HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցի նորածին եռյակի համար օրորոց ունենալն այսօր ծնողների երազանքն է

Գայանե Սարգսյան 

Փետրվարի 18-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ եկած եռյակ տղաները միանգամից գրավեցին լրատվամիջոցների ուշադրությունը: Բացի այն, որ Վանաձորի ծննդատան պատմության մեջ վերջին 23 տարում սա եռյակ ծնվելու առաջին դեպքն էր, այն հետաքրքրական էր նաև նրանով, որ հղիությունը տեղի էր ունեցել բնական ճանապարհով:

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի դիտարկմամբ՝ արհեստական բեղմնավորման արդյունքում հաճախ են եռյակներ ծնվում, սակայն որ բնական ճանապարհով հղիության արդյունքում եռյակներ ունենան, հազվադեպ է լինում:

 «29 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում վերջին եռյակը Վանաձորում ծնվել է 1993-ին՝ երեք աղջիկներ»,-   նշում է Ա. Ավալյանը:

Եռյակ ունենալու լուրը անակնկալի է բերել նաև ծնողներին:

«Անակնկալ էր մեզ համար: Մտածում էի տղա կունենանք, բայց ստուգեցին, ասացին՝ տղաներ են, եռյակ է, անակնկալի եկանք»,- ասում է երիտասարդ մայրիկը՝ Ռիմա Միրզոյանը:

Ռիման ծննդատուն է ընդունվել հղիության 35-36 շաբաթական ժամկետում: Ելնելով երեխաների դիրքից ու հղիության ժամկետից՝ կատարվել է  կեսարյան հատում:

 Տղաները երեքն էլ անհաս են. ծնվել են 1900, 1700 և 1800 գ քաշով:

«Երեխաները ծնվել են թեթև ասֆիքսիայով, կատարվել են բոլոր անհրաժեշտ բուժական միջոցառումները: Նորածիններից երկուսը թթվածին են ստանում, երրորդը համեմատաբար ավելի բարվոք վիճակում է: Նորածինները ինտենսիվ բուժման կարիք ունեն»,- նշում է Լոռու մարզի գլխավոր նեոնատոլոգ Լիլիթ Ղարաքեշիշյանը:

Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, մի քանի օրից մայրիկն ու երեխաները դուրս կգրվեն: Բազմազավակ հայրը՝ Սամվել Զարգարյանը, սակայն, չգիտի, թե երեխաներին ուր է տանելու: Ընտանիքը բնակարան չունի: Վարձով բնակարանում ապրող ընտանիքն այլևս չի կարողանում վճարել ոչ բնակարանի վարձը, ոչ էլ կուտակված կոմունալ վճարները: 

Ընտանիքի միակ կերակրողը Սամվելն է, ով Վանաձորում աշխատում է որպես աղբատար մեքենայի բանվոր: Ինչպես ինքն է ասում՝ այս ոլորտում է 11 տարեկանից: Առանց հոր խնամքի մեծացած տղան այսօր հայրացել ու չի ուզում, որ իր երեխաներն էլ բախվեն այն խնդիրներին, որոնց ժամանակին ինքն է բախվել:

Ամսական 40.000-50.000 դրամ աշխատավարձ ստացող երիտասարդի աշխատավարձը չի բավարարում նույնիսկ տան վարձն ու կոմունալ վարձերը վճարելու համար:

 «Էս ամիս 40.000 դրամ ա ստացել: Ես չգիտեմ 40.000-ը տան վարձ տամ, կոմունալ տամ, թե երեխեքին հաց տամ: Մենակ տան վարձը 25000 ա, ձմռան ամիսներին կոմունալ վարձերն էլ հետը 50000-ին մոտ նստում է»,- աչքերն է լցնում Ռիման:

Ընտանիքի հացի խնդիրը որոշ չափով մեղմվում է ստացած 29.000 դրամ ընտանեկան նպաստի հաշվին:

 «Տանը երկու աղջիկ ունեմ, Սամվելի առաջին կնոջից ունեցած տղային՝ Արմենին  էլ ենք խնամում, չնայած խնամակալը սկեսուրս է»,- շարունակում է Ռիման:

Փոքրիկ Արմենի մայրը մահացել է երեխայի ծննդից կարճ ժամանակ անց: Թոռնիկի խնամակալությունը հանձն է  առել տատիկը, ով նրա ու դստեր հետ բնակվում է Վանաձորի հանրակացարաններից մեկում: Չնայած հանրակացարանային անմխիթար պայմաններին, Սամվելը շատ է ցանկանում, որ իր ընտանիքին էլ սենյակ հատկացնեն: Վանաձորի քաղաքապետարանում խոստացան, որ առաջիկայում   բազմազավակ ընտանիքին ևս սենյակ կհատկացվի նույն հանրակացարանում:

Ընտանիքի պարտքերն այնքան են կուտակվել, որ Սամվելն այսօր նույնիսկ երեխաների ծննդյան վկայականներն ստանալու համար պահանջվող գումարը չի կարողանում վճարել:

«Եկա զագսից՝ ծննդականները հանեմ, ասի՝ անվճար կլինի, բայց չէ, վճարովի էր, ամեքի համար 1000 դրամ ուզեցին: Չգիտեմ ինչ անեմ»,- նշեց նա:

Երեխաների համար առաջին անհրաժեշտության որոշ իրեր կարողացել են գնել, սակայն ասում են, որ գնածը բավարար չի նույնիսկ մեկ երեխայի, էլ ուր մնաց երեքին բավարարեր:

Երեխաների  համար օրորոց ունենալն այսօր ծնողների երազանքն է: Արմանը, Արամն ու Արտյոմն առայժմ ստիպված կլինեն քնել մեծահասակների մահճակալներին:                                                                                              

Մեկնաբանություններ (9)

Սառա
Ծննդյան վկայականը տրամադրվում է անվճար, 1000 դրամն անօրինական պահանջ է:
Gayane Sargsyan
Հարգելի Հասմիկ Այվազյան յուրաքանչյուր պետական մարմին նախ և առաջ ինքն է իր վարվելաձևով արատավորում կամ բարձրացնում իր հեղինակությունը: Ինչ վերաբերում է իմ , ես տեղեկացված եմ, որքանով որ դա անհրաժեշտ է: Լավ կլիներ խնդիրը փնտրեիք ձեր աշխատավայրում ձեր աշխատակիցների շրջանում, որոնք այս եռյակի հոր համար իսկական շիլաշփոթ են ստեղծել: Նախ պահանջել են, որ գնա և յուրաքանչյուր երեխայի համար բանկում վճարի 1000-ական դրամ: Երիտասարդը գնացել, բանկում վճարել է 3600 դրամ՝ ներառյալ միջնորդավճարը, որից հետո երբ կտրոննները ներկայացրել է ձեր աշխատակցին, վերջինս նրան հուշել է, որ եթե հայրություն չճանաչի և երեխաները գրվեն մոր ազգանունով, այդ գումարը կարող էր չվճարել: Սրանից հետո հայրը ստիպված է եղել կրկին գնալ բանկ ու ետ վերցնել վճարած գումարը: Սա այն ամենն է, ինչը լրագրողիս վերջին զրույցի ժամանակ պատմեց Սամվելը: Ի դեպ, ձայնագրությունը պահպանվում է: Մինչ այս շիլաշփոթը ձեր մոտ կկատարվեր, նյութը հրապարակվել է: Ձեր մեկնաբանությունից այնքան էլ ակնհայտ չէ, տեղեկացված եք արդյոք վերը նշվածից, թե՝ոչ: Լրագրողին անհիմն մեղադրելուց առաջ գուցե ՁԵր բաժնի աշխատանքը համակարգեիք?
Նելլի
տիկին Հասմիկ, ՔԿԱԳ բաժին հենց մոտենում ես ցանկացած հարցով նախ կանխիկ տրվելիք գումար է պահանջվում, հետո տուրք, ու ամեն ինչ արվում է թալանած լինելու համար, ինչպես նախորդ տարի մեզ հետ եղավ Մասիսի ՔԿԱԳ բաժնում, երբ ծննդականի կրկնօրինակ էր պետք, եւ ստացողն էր ներկա, եւ լիազորագիր կար նոտարով...այնպես որ երբեմն մարդասեր եղեք ու օգնեք դրա կարիքն ունեցողին...եւ ի վերջո ինչ են մտածում քաղաքի համապատասխան մարմինները, եռյակի մորը ինչու համապատասխան աջակցություն չի տրվում
hasmik58
Հասմիկ Այվազյան, բյուրակրատական մեքենադ միացրել ես ու մեղավոր ես փնտրում մի մարդու որը խիստ օգնության կարիք ունի, քեզ խորհուրդ կտամ աշխատանքից ազատվես, քեզ նստեցրել այդտեղ մարդկանց օգնելու համար ոչ թե քեզ երևակայելու համար
Հասմիկ Այվազյան
Լրագրողը որևէ նյութ հրապարակելիս պետք է տեղեկացված լինի այդ նյութին լիարժեք, այլ ոչ թե որքանով դա : Իրականում Սամվել Զարգարյանի հարցին, թե ինչ է անհրաժեշտ երեխաներին հայրություն ճանաչելու համար, բացատրվել է, որ օրենքով սահմանված է 1000-ական դրամ պետական տուրք, որը նա պետք է վճարի բանկում ևկտրոնները ներկայացնի հայրության ճանաչման դիմումների հետ: Սակայն հայրության ճանաչման դիմում ներկայացնելիս նրա հարցին՝ արդյոք հայրություն ճանաչելու դեպքում երեխաների մայրը կհամարվի միայնակ մայր, ստացել է բացասական պատասխան, որից հետո հայտնել է, որ այդ դեպքում չի ցանկանում երեխաներին հայրություն ճանաչել: Աշխատակցի կողմից բացատրվել է, որ այդ պարագայում այլ դիմում պետք է ներկայացվի, որի համար պետական տուրք սահմանված չէ: Ձեր հոդվածի շարադրանքից բխում է, որ Սամվել Զարգարյանից ամհիմն գումար են , պետական տուրքը չեն ուզում, այլ բացատրում են վճարման կարգը: Այսքանից հետո հարցեր ունենալու դեպքում խնդրում և պահանջում եմ մոտենալ ՔԿԱԳ բաժին, ստանալ ձեր հարցերի լիարժեք պատասխանները և հերքել հոդվածի սխալ շարադրանքը: Իսկ ընդհանրապես որպես իրավաբան խորհուրդ կտայի հետագայի համար ուշադիր լինել հոդվածում հրապարակվող արտահայտոթյուններին, քանի որ կարելի է ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության անձի, պետական մարմնի պատվին, գործարար համբավին պատճառված վնասի համար:
Anna
Կարող եմ հագուստով օգնել: Բայց Վրաստանի Քութաիսի քաղաղում ենք ապրում: Ով գիտի ինչպես կարող եմ այստեղից որևէ ապրանք ուղարկե՞լ
Հասմիկ Այվազյան
Հարգելի լրագրող, չի կարելի անտեղյակ հայտարարություններ հրապարակել՝ արատավորելով պետական մարմնին, Սամվել Զարգարյանը քանի որ երեխաների մոր հետ չի գտնվում օրինական ամուսնության մեջ, հայրության ճանաչման համար բանկում վճարել է օրենքով սահմանված 1000 -ական դրամ պետական տուրքը, իսկ եթե գտնվեր օրինական ամուսնության մեջ, երեխաների ծնունդը գրանցելու համար պետական տուրք չէր գանձվի, ուստի պետք է հոդվածը շարադրել գրագետ ձևով, որ ընթերցողը ճիշտ հասկանա ինչի մասին է խոսքը:
Անի
Ծննդյան վկայականը տրամադրվում է անվճար, սակայն եթե երեխայի ծնողները օրինական ամուսնության մեջ չեն գտնվում(չունեն ամուսնության վկայական) և հայրը ցանկանում է հայրություն ճանաչել այդ դեպքում պետական տուրք վճարում է 1000դրամ հայրության ճանաչման համար, տվյալ դեպքում կարծում եմ, որ հենց հայրության ճանաչման համար էլ պետական տուրք են գանձել:
Серине
Пожалуйста напишите контакты по которым можно будет помочь.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter