HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչի է ուզում հասնել ԱՄՆ-ն՝ տրվելով Ադրբեջանի շանտաժին

ԱՄն պետքարտուղարությունը ԵԽԽՎ-ում Ղարաբաղյան հիմնահարցի կապակցության ներկայացված բանաձևի տապալման հարցում  պետդեպարտամենտի ունեցած դերի մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, որ «ԱՄՆ-ն հարգանքով է վերաբերվում ԼՂ հիմնախնդիրը  տարածաշրջանային և միջազգային ցանկացած կազմակերպությունում, այդ թվում նաև ԵԽԽՎ-ում, բարձացնելու Ադրբեջանի սուվերեն իրավունքին»։ Նույն դիրքորոշումը գրեթե բառացիորեն անցած շաբաթավերջին «Արմենպրես»  գործակալության հետ զրույցում արտահայտել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով, որ  ԵԽԽՎ-ում մերժված բանաձևի մասին իրենց հայտարարությամբ համանախագահներն ընդամենը շեշտել են, որ ՄԽ-ն ղարաբաղյան հիմնահարցով հայկական և ադրբեջանական կողմերից միակ ընդունելի ճանաչված ձևաչափն է։ «Ամերիկայի ձայն»-ին այսօր տված հարցազրույցում ավելի «առաջ գնալով»՝ Ուորլիքը հայտարարել է, թե որպես հակամարտության համակողմանի կարգավորման պլանի մաս, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանդերձ, «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը և որ ինքը հույս ունի, որ Ադրբեջանը և Հայաստանը հավատարիմ կմնան Մինսկի խմբի հետ սերտորեն համագործակցելու իրենց հանձնառությանը»։

Հիշեցնենք, ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով հակահայկական բանաձևի տապալումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրա պատասխանատվությունը դրել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա՝ նրանց մեղադրելով իր երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելու և անգամ կրոնական խտրականություն դրսևորելու մեջ և ակնարկելով բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելու հնարավորության մասին։ Այս հայտարարություններին հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից բոլոր երեք համանախագահող երկրներին բողոքի նոտա ուղարկելը։

ԱՄՆ պետդեպարտամենտը և համանախագահ Ուորլիքը, այսպիսով, իրենց վերոնշյալ հայտարարություններով ու պարզաբանումներով փաստացի պաշտոնապես արձագանքում են Բաքվի բողոքի նոտային։ Բայց դա զուտ արձագանք չէ։ Վաշինգտոնը, ըստ էության, ընդունում է իրեն հասցեագրված Բաքվի մեղադրանքը և, մասամբ հրաժարվում ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ ՄԽ-ից այլ միջազգային հարթակներ տեղափոխելու Բաքվի հետևողական ջանքներն անթույլատրելի համարելու իր սկզբունքային դիրքորոշումից։ Սա նահանջ է Վաշինգտոնի կողմից, որն այլ կերպ, քան Բաքվի կիրառած դիվանագիտական շանտաժին ենթարկվել, հնարավոր չէ որակել։ Իսկ շանտաժի էությունը շատ պարզ է․ Ադրբեջանը վերջնականապես դուրս կգա բանակցություններից, եթե ՄԽ համանախագահող եռյակը շարունակի տորպեդահարել այլ միջազգային կազմակերպություններում ԼՂ հարցի շուրջ Ադրբեջանի հետագա նախաձեռնություններին։

Այս շանտաժը Բաքվի կողմից երկու առարկայական դրսևորում ունեցավ։  Նախ՝ նախագահ Ալիևը և արտգործնախարար Մամեդյարովը հրաժարվեցին Մյունխենում փետրվարի 12-14-ին կայացած անվտանգության միջազգային կոնֆերանսի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ որևէ մակարդակով հանդիպելուց, որի պատճառով համանախագահները ստիպված եղան բավարարվել միայն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանդիպելով։ Սա դեմարշ էր ՄԽ եռանախագահներն։ Երկրորդ՝ այն օրը, երբ Ադրբեջանի պատվիրակությունը Իլհամ Ալիևի գլխավորությամբ մեկնեց Բավարիա, ադրբեջանական զինուժը կտրուկ թեժացրեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում՝ տևական անդորրից հետո գործողության մեջ դնելով նռնականետներ ու ականանետներ, մեծ տրամաչափի հրազենային միջոցները։

Բաքվի այս քաղաքականությունն անորոշության է մատնել բանակցային գործընթացի ապագան ընդհանրապես, որի վերջին ակորդը 2015թ․ դեկտեմբերին Բեռնում կայացած Սարգսյան-Ալիև անպտուղ հանդիպումն էր։ Դրանից հետո ոչ բանակցող կողմերը, ոչ էլ հատկապես ՄԽ համանախագահները որևէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել։ Առայժմ նույնիսկ պարզ չէ՝ մոտակա ժամանակահատվածում սպասվում է արդյո՞ք նրանց այցը տարածաշրջան։ Փաստացի Բաքվի թելադրմամբ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պրոցեդուրալ առումով բանակցային գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի և այն մնացել է օդում կախված։

Պետք է ենթադրել, որ ՄԽ ձևաչափի հեղինակությունը պաշտպանելու նախնական սկզբունքային դիրքորոշումից ԱՄՆ-ի որոշակի հրաժարումը պայմանավորված է Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու, այդպիսով բուն բանակցությունները փրկելու առաջնահերթությամբ։ Սակայն դրա համար ընտրված մեթոդաբանությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլև ավելի է երես տալիս առանց այն էլ ավելի ու ավելի անվերահսկելի դարձող ադրբեջանական իշխանություններին։

Նախ՝ որևէ կասկած չկա, որ միջազգային այլ կազմակերպություններում ԼՂ հարցը բարձրացնելու Ադրբեջանի սուվերեն իրավունքը հարգելու մասին ԱՄՆ պետդեպի հայտարարությունը Ադրբեջանում ընկալելու են որպես իրենց դիվանագիտության հաղթանակ և նոր թափով են սկսելու կարգավորման գործընթացը ՄԽ-ի շրջանակներից այլ հարթակներ տեղափոխելուն ուղղված նախաձեռնությունները։ Չի բացառվում, որ շատ մոտ ապագայում թե հայկական կողմը և թե համանախագահները կբախվեն ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կողմից ԼՂ հարցով նոր զեկույցներ պատրաստելու և նոր բանաձևեր ընդունելու առաջարկություններին և դրանց հիման վրա սկսված գործընթացներին։ Մինչդեռ դրանք կանխելու հարցում, ԱՄՆ-ն կաշկանդում է ՄԽ եռանախագահությանը՝  քանի որ չի կարողանալու շրջանցել վերոնշյալ դիրքորոշման պատճառով, լինելու է շատ ավելի կաշկանդված։ Երկրորդ՝ ԱՄՆ-ն Բաքվին վարժեցնում է իր «կապրիզների» բավարարմանը հասնել վերջնագրերի լեզվով, որը բանակցությունները դարձնելու է անարդյունավետ և անիմաստ։ Ի վերջո ի՞նչ իմաստ ունի բանակցել փոխզիջումների շուրջ, եթե կարելի է միջնորդներին ու հայկական կողմին միակողմանի զիջումների դրդել անդադար բանակցություններից դուրս գալու սպառնալիք հնչեցնելով։

Հիմա Վաշինգտոնը փորձում է հասնել նրան, որ Ադրբեջանն ընդունի հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցների կիրառմանն ուղղված առաջարկությունները։ Բայց ինչպե՞ս է ԱՄՆ-ն պատրաստվում հասնել դրան, եթե ամեն անգամ տուրք է տալու Բաքվի շանտաժներին։

Գուցե «բլիթի և մտրակի» քաղաքականության այս դասական դրսևորումը իրավիճակը և Ադրբեջանին վերահսկողության տակ պահելու՝ միջնորդներին լիովին բավարարող պատրանք է ստեղեծում։ Բայց դրանից իրավիճակը սահմանին չի փոխվում, ականենտների, նռնականետների կրակոցները նվազելու փոխարեն ավելանում են՝ հակամարտող կողմերից խլելով նորանոր մարդկային կյանքեր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter