HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռադիկ Մարտիրոսյանն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը

ԳԱԱ նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը՝ խմբագրությանն ուղարկելով ստորեւ ներկայացվող տեքստն իբրեւ հերքում: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ: 

www.hetq.am կայքում սույն թվականի փետրվարի 15-ին հրապարակված Վահե Սարուխանյանի հեղինակային «Ովքե՞ր են սկանդալի մեջ հայտնված շվեյցարական «HSBC»-ում գումար պահած հայերը» հոդվածի  առնչությամբ:

Սույն թվականի փետրվարի 15-ին www.hetq.am կայքում հրապարակվեց Վահե Սարուխանյանի հեղինակային «Ովքե՞ր են սկանդալի մեջ հայտնված շվեյցարական «HSBC»-ում գումար պահած հայերը» հոդվածը, որում նշվում է իմ՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ  Մարտիրոսյանիս անունը եւ լուսահոգի Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի անունը: Տեղեկացնում եմ, որ 1995 թ.-ին, երբ ես Երեւանի պետական համալսարանի ռեկտորն էի, Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի աջակցությամբ հիմնադրվեց ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետը: Ֆակուլտետի ստեղծման եւ զարգացման գործում Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը ներդրել է սեփական գումարներ ամսագրերի եւ գրքերի հրատարակման, եվրոպական համալսարաններ ուսանողների ճամփորդությունների համար եւ այլն:  

Աստվածաբանության ֆակուլտետին մշտապես աջակցելու համար Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը Շվեյցարիայում 1997 թ.-ին բացեց հաշիվ, որն ուներ երկու օգտատեր, որտեղ ես երկրորդ օգտատերն էի: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ այդ գումարները կարող են ծախսվել միայն Աստվածաբանության ֆակուլտետի կարիքների համար: Այդ հաշվի բացման օրվանից մինչ օրս ես այդ հաշվի հետ որեւէ գործողություն չեմ կատարել եւ որեւէ տեղեկատվություն չունեմ հաշվի վիճակի մասին:

Ինձ համար ցավալի է, որ իմ եւ լուսահոգի Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի մասին գրված է անհարգալի ոճով մի հոդվածում, որը նման «սկանդալային» անուն ունի, եւ գրված է առանց ճշտելու իրողությունը:

Խնդրում եմ հրապարակել այս հերքումը Ձեր կայքում առանձին նյութի տեսքով:

15.02.2016 թ.

Խմբագրության կողմից. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է. «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը»: Անհասկանալի է, թե, ըստ Մարտիրոսյանի, որն է իր անձին վերաբերող փաստացի անճշտությունը, եթե իրականում ոչ թե հերքել, այլ հաստատել է, որ 1997-ին շվեյցարական բանկում բացվել է հաշիվ, որի օգտատերերը եղել են ինքն ու Շահե սրբազանը: Ընդ որում՝ «Հետքը» չի նշել, թե ինչ նպատակով է օգտագործվել հաշիվը, այլ ընդամենն արձանագրել է փաստը ու նաեւ այն, որ հաշիվը եղել է կոդավորված: 

Մեկնաբանություններ (3)

ՆՈՒՆԵ(ԵՊՀ)
Ռադիկը ստում է, ավելի շատ կեղտ կա կուտակված այդ գործում...
Նունե (ԵՊՀ)
Ռադիկը ԵՊՀ ներկայիս ղեկավարները թող պատասխանեն, թե ` 1. ով է Մարի Սանթուրջյանը, ինչ կապ կա այդ գործի հետ ... 2. թե կաթողիկոսի հետ միասին մեկուկես տարի որտեղ էին թաքցրել մահամերձ դեկանին և ով էր խնամում նրան, երբ հարազատներին նույնիսկ արգելված էր տեսակցել... 3. մեկուկես տարի ով էր ստորագրում և ստանում նրա չաշխատելու դիմաց դուրս գրված պրոֆեսորական ,,աշխատավարձը,,... 4. ով էր փոխարինում նրան` երբ նրա դասավանդած առարկայի մասնագետը ինքն էր միայն... 5. և ով է պատասխան տալու ուսման վարձեր վճարող և ոչինչ չստացող ուսանողների ու այդ ֆակուլտետի անհեթեթ անգործության համար... 6.տարիներ շարունակ պետական-կրթական հաստատությունում մասնավոր ցուցակներով լրացուցիչ գումարներ բաժանելու համար... 7. և`վերջապես ով է յուրացրել Վորդ Վիժընի փոխանցած մեծ գումարները` չկատարելով ստանձնած պարտավորությունները...
Վեհարի
Փաստորեն Ռադիկի նշած հաշվեհամարի միակ տնօրինողը ինքն է: Ինչևէ, ինձ համար ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ռադիկի գիտական նոր բացահայտումները, այն է՝ գիտությանը ֆինանսավորման բացակայության պայմաններում դիմել աստվածաբանությանը և աստծուն աղոթելով դիմելու եղանակով հասնել գիտական աննախադեպ բացահայտումների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter