HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ-ի ստեղծած խառնաշփոթը

«Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ու նրա եղբայր Նիկոլայ Առաքելյանը խարդախությամբ իմ 13 տարվա գույքի նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք եւ ինձ եւ երկու երեխաներիս զրկել բնակտարածք ունենալու իրավունքից»,- քաղաքացի Դոնարա Մկրտչյանի այս հայտարարությունից հետո որոշ լրատվամիջոցներ հոդվածներ գրեցին Հրանուշ Խառատյանի մասին։

Տիկին Դոնարան դիմել է ոչ միայն լրատվամիջոցներին, այլեւ տարբեր պաշտոնյաների՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ձեզ եմ դիմում հարկադրված, քանի որ պաշտոնատար որոշ անձինք իրենց լիազորություններն օգտագործում են՝ ինձ իմ միակ բնակարանից զրկելու եւ չնչին գումարներով ուրիշի գույքը յուրացնելու համար։ Խոսքս վերաբերում է Հրանուշ Խառատյանին, որն անօրինական ձեւով դառնալով Նոր Նորքի 6-րդ զանգվածի թիվ 25 շենքի հարեւանությամբ գտնվող շինության սեփականատերը, ամեն ինչ անում է, որպեսզի ես անօրինական ճանապարհով չկարողանամ պաշտպանել իմ իրավունքները եւ հասնել արդարության»։

Դոնարա Մկրտչյանի հայտարարություններն իսկապես ուշագրավ են, մանավանդ, երբ խոսքը հանրությանը հայտնի մի մարդու մասին է, որն այսօր ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության ղեկավարն է։ Արդյոք տիկին Խառատյանը չարաշահե՞լ է իր պաշտոնական դիրքը եւ միայնակ կնոջն ու նրա երեխաներին թողել առանց տանիքի։

Չկա որեւէ փաստաթուղթ, որտեղ նշված լինի, որ վերոհիշյալ տարածքը պատկանում է Դոնարա Մկրտչյանին կամ նրա ընտանիքին: Տիկին Դոնարան շարունակում է պնդել, որ իր իրավունքները ոտնահարված են, եւ ինքը բարոյական մեծ վնաս է կրել։

Նոր Նորքի 6-րդ զանգվածի 25 շենքի հարեւանությամբ գտնվող նախկին «Լոռի» կոոպերատիվին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասը մինչեւ 1996-ը պատկանել է ոմն Աշոտ Աբրահամյանի։ 1996 թ. Աշոտ Աբրահամյանը «Կրեդիտ-Երեւան» բանկի պարտատերերի հայցի համաձայն ձերբակալվել է, եւ Խորհրդային շրջանի առաջին ատյանի դատարանի վճռով 17.12.1996թ. նրան պատկանող հացաբուլկեղենի արտադրամասն ու գույքը ի պահ են տրվել արտադրամասի նախկին աշխատակից Դոնարա Մկրտչյանին։ Այսինքն` այդ տարածքի պահպանությունը հանձնվել է Դոնարա Մկրտչյանին:

Աշոտ Աբրահամյանին 8 տարի ժամանակով ազատազրկման դատապարտելուց հետո, 2000 թ. դատական վճռի համաձայն, Աբրահամյանին պատկանող գույքն աճուրդի է հանվել։ Մինչեւ 2003 թ. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ( ԴԱՀԿ ) հայտարարած աճուրդներից որեւէ մեկում տարածքը չի վաճառվել։ ԴԱՀԿ-ի հերթական աճուրդի մասին «Կրեդիտ-Երեւանի» պարտատերերը կրկին ծանուցում են ստացել՝ բանկին պատկանող գույքի մի մասը, այդ թվում վերոհիշյալ տարածքը, աճուրդի հանելու մասին։ Պարտատերերից մեկն էլ տիկին Խառատյանին առաջարկել է գնել հացաբուլկեղենի նախկին արտադրամասը։

«2003 թ. պարտատերերից մեկը եղբորս եւ ինձ առաջարկեց մասնակցել աճուրդին։ Ինչպես հետագայում պարզվեց, նախորդ մի քանի աճուրդներից որեւէ մեկի ընթացքում այդ տարածքը գնելու ցանկություն ունեցող չի եղել»,- տեղեկացրեց տիկին Խառատյանը։ Նշենք, որ 2003 թ. Հրանուշ Խառատյանը դեռ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության ղեկավարը չէր:

Դոնարա Մկրտչյանի ասելով` ինքը, որպես տարածք եւ գույք պահպանող, նախապատվության իրավունք ուներ եւ կարող էր օգտվել այդ իրավունքից ու գնել այդ տարածքը։ Տիկին Դոնարայի խոսքերով` իրեն տեղյակ չեն պահել աճուրդի մասին, այդ իսկ պատճառով նրա նախապատվության իրավունքը ոտնահարվել է։

Եթե իսկապես աճուրդի մասին տիկին Դոնարան տեղյակ չի եղել, ապա նրա նախապատվության իրավունքը խախտվել է, եւ խախտողը եղել է ԴԱՀԿ ծառայությունը։

«Տարօրինակ է, որ 3 տարի շարունակ ԴԱՀԿ-ն այդ տարածքը վաճառելու աճուրդ է կազմակերպել, սակայն շինության պահապանը չի օգտվել իր նախապատվության իրավունքից, եւ 3 տարի հետո հանկարծ հայտնվում եմ ես եւ «խարդախությամբ» ձեռք բերում տարածքը»,- ասաց Հրանուշ Խառատյանը։

Իր նախապատվության իրավունքը ոտնահարված համարող Դոնարա Մկրտչյանը դիմել է դատարան՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, Հրանուշ Խառատյանի, Կենտրոն նոտարական գրասենյակի՝ շինության վաճառքի աճուրդը չեղյալ հայտարարելու համար։ Երեք տարվա ընթացքում դատական բոլոր ատյանները մերժել են նրա հայցը։ 2006 թ. հուլիսի 14-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատը պարզել Է. «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդով սակարկությունների միջոցով 14.01.03 թ. Երեւան քաղաքի Նոր Նորքի 6-րդ զանգվածի թիվ 25 շենքի հարեւանությամբ գտնվող երկհարկանի` 144 քմ մակերեսով շինությունը վաճառվել է Հրանուշ Խառատյանին: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Մ. Ավագյանի եւ Հ. Խառատյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, համաձայն որի վերջինս սեփականության իրավունքով ձեռք է բերել Երեւանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի թիվ 25 շենքի հարեւանությամբ գտնվող երկհարկանի հացաթխման արտադրամասը: Պայմանագիրը վավերացվել է Կենտրոնական նոտարական տարածքի նոտարի կողմից»:

Վճռաբեկ պալատն անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի 2005 թ. մարտի 14-ի օրինական ուժ ստացած վճիռը, համաձայն որի Դոնարա Մկրտչյանը եւ նրա ամուսինը ապօրինի զբաղեցրել են Խառատյանի սեփականությունը հանդիսացող տարածքը: Վճռաբեկ պալատն իր որոշման մեջ նաեւ նշել է, որ հայցվոր Դոնարա Մկրտչյանը «դատարանին որեւէ ապացույց չի ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութան կողմից 14.01.03 կայացրած աճուրդն օրենքի պահանջների խախտմամբ անցկացնելու փաստը հաստատելու վերաբերյալ, որը հիմք կհանդիսանար աճուրդն անվավեր ճանաչելու համար»: Վճռաբեկ դատարանը որոշել է, որ Դոնարա Մկրտչյանին եւ նրա ամուսնուն պետք է վտարել ապօրինի զբաղեցրած, Խառատյանին պատկանող տարածքից, որը Խառատյանը վերավաճառել է իր եղբորը` Նիկոլայ Առաքելյանին: ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման:

Չնայած այս փաստին` Դոնարա Մկրտչյանը շարունակում է ներկայանալ հացի փռի բնակիչ, որպես բնակության հասցե նա ներկայացնում է հացաբուլկեղենի արտադրամասը, որը երբեք բնակտարածք չի հանդիսացել: Նա թույլ չի տալիս, որպեսզի Նիկոլայ Առաքելյանը մտնի իրեն պատկանող տարածք եւ այն օգտագործի։ Իր սեփական տարածք մտնելու` Առաքելյանի բոլոր փորձերն անհաջող են անցել՝ Դոնարա Մկրտչյանի եւ նրա երեխաների հետ բախումներով եւ ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ։

«Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Մ. Օհանյանը 2006 թ. սեպտեմբերի 20-ին ժամը 13-14-ի սահմաններում ծեծի է ենթարկել իմ 18-ամյա աղջկան՝ Լիանա Մկրտչյանին, եւ արգելել է օգտվել իրեն հասանելիք բնակտարածքից։ Ծեծի ենթարկված աղջկաս համար զանգահարել են Շտապ օգնություն, եւ երեխայիս տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժին»,- պատմում է տիկին Դոնարան։

Վկայակոչելով Քաղ. օր.-ի 187-րդ հոդվածը` տիկին Դոնարան ասում է. «Քաղաքացին, որը անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն 10 տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք։ Դուրս են նետել բոլորին նույնիսկ առանց փոխհատուցման»։

Դոնարա Մկրտչյանը պնդում է, որ 1993-ից բնակվում է հացաբուլկեղենի արտադրամասում, սակայն բոլոր փաստաթղթերում նշված է, որ այդ տարածքը մինչեւ 1996-ը գործել է իբրեւ հացի փուռ եւ երբեւէ չի հանդիսացել բնակելի տարածք։ «Այդ տարածքն օգտագործելու իրավունք ինձ տվել է Աշոտ Աբրահամյանը»,- ասում է Դ. Մկրտչյանը եւ ավելացնում, որ Աբրահամյանի եւ իր միջեւ միայն բանավոր պայմանավորվածություն է եղել։ Սակայն այդ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելուց հետո , Աբրահամյանի եւ տիկին Դոնարայի միջեւ բանավոր պայմանավորվածությունը չի կարող տարածվել տարածքի նոր սեփականատիրոջ վրա։

«2004-ին ես եւ երեխաներս գրանցվել ենք այդ տարածքում»,- մեզ տեղեկացրեց տիկին Դոնարան։ ՀՀ օրենսդրության համաձայն` 2003-ից այդ տարածքը պատկանում էր Հրանուշ Խառատյանին, որը հետագայում այն վերավաճառել է իր եղբորը՝ Նիկոլայ Առաքելյանին, այսինքն` այդ տարածքում գրանցվելու համար տիկին Դոնարան պետք է ստանար Հրանուշ Խառատյանի կամ նրա եղբոր համաձայնությունը, որը չի եղել։ Տիկին Դոնարայի տրամադրած փաստաթղթով` Ոստիկանությունը նրան եւ նրա երեխաներին 2005-ին կցագրել է տվյալ հասցեին, որպեսզի նա կարողանա մասնակցել ընտրություններին։

Տիկին Դոնարան նաեւ պնդում է, որ Հրանուշ Խառատյանի փեսան՝ աղջկա ամուսին Կարապետ Բադալյանը, ծեծի է ենթարկել իր հիվանդ տղային։ Կարապետ Բադալյանի ուղեկցությամբ Նիկոլայ Առաքելյանին նրա սեփականություն հանդիսացող տարածք մտնելու փորձը տեսագրված է եւ գտնվում է Ոստիկանությունում։ 08.01. 2006-ին Դոնարա Մկրտչյանի որդին՝ Սարգիս Մկրտչյանը, դիմել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ Կարապետ Բադալյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։

«2005-ի դեկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Նոր Նորքի 6-րդ զանգվածի 25 շենքի հարեւանությամբ գտնվող հացի փռի մոտ Կարապետ Բադալյանը բռունցքներով հարվածել է դեմքիս եւ հասցրել մարմնական վնասվածքներ»,- իր դիմումում նշել է Սարգիս Մկրտչյանը եւ պահանջել քրեական գործ հարուցել Կարապետ Բադալյանի նկատմամբ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կարապետ Բադալյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 14-ի սահմաններում Նոր Նորքի 6-րդ զանգվածի 25 շենքի մոտ տեղի ունեցած վիճաբանության տեսագրությունը ներկայացրել է Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին։ Տեսաժապավենը վերծանելու արդյունքում պարզվել է, որ Կարապետ Բադալյանի ու Սարգիս Մկրտչյանի միջեւ քաշքշուկ չի եղել, եւ կազմվել է համապատասխան արձանագրություն։ Քննչական խումբը որոշել է. «Սարգիս Մկրտչյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով մերժել քրեական գործի հարուցումը եւ Կ. Բադալյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։

Տիկին Դոնարայի երեխաները նույնքան ակտիվ են ներքաշված այս տխուր պատմության մեջ, որքան ինքը։ Երեխաները նույնպես փորձում են պաշտպանել այն տարածքը, որն իրենց չի պատկանում։

Այս տարածքում ապրել անհնար է, չկա կենցաղային որեւէ պայման, սակայն տիկին Դոնարան համարում է, որ դա երբեւէ տանիք ունենալու իր միակ հնարավորությունն է։ «Ես չեմ հրաժարվի այդ տարածքից, թեկուզ իմ կյանքի գնով»,- ասում է տիկին Դոնարան։

Նիկոլայ Առաքելյանի խոսքերով` տիկին Դոնարան հանգիստ է ընդունել տարածքի վաճառքի մասին լուրը, հանգիստ է ընդունել, քանի դեռ չի պարզել, որ Նիկոլայ Առաքելյանը Հրանուշ Խառատյանի եղբայրն է։ «Սկզբում մենք շատ նորմալ շփվում էինք, մտածում էի, որ եթե տարածքը կարողանանք շահագործել, ապա տիկին Դոնարայի համար էլ որեւէ աշխատանք կգտնվի, սակայն, երբ նա իմացավ, որ ես Հրանուշ Խառատյանի եղբայրն եմ, սկսեց ինձ շանտաժի ենթարկել. «Փող տվեք ինձ, եւ ես ձեզ հանգիստ կթողնեմ։ Եթե քույրդ ուզում է ինձնից ազատվել, ապա թող ինձ եւ երեխաներիս արտասահման ուղարկի՝ հարազատներիս մոտ։ Հակառակ դեպքում ես ձեզ հանգիստ չեմ թողնի»։ Ես այդ մասին բազմիցս տեղյակ եմ պահել ոստիկաններին, սակայն ոստիկանների ներկայությամբ էլ ես չեմ կարողանում մտնել իմ տարածքը։ Նույնիսկ ոստիկանների ներկայությամբ Դոնարան եւ իր երեխաները քարերով հարվածում են»,- պատմեց Նիկոլայ Առաքելյանը։ Տիկին Դոնարան հաստատեց, որ արտասահմանում հարազատներ ունի, սակայն ասաց, որ Հայաստանից չի պատրաստվում հեռանալ։ Նա ասաց, որ պատրաստակամ է հանգիստ թողնել Հրանուշ Խառատյանին եւ նրա եղբորը, սակայն մի պայմանով. «Թող ինձ համար Երեւանում ինչ-որ մի տեղ բնակարան գնեն, թեկուզ մի սենյականոց, եւ ես իրենց հանգիստ կթողնեմ։ Ինձ այդ տարածքը պետք էլ չէ, բայց ես չեմ կարող իմ երեխաներին թողնել փողոցում»։

Այս պահին տիկին Դոնարան բնակվում է իր մոր` վիճելի տարածքի հարեւանությամբ գտնվող տանը եւ տեղեկացրեց, որ մոր տուն տեղափոխվելուց հետո իր եղբոր ընտանիքն այնտեղից հեռացել է։

Նախքան հարաբերությունների սրվելը, տիկին Դոնարայի եւ Նիկոլայ Առաքելյանի միջեւ 1500 ԱՄՆ դոլարի համաձայնագիր է կնքվել տարածքն ազատելու մասին. «Մենք` Դոնարա Մկրտչյանը, Լիանա եւ Սարգիս Մկրտչյանները, համաձայն ենք, որ Նիկոլայ Առաքելյանը մեզ վճարի 1000 (հազար) ԱՄՆ դոլար գումար, եւ 500 (հինգ հարյուր) ԱՄՆ դոլար 1 տարվա ընթացքում շինանյութի ձեւով», սակայն Դոնարա Մկրտչյանը հրաժարվել է իր պահանջած գումարից: Մեզ հետ զրույցում նա բացատրեց, որ այդ գումարով բնակարան չի կարող գնել։ «Ինչո՞ւ Է Նիկոլայ Առաքելյանը համաձայնվել գումար տալ տիկին Դոնարային այն դեպքում, երբ նա իրավունքներ չունի իր սեփականության նկատմամբ» հարցին Առաքելյանը պատասխանեց. «Որպեսզի հանգիստ թողնի մեզ»։

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տիկին Դոնարայի հայտարարությունները որոշ անձանց եւ ԶԼՄ-ների համար փայլուն առիթ էին Հրանուշ Խառատյանի նկատմամբ սեւ PR իրականացնելու համար, որն իր թեկնածությունն էր առաջադրել ԱԺԿ-ի համամասնական ցուցակով։ Մամուլում տեղ գտան տիկին Դոնարայի հետեւյալ մեղադրանքները. «Որեւէ մեկը այդ խարդախ կնոջը մինչեւ հիմա չի հարցրել, թե ինչ միջոցներով է կարողացել այդքան կարողություն դիզել... այս է մեր ազգագրագետի իրական պատկերը, որն այսքանով չի կշտացել ու հիմա էլ ուզում է ինձ ու իմ երեխաներին բնակտարածքի իրավունքից զրկել։ Արդեն երեք տարի ես ու երեխաներս տառապում ենք այդ խարդախ կնոջ լծի տակ»։

«Ես չեմ ճանաչում եւ չեմ մեղադրում Դոնարա Մկրտչյանին։ Իմ դժգոհությունը կապված է ԴԱՀԿ-ի հետ։ Ես չգիտեմ, թե ինչ նախապատմություն ունի այդ տարածքը։ Այդ տարածքը ես գնել եմ ԴԱՀԿ-ից, եւ ԴԱՀԿ-ն ինձ պարտավոր էր տարածքը հանձնել դրա հետ կապված բոլոր խնդիրները լուծելուց հետո: Իսկ եթե այդ տարածքը պատկանում էր ինչ-որ մեկին, թող այն աճուրդի չհանեին։ Ես կարծում եմ, որ համապատասխան մարմինները դիտմամբ նման լարվածություն են ստեղծում քաղաքական վանկարկումների համար։ Այս սեւ քարոզչությունն իմ դեմ սկսվեց 2004-ին, երբ դարձա կառավարության աշխատակից»,- ասաց տիկին Խառատյանը։

«Ինչո՞ւ Արդարադատության նախարարությունը չի պարզում, թե իր վերահսկողության տակ գտնվող ԴԱՀԿ-ն ինչու՞ չի կատարում իր պարտավորությունները եւ վերջ դնում Հրանուշ Խառատյանի անվան շուրջ արհեստականորեն առաջացած աղմուկին» հարցին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Եթե ձեզ թվում է, որ ես պետք է ԴԱՀԿ-ի տարեկան 60 հազար վարույթներին տեղյակ լինեմ, սխալվում եք: Հրանուշ Խառատյանը կառավարությունում աշխատելուց հետո մի քանի տարի շարունակ տարբեր բողոքներով դիմել է նախարարությանը՝ դեռեւս չլինելով որեւէ կուսակցության անդամ: Այդ գործընթացը արդեն մի քանի տարի է տեւում եւ, հավանաբար, կան իրավական արգելքներ: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ գործի դրույթներին, ապա ես ավելին ոչինչ ասել չեմ կարող»։

Եթե այս հարցում իսկապես կան իրավական արգելքներ, ապա դրա հեղինակը ԴԱՀԿ-ն է, իսկ դա առնվազն պետք է անհանգստացնի Արդարադատության նախարարին, առավել եւս, որ ԴԱՀԿ-ի ստեղծած իրավական արգելքների պատճառով է այս ամբողջ պատմությունը:

Օրերս Դոնարա Մկրտչյանը հայտարարեց, որ պատրաստվում է հացադուլ հայտարարել. «Ես էլ կորցնելու բան չունեմ»,- ասաց նա։ Գուցե այս դեպքից հետո ԱՆ ԴԱՀԿ-ն պարզաբանի՞, թե մինչեւ տարածքը Հրանուշ Խառատյանին վաճառելը քանի՞ աճուրդ է անցկացրել եւ արդյո՞ք այդ մասին տեղյակ է պահել Դոնարա Մկրտչյանին, որին տարածքն ու գույքը ի պահ էին տրված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter