարը նաեւ Լոնդոնի անգլոադրբեջանական համայնքի ղեկավարն է: Իսկ Վաշինգտոնում Ռեզա Վազիրին եւ մի քանի ամերիկացի նավթարդյունահանողներ ղեկավարում են Ամերիկաադրբեջանական առեւտրային պալատը: Ամերիկյան փոքր ներդրող Resource Capital Fund -ն էլ Anglo Asian -ում 6 տոկոս դրույք ունի: Ինչպես երեւում է, ներդրումներն Anglo Asian -ը քաղաքականապես դարձրել են անգլոամերիկյան:

Anglo Asian -ի փաստաթղթերի համաձայն՝ վերջին տարում ընկերությունը մոտ 12 մլն դոլար է ներդրել Գեդաբեկի հանքավայրի շահագործման իրավունքի, ինչպես նաեւ նավով Ավստրալիայից Ադրբեջան հանքաքարի վերամշակման գործարան տեղափոխելու համար: Ընկերությունը նախատեսում է այս տարի՝ մի քանի ամսից, սկսել տեղամասի շինարարությունը: Anglo Asian -ի հանձնարարությամբ գնահատվել են ոսկու, պղնձի եւ արծաթի պաշարները: Ըստ այդմ՝ ծրագիրը նախատեսում է տարեկան արտահանել 5000-7000 ունցիա ոսկի (1 ունցիա= մոտ 30 գր): Հանքը կարտահանի նաեւ արծաթ ու պղինձ՝ որպես ուղեկցող մետաղներ: 2006-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Anglo Asian -ի կորուստները 12-ամսյա ժամկետում կազմել են 4,4 մլն դոլար, ինչը, սակայն, չի կարող սասանել ընկերության ֆոնդային գները:

Ըստ վերջերս լույս տեսած ադրբեջանական հրապարակման՝ Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են «Ալռոսային» հրավիրել՝ Գեդաբեկի հանքարդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու: Նշվում է, որ «Ալռոսային» Ադրբեջանի ոսկու արդյունաբերության ոլորտ են հրավիրել Տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը եւ Բնական ռեսուրսների նախարար Հուսեյն Բաղիրովը: Հրապարակումը նաեւ արձանագրում է, որ «Ալռոսան» արդեն հայտարարել է, թե պատրաստվում է մինչեւ 100 մլն դոլար ներդնել Գեդաբեկի հանքում: Մեջբերված է Բաղիրովի խոսքը. «Գեդաբեկի ոսկու կորզման ինքնարժեքը ամենացածրերից է աշխարհում: Սա բաց հանք է: Հումքը տեղակայված է մակերեսին մոտ, եւ ստորերկրյա կոնստրուկցիաների կարիք չկա: Դա հանքարդյունահանումը դարձնում է շատ արդյունավետ »:

Հոդվածում հղում է արված Բաքվի տեղական աղբյուրներին, ըստ որոնց` նախարարները սպասում են «Ալռոսայի» գործադիր տնօրեն Վիբորնովի ժամանմանը, որպեսզի ստորագրեն «Ալռոսայի» եւ ադրբեջանական ներկայացուցչի՝ հավասար իրավունքներով միավորում կազմելու նախագիծը: Հաղորդվում է նաեւ, որ ադրբեջանական կողմը «Ալռոսային» խրախուսում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի ոսկու ենթադրյալ հանքավայրերի հետազոտումը: Դժվար է հիմնվել կոնկրետ այնտեղ, ուր ադրբեջանցիները ցանկանում են, որ «Ալռոսան» ոսկու հետազոտման եւ արդյունահանման համար ներդրումներ կատարի: Մեկ տարի առաջCaspian Business News -ի ( CBN ) տպագրած հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի բնական ռեսուրսների նախարարությունը խրախուսում է օտարերկրացիներին, որպեսզի վերջիններս ոսկի արդյունահանեն արեւմտյան Ադրբեջանում, այդ թվում եւ Նախիջեւանում, որը երկրի հիմնական տարածքից բաժանված է հայկական երկու սահմաններով եւ Լեռնային Ղարաբաղի տարածքով: Ըստ CBN -ի 2006-ի փետրվարի հրապարակման՝ Չովդարի հանքավայրը տարեկան կարող է արտահանել մինչեւ 130.000 ունցիա ոսկի:

CBN -ը մեջբերում է Բաքվի Երկրաբանական հետազոտությունների ծառայության պետ Շահբեդդին Մուսաեւին, որն ասում է, թե հետազոտությունները «տնտեսապես հնարավոր են, եւ մենք սկսել ենք բանակցությունները ռուսական, կանադական, բրիտանական ու այլ ընկերությունների հետ՝ նրանց կողմից այս հանքավայրերի ուսումնասիրման եւ զարգացման համար: Մեր կարծիքով՝ Չովդարը Հարավային Կովկասում ոսկու ամենամեծ հանքավայրերից մեկն է»: Մուսաեւը կարծում է, որ մոտ 70 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ, որպեսզի տեղանքները փորձարկվեն եւ հաստատվեն կոմերցիոն շահագործման համար: Ըստ նրա՝ 2005-2006-ին 17 ունցիա նախնական փորձանմուշ է վերցվել այդ տարածքից:

Մուսաեւի հաղորդմամբ՝ Սուտելիի, Ղզիլբուրախի եւ Վեջնալիի հետազոտման նախնական իրավունքները մեկ տասնամյակ առաջ տրվել էին Ռեզա Վազիրիին, բայց պատերազմը խանգարեց նրան եւ Anglo Asian -ին գործի անցնել: Ադրբեջանցի պաշտոնյաներն ասում են, որ Լեռնային Ղարաբաղը 4 մլն ունցիա ոսկու պաշար ունի: Այն պահից ի վեր, ինչ Վազիրին եւ Anglo Asian -ը հայտնվել են Ադրբեջանում ոսկու արդյունահանման ոլորտում վիրտուալ մենաշնորհ ստանալու համար, ադրբեջանցիները հետեւում են նրանց, ինչպես նաեւ Anglo Asian -ի ու ամերիկյան կառավարության կապերին՝ նպատակ ունենալով միջազգային օրինական պահանջ ներկայացնել, որպեսզի վերադարձվեն ինչպես հայերի, այնպես էլ ցանկացած միջազգային կազմակերպության կողմից շահագործվող եւ հայկական ռազմական հսկողության տակ գտնվող հանքավայրերը: Ադրբեջանցիները կարծում են, որ Զոդի հանքավայրի շահագործման իրավունքի հատկացումը Sterlite Gold -ին ադրբեջանցիների իրավունքների ոտնահարում է: Ադրբեջանի դեսպանատան պաշտոնյաները ՄոսկվայումMineweb -ին ասել են, որ իրենք չեն արձագանքի ո՛չ «Ալռոսայի» հետաքրքրությունների, եւ ո՛չ էլ բանակցությունների մասին հարցերին: Դեսպանատան խոսնակն ասել է, որ անհրաժեշտ պատասխանի համար պետք է գրավոր հարցում ուղարկել, որի դեպքում «պատասխանը կլինի մեկ շաբաթից, բայց հաստատ դրանից ոչ շուտ»:

Վիբորնովի խոսնակ Անդրեյ Պոլյակովը Mineweb -ին հաղորդել է, որ ինքը ոչինչ չի կարող մեկնաբանել, քանի դեռ Վիբորնովն այս շաբաթ ճամփորդում է Մոսկվայից դուրս:

Ջոն Հելմեր 
24.04.2007, Մոսկվա 
www.mineweb.co.za

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter