HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային շուկայում պղնձի գների անկման պատճառով Ալավերդին հայտնվել է ճգնաժամի մեջ

«Վալլեքս գրուպ»-ը դադարեցրել է բարեգործական ծրագրերի ֆինանսավորումը

Միջազգային շուկայում պղնձի գների անկումը «Վալլեքս» խմբի ընկերություններին դրել է ծանր կացության մեջ: Խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը դեռ հունվարին «Հետքին» ասել էր, որ թեև իրենց արտադրությունը շարունակվում է, բայց «Վալլեքս»-ի համար ներկայումս գոյատևման ժամանակներ են: «Վալլեքս»-ըկանգնած է նաև Թեղուտի լեռնահանքային համալիրի շահագործման նպատակով վերցրած մոտ 450 մլն դոլար վարկի մարման դժվարության առաջ: Այդ պատճառով էլ Ալավերդու պղնձաձուլական գործարանի և Թեղուտ ՓԲԸ-ի աշխատողների կրճատումներին զուգահեռ Վալերի Մեջլումյանը վերջին օրերին Ալավերդիում անցել է խնայողության խիստ ռեժիմի: «Նրա ցուցումով մարտի 1-ից դադարեցվել է «Մանես» բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ կապված ընկերության ֆինանսական դժվարությունների հետ»,-հայտնեց «Մանես» հիմնադրամի տնօրեն Ավետ Թամազյանը:

Վերջինիս ասելով՝ «Մանես»հիմնադրամը 2005-2015թթ. Ալավերդիում իրականացրել է 2 մլրդ 97 հազար դրամի բարեգործական ծրագրեր: Հիմնադրամի նախագահը Վալերի Մեջլումյանն է: Հիմնադրամի լուծարումով սոցիալապես անապահով ալավերդցի 100 բնակիչներ կզրկվեն բարեգործական ճաշարանում սնվելու հնարավորությունից: Ճաշարանի տարեկան ֆինանսավորումը կազմում էր 15,4 մլն դրամ: «Մենք բարեգործական ճաշարանում հիմնականում հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի այդ մարդիկ իրենց ճաշը տանեն տուն՝ ընտանիքի մյուս անդամներին նույնպես կերակրելու համար»,-բացատրեց Ա. Թամազյանը: Ֆինանսական դժվարությունների պատճառով կդադարեցվի նաև Ալավերդու քաղաքապետարանի ենթակայության 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների 125 երեխաների 5,6 մլն դրամ վարձավճարների ֆինանսավորումը, նույն հաստատությունների երեխաների սննդի համար հատկացվող 4,6 մլն դրամի վճարումը, Մադան թաղամասից Ալավերդու թիվ 5 դպրոց տեղափոխվող աշակերտների 985 հազար դրամ տրանսպորտային ծախսերը, քաղաքի հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների երեխաներին տարեկան տրվող 6,6 մլն դրամ կաթնամթերքի և թխվածքաբլիթների վճարները:

Չի կատարվի Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերության հաղորդումների պատրաստման և հեռարձակման համար նախատեսված 17,5 մլն դրամ գումարի վճարումը: Պահպանության ծախսերի պատշաճ ֆինանսավորում չի ստանա նաեւ Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտը:

Վերոնշյալ հատկացումների դադարեցումն ալավերդցիներն արդարացված չեն համարում, մանավանդ որ Թեղուտի լեռնահանքային համալիրի շահագործումից հետո Վ. Մեջլումյանը Ալավերդու պղնձաձուլական գործարանում մոտ 35 տոկոսով ավելացրել է արտադրության ծավալները: «Ճիշտ է, արտադրության ծավալներն ավելացել են, սակայն ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ «Վալլեքս»-ը չի կարողանում կատարել իր վարկային պարտավորությունները»,- մեկնաբանեց Ա. Թամազյանը: Նրա ասելով՝ «Մանես» հիմնադրամը ունի մսամթերքի և կաթնամթերքի պարտքեր: Ա. Թամազյանն ակնկալում է, որ առաջիկայում պետք է մարվեն նաև այդ պարտքերը: «Եկող երկուշաբթի օրվանից բարեգործական հիմնադրամն այլևս չի աշխատելու»,-հայտնեց հիմնադրամի տնօրենը: Մարտի 1-ից կդադարեցվի նաև Ալավերդու ճոպանողու աշխատանքը, որի ֆինանսավորումը եւս ստանձնել էր «Վալլեքս»-ը: Ավետ Թամազյանի ասելով՝ ընդհանուր առմամբ կդադարեցվեն հիմնադրամի 68,9 մլն դրամի բարեգործական ծրագրեր:

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն անակնկալի է եկել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կատարած խնայողական միջոցառումներից: Հիշեցնենք, որ 2015թ. կառավարությունը զրոյացրել է նաև Ալավերդի համայնքի 2016թ. բյուջեի համար նախատեսված  90 մլն բնապահպանական սուբվենցիան: «Ալավերդու համար 2016թ. ճգնաժամային տարի է: Որոշ բեռ իր վրա էր վերցրել «Մանես» հիմնադրամը, որն այսօր լուծարվում է:  Իհարկե, հասկանում եք, խոսքը բարեգործական ճաշարանի, մանկապարտեզների և դպրոցների 1-4  դասարանների երեխաների սննդի մասին է: Մենք բանակցությունների փուլում ենք գտնվում և հույս ունենք, որ որոշ համաձայնության կգանք»,- հայտնեց Կ. Փարեմուզյանը: Վերջինիս ասելով՝ քաղաքապետարանին ժամանակ է պետք սեփական հիմնադրամ ստեղծելու համար. «Մենք պետք է նաև ավելացնենք համայնքի բյուջեի սեփական եկամուտները»,- ասաց քաղաքապետը:

Ալավերդիում ստեղծված անհուսալի վիճակի մասին մեր հարցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Քանի դեռ միջազգային շուկայում պղնձի գներն ընկած են, Ալավերդու վիճակը կմնա անհուսալի»: