HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցի տաքսու վարորդները խնդրանքը. «Թողեք մի քիչ էլ մեր ընտանիքների կարիքների համար վճարենք»

Գայանե Սարգսյան

Վանաձորցի անհատ տաքսու վարորդները գրավոր նամակով դիմել են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին ու համայնքի ավագանու անդամներին՝ խնդրելով վերանայել 2015 թ.-ի նոյեմբերի 18-ի թիվ 57-Ն որոշումը, համաձայն որի՝ տաքսի ծառայություն իրականացնելու համար սահմանվել է տեղական տուրք՝ տարեկան 15.000 դրամի չափով: Վարորդներն առաջարկում են տուրքի չափը սահմանել 0 դրամ:

Հղված դիմումում նրանք նշել են նաև նման առաջարկով հանդես գալու իրենց հիմնավորումները: Այն է.

1.Նման գին չի սահմանվել անգամ Երևան քաղաքում:

2.Օրենքը թույլ է տալիս սահմանել տուրք 0-ից 10.000 դրամի չափով, գումարած 1.5 տոկոս: Սահմանված 15.000 դրամ տուրքը չի համապատասխանում Վանաձորի ծանր սոցիալական պայմաններին:

3. Հայաստանում ամենաանմխիթար վիճակում գտնվում են Վանաձորի ճանապարհները, որի պատճառով մեկ երթի դիմաց ստանալով 600 դրամ, փոխարենը հազարավոր դրամների վնաս ենք կրում: Ծայրահեղ անմխիթար վիճակում են գտնվում բոլոր հիվանդանոցների ու թաղամասերի բակերը, երկրորդական փողոցները:

4. Ականատեսն ենք բյուջեի անփույթ վատնումների. շարքային աշխատողների տքնաջան աշխատած գումարներից գանձված հարկերը անորակ ասֆալտի տեսքով լցվում են ջրափոսերը:

Նշելով, որ առանց այն էլ տարբեր վճարումներ են կատարում (գույքահարկ, տեխզննում, պետական տուրք և այլն), վարորդները նամակում խնդրել են՝ թողեք մի քիչ էլ մեր ընտանիքների կարիքների համար վճարենք, մենք էլ մզվելու տեղ չունենք:

Վարորդները համայնքի ղեկավարին ու ավագանուն հասցեագրված դիմումը քաղաքապետարանում հանձնել են 7-8 օր առաջ՝ խնդրելով դիմումի օրինակը տրամադրել նաև ավագանու անդամներին:

Այսօր՝ փետրվարի 19-ին, համայնքի ավագանու հերթական նիստին իրենց բողոքն արդեն բանավոր ներկայացնելու եկած վարորդները տեղեկացան, որ ավագանու անդամներին ոչ միայն չի տրամադրվել դիմումի օրինակը, այլև նրանք տեղյակ էլ չեն անհատ տաքսու վարորդների բողոքի մասին:

Հարցին՝ ինչո՞ւ չի տրամադրվել օրինակը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանի պատասխանը կարճ էր՝ բոլորը կստանան:

«Բոլորը պետք է արդեն ստացած լինեին, հիմա էր պետք, որ տված լինեիք»,- նկատեց վարորդներից մեկը:

Աշխատակազմի քարտուղարը ներկաների համար նախ ընթերցեց «Տեղական վճարների ու տուրքերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերը, ըստ որի տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանվում են համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ և ընթացիկ տարվա համար տեղական տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:

«Ձեր պահանջները դուք պետք է ներկայացնեիք նախորդ տարի՝ աշնանը, տուրքերի դրույքաչափերը հաստատելուց առաջ»,- նշեց Գ. Սիմոնյանը, խորհուրդ տալով առաջարկություններով հանդես գալ աշնանը՝ 2017-ի տեղական տուրքերի դրույքաչափերի նախագծի քննարկման ժամանակ:  

Քաղաքապետ Սամվել Դարբինյանը հետաքրքրվեց՝ որքա՞ն է տեղական տուրքերի դրույքաչափի տատանման սահմանը: Սրան ի պատասխան ավագանու անդամ Արմեն Մատինյանը հիշեցրեց, որ բազմիցս ասել է, որ Վանաձորում տաքսի ծառայության մատուցման համար ամենաբարձր դրույքաչափն է սահմանված:

«Հայաստանում ամենաբարձր դրույքաչափը մեր մոտ է: Երևանում 10.000 է, Գյումրիում 12.500: Հավաքվում է, թե՝ չէ, չգիտեմ, բայց այնտեղ ավելի ցածր է: Միշտ առաջարկել եմ իջեցնել, բայց բյուջեի խնդիրներից ելնելով չի իջեցվել»,- նշեց ավագանու անդամը:

Ավագանու անդամի այս մեկնաբանությանն ի պատասխան քաղաքապետն առաջարկեց. «Բերեք ոչ մեկս Հռոմի պապից ավելի կաթոլիկ չձևանանք»:

Բողոքով եկած վարորդները շատ ասելիք ունեին:

«Վերահսկողություն չկա, ավերակներ ա դառել քաղաքը: Ջրի մեջ են ասֆալտը լցնում: Մեր քրտինքից ա էդ գումարը գնում: Մենք էդ գումարը տանք, ջրափոսերը լցնե՞ն»,- նկատեց վարադներից Ահարոն Սաղաթելյանը:

«Էս տարի կասեմ սպասեն էնքան, որ հանկած անձրև չգա, էդ օրն անեն»,- նշեց քաղաքապետը:

Աշխատակազմի քարտուղարն էլ հորդորոց՝ նախ վճարեք, հետո ծառայություն պահանջեք:

Վարորդները չհամաձայնեցին. «Ծառայությունը մատուցում են, նոր են վճարում: Քաղաքակրթության մեջ այդպես է կարգը»:

Տարեկան տուրքաչափը ամիսերի, ապա օրերի բաժանելով, քաղաքապետը նշեց.

«Դուք էսօր օրական 70-80 դրամը շատ եք համարում համայնքային բյուջե տալու համար: Ես սա աբսուրդի պես մի բան եմ համարում: Աշխատող մարդը օրական մի 2000 դրամ կաշխատի, դրանից ընդամենը 70 դրամը պետք է տաք համայնքին…»:

Քաղաքապետի խոսքին վարորդների հակադարձումը կտրուկ էր. «Էդ 2000-ից 3000-ը պետք ա տանք, որ քաղաքի փողոցների փոսերում ջարդված մեքենան սարքենք»:

«Ձեր խնդիրը կվերանայվի 2017 թ.-ի բյուջեն հաստատելուց առաջ»,- թեման եզարափակեց Ս. Դարբինյանը:

Վարորդները նիստերի դահլիճից հեռացան դժգոհ, շարունակելով իրենց բողոքն արտահայտել քաղաքապետարանի բակում:

«Փոքր քաղաք ա, ժողովուրդ չկա, տաքսի նստող չկա: Օր ա էղնում, 1000 դրամ էլ չենք աշխատում: Մենակ 50.000 դրամ ծախսել, շոտչիկ եմ առել, գնացել տեղադրել եմ, լիցենզիան վերցրել եմ: Ամիսը 8000 դրամ էլ լիցենզիայի համար եմ մուծում: Դա պետական տուրք ա, մուծում ենք, բայց տեղական տուրքն ինչի համար մուծեմ»,- ասում է Նորայր Գևորգյանը:

«Ասում են՝ հնար չկա, միշտ էլ հնար կա: Թող մեր պահանջը ներկայացնեն խորհրդարան»,- ավելացնում է Սեյրան Թովմասյանը:

Նշելով, որ մտադիր չեն վճարել տեղական տուրքը, նրանք հավաստիացրին, որ վճարման պահանջը շարունակական լինելու դեպքում, այլընտրանք չունենալով, ստիպված են լինելու դիմել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ու վերադարձնել արտոնագրերը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter