HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Սաֆարյանը ևս մեկ ամիս կմնա բանտում

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը մոտ 6 ժամ տևած քննությունից հետո որոշում է կայացրել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կալանքը մեկ ամսով երկարացնելու վերաբերյալ:

Դատական նիստը սկսելուց 1 ժամ հետո դատարանի դահլիճից դուրս եկավ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը և հայտարարեց, որ իրենք ներկայացրել են միջնորդություն դատավորի ինքնաբացարկի մասին, քանի որ առաջացել են տարօրինակ հանգամանքներ. «Քննությունը դեռ ընթանում է, մեր համար տարօրինակ է մի քանի հանգամանք, թե ինչու է գործը քննվում Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ ենթադրյալ հանցագործությունը կատարվել է Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը  քննվել է Կենտրոն վարչական շրջանի դատարանում»:

Գործի ընթացքում դատախազը դիմել էր Սաֆարյանի կալանքը ևս մեկ ամիս երկարաձգելու պահանջով: Տիգրան Հայրապետյանը նաև նշեց, որ իրենք դեմ են դռնփակ նիստ անցկացնելուն, քանի որ այն հասարակական հետաքրքրություն է ներկայացնում. «Անձը ունի հրապարակային գործի քննության իրավունք, քրեական  դատավարության օրենսգիրքը նախատեսում է դեպքեր, որ դռնփակ դատական նիստ կարող է տեղի ունենալ վերաքննիչ դատարանում, իսկ առաջին ատյանի դատարանում պետք է դատարանը հիմնավորում ներկայացնի դռնփակ նիստ ացկացնելու վերաբերյալ»:

Գևորգ Սաֆարյանի պաշտպանը նշեց, որ Գևորգ Սաֆարյանը նույնպես ներկա է եղել դատական նիստին:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին

Անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի գիշերը Երևանի Ազատության հրապարակում Նոր Հայաստան շարժման անդամները փորձել էին տոնածառ տեղադրել, ինչին միջամտել էին ոստիկանները ու տեղի էր ունեցել բախում: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Ամալյա Մարգարյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter