HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Թե ինչ կապ ունի Երվանդ Զախարյանի պաշտոնանկությունը Յուրի Վարդանյանի խայտառակության հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է նշանակել Վերահսկիչ պալատի նախկին փոխնախագահ Լևոն Յոլյանին։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում վերջինս փոխարինել է Երվանդ Զախարյանին։ Ինչպես նախկին նախարարն էր նշել, իր պաշտոնաթողությունը կապված է հանգստի անցնելու ցանկությամբ։ Սակայն նախագահի հրամանագրերից պարզ է դառնում, որ Զախարյանն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոչ իր նախաձեռնությամբ։ Պարզ է, որ եթե խնդիրը կապված լիներ միայն տարիքի և վաստակած հանգստի անցնելու ցանկության հետ, Զախարյանն ինքը ազատման դիմում ներկայացրած կլիներ։

Թե ինչով է պայմանավորված այս պաշտոնանկությունը, ընդամենը կարելի է ենթադրել։ Որևէ պաշտոնական բացատրություն, մեկնաբանություն դրա կապակցությամբ չի տրվել ոչ նախագահի, ոչ վարչապետի և ոչ էլ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող ուժի՝ ՀՀԿ-ի կողմից։ Պատճառները կարող են լինել մի քանիսը։

Չի կարելի բացառել, որ դա նախագահի գնահատականն է էներգետիկայի ոլորտում Զախարյանի գործունեությանը։ Այս ոլորտում ոչ միայն եղած խնդիրները չեն լուծվել, այլև համակարգն ընդհանուր առմամբ հայտնվել է ավելի լուրջ ճգնաժամի մեջ։ Այստեղ տեղի են ունենում արտաքուստ այնպիսի հակասական ու անտրամաբանական գործընթացներ, որոնց բնույթից, նպատակներից անգամ ոլորտի մասնագետները գլուխ չեն հանում։ Օրինակ՝ այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչու Համաշխարհային բանկից 30մլն դոլարի չափով արտոնյալ վարկ ստանալու որոշումը կապվեց էլէներգիա արտադրող ընկերություններին ՀԷՑ-ի պարտքը մարելու հետ՝ այն դեպքում, երբ գործադիրն ավելի վաղ հենց այդ պարտքը մարելու նպատակով էր հիմնավորել սակագների վերջին բարձրացումը։ Իրավիճակն ավելի խճճված դարձավ, երբ ՀԷՑ-ը հանդես եկավ պարզաբանմամբ, որ այդ վարկի հետ ինքը որևէ կապ չունի։

Իհարկե, էներգետիկայի ոլորտում առկա իրավիճակի  պատասխանատվությունն ամբողջությամբ Զախարյանի վրա չէ. համակարգի խաթարման գործընթացն սկսել էր շատ ավելի վաղ։ Սակայն ոչ թափանցիկ և ոչ հաշվետու աշխատելու, սուր թեմաներից խուսափելու Զախարյանի աշխատելաոճը, որը նա ժառանգել էր խորհրդային կառավարման «դպրոցից», ուժգնացնում էին տպավորությունը, թե համակարգում իրավիճակը դարձել է քաոսային, անվերահսկելի, իսկ ինքը՝ նախարարը, ով հիանալի վարչարար լինելով նոմենկլատուրայի համար իրեն արդարացրել էր նախկին բոլոր պատասխանատու պաշտոններում, վերջին պոստում ակնհայտորեն սկսել է տապալվել։

Հետաքրքրական է, որ այս պաշտոնանկությունը տեղի է ունենում վրաց-իրանական գազային համաձանությունների ձախողման ֆոնին։ Երկու շաբաթ առաջ Թեհրանն ու Թբիլիսին գրեթե պայմանավորվել էին Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարեկան 200մլն խ/մ իրանական գազի տարանցման հարցում։ Սակայն երեկ Բաքվում Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարեց, որ Ադրբեջանի հետ գրեթե վերջնականապես համաձայնության են եկել այդ երկրից լրացուցիչ 500մլն խ/մ գազ ներկրելու շուրջ՝  փաստացի հաստատելով, որ Վրաստանն Իրանից գազ չի գնելու, հետևաբար Հայաստանն էլ զրկվելու է տարանցման հնարավորությունից։ Այդ ողջ ընթացքում պաշտոնական Երևանն իր համար կենսական նշանակության վրացա-իրանական գործարքը կյանքի կոչելու ուղղությամբ ոչինչ չձեռնարկեց՝ սպասելով, թե ինչ կորոշեն Թեհրանն ու Թբիլիսին նաև իր փոխարեն։ Այս ձախողման համար էներգետիկայի նախարարությունը և նախարար Զախարյանն ունեն պատասխանատվության իրենց ծանրակշիռ մասնաբաժինը։ Եվ չի կարելի բացառել, որ նրան հեռացնելու Սարգսյանի որոշումը պարզապես Զախարյանին այդ ձախողման համար քավության նոխազ դարձնելու նպատակ ուներ։

Իհարկե, չի կարելի բացառել նաև, որ այս պաշտոնանկությունը պարզապես ներիշխանական ուժերի վերադասավորում իրականացնելու՝ նախագահի սկսած պրոցեսի դրվագներից մեկն է և ուղղակիորեն կապված է Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան նկատելիորեն օտարվող հարաբերություններով։ Այս իմաստով ուշագրավ է երկու հանգամանք։ Նախ՝ կադրային այս փոփոխությունը կարծես թե տեղի է ունենում ի հեճուկս վարչապետի, որի համար Զախարյանը միշտ եղել է վստահելի, յուրային ֆիգուր՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից։ Հովիկ Աբրահամյանը երբեք հրապարակավ Զախարյանի գործունեությունից դժգոհություն չէր հայտնել։ Երկրորդ, որ շատ ավելի էական է, թե՛ կադրային այս փոփոխությունը և թե՛ առհասարակ վերջին շրջանում Կառավարության վերաձևման նախագահի սանձազերծած պրոցեսը հակասում է գործող Կառավարության ձևավորումը լիովին Հովիկ Աբրահամյանի հայեցողութանը թողնելու մասին 2014թ․ հենց իր՝ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը։ Ակնհայտ է, որ կառավարության թե՛ կառուցվածքը և թե՛ արդյունքները Սերժ Սարգսյանին չեն բավարարում, և նա ոչ միայն Հովիկ Աբրահամյանից ետ է վերցնում այդ հայեցողությունը, այլև նրան գրեթե հրապարակավ օտարում է կադրային քաղաքականությունից։

Սրանք, սակայն, ընդամենը վարկածներ են։ Իշխանությունն այլ բան չի էլ առաջարկում՝  հարկ չհամարելով գոնե ձևականորեն բացատրություններ կամ հիմնավորումներ ներկայացնել կայացվող նմանատիպ առանցքային որոշումների դրդապատճառների մասին։ Նման բացատրություն չտրվեց նաև նախորդ շաբաթ էկոնոմիկայի, կրթության և գիտության, տարածքային կառավարման նախարարների փոփոխության կապակցությամբ։ Բայց այն ժամանակ գոնե հասկանալի էր, որ դրանք բխում էին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագրից և պայմանավորված էին քաղաքական ուժերի վերադասավորումներով։ Մանավանդ որ ԱԺ-ում տարածքային կառավարման նախարարությունը արտակարգ իրավիճակների համակարգից առանձնացնելու օրենսդրական փոփոխությունը իշխանությունը չերկմտեց պաշտոնապես հենց քաղաքական դրդապատճառներով էլ բացատրել։  

Բայց արդեն վաղուց կադրային փոփոխությունների, արվող գործողությունների, կարևոր քաղաքական որոշումների համար հասարակությանը բացատրություններ ներկայացնելը ավելորդ ճոխություն է։ Նման «մանրուքների» վրա իշխանությունը պարզապես էներգիա վատնելու ժամանակ ու տրամադրություն չունի։ Հանրային կարծիք, աջակցություն, վստահություն հասկացությունները ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական կատեգորիաներ են այլևս։ Իշխանության գործառույթների ու պարտավորությունների հետ կապված ամեն ինչ անցկացվում է միայն ներխմբակային, անձնական շահերի պրիզմայով՝ դրանց հանդեպ ցուցաբերելով տնավարի մոտեցում։ Հասարակությունն ընկալվում է որպես  մի նախանձ հարևան, որը քիթն իրենց գործերին խառնելու իրավունք չունի և որին պետք է մեկուսացնել՝ նրա չար աչքից, նվնվոցներից ձերբազատվելու համար։

Եթե  այդպես չլիներ, ՀՀ ԱԳՆ-ն գոնե ձևի համար կարձագանքեր Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի կողմից հայոց ցեղասպանությունը «զավեշտ» որակելու անհեթեթ ու խայտառակ հայտարարությանը՝ թեկուզև աշխարհի առջև ծաղրուծանակի առարկա չդառնալու նկատառումով։ Հակառակ դեպքում իշխանությունը ստիպված է լինելու արդեն ոչ թե նույնիսկ դրսի, այլ ներքին լսարանին համոզել, որ Յուրի Վարդանյանն այդ հարցում բոլորովին էլ Հայաստանի քաղաքական դիրքորոշումը չի ներկայացրել։ Թեև եթե աշխատեր պետական, այլ ոչ թե տնավարի մտածողությունը, Վարդանյանը ոչ թե նույնիսկ անմիջապես պետք է պաշտոնանկ արվեր, այլև այդ պաշտոնին նշանակված չպետք է լիներ առհասարակ։         

Մեկնաբանություններ (5)

Գայանե Մարգարյան
Դյուցազուն Յուրիկ Վարդանյանը նմնա բան է ասե՞լ։ Ո՞րտեղ։ Խնդրում եմ հղել վստահելի աղբյուր
Գայանե Մարգարյան
Շնորհակալ եմ, Հայկանուշ ջան։ Ասա՝ գնա սպորոտվդ զբաղվիր, այ էքս դյուցազուն, մի քիչ էլ տղաներիդ դաստիրակությամբ, որ նարկոբիզնեսով չզբաղվեն ու հետո ջրից չոր դուրս գան պապայի շնորհիվ։ Պապան պապպայ ա է՞՞՞՞՞՞
Կարեն
էէէէէ, ժողովուրդ, լեզվի սայթաքում ա, մարդը սպորտսմեն ա, զոռը տվել է մկաններին, շատ բան չի հասկանում, զավեշտ բառը աչքիս անհեթեթ բառի փոխարեն է գործածել մեր Յուրիկը։ Ախր իրա ի՞նչ գործն էր մտել է դիվանագիտություն, որ ակամա իրեն էսպես խայտառակում է, ախր ամեն մարդ իրա գործով որ զբաղվեր վիճակներս էսքան ո.ի չէր լինի
Արամ
հին էլեկտրիկը լուրջ փատտերի ու հանցագործության մասին է ահազանգում՝ Պատկերացրեք, որ փաստացի 4-5 դրամ ինքնարժեքով աշխատող ԳԵՍ - երի էներգիան գրվում է 20-25 դր ինքնարժեքի հաշվարկով աշխատող ՓՀԵԿ - ի, կամ 30- 40 դրամով աշխատող Հրազդանի ՋԵԿ - ի վրա, եւ օդից ինչ ահռելի գումարներ են հայտնվում (այսինքն ժողովրդի գրպանից, որովհետեւ էներգիայի գինն է ավելացվում)
հին էլեկտրիկ
Դժվար թե Իրան Վրաստան գազի համար լինի, այստեղ Զախարյանը քիչ գործ ուներ անելու: Դա Իվանիշվիլու հերթական բլեյֆն էր՝ աղմուկ սարքելով ադրբեջանին ստիպեց էժանով շատ գազ մատակարարել: Զախարյանին հանել են հավանաբար ՀԵՑ - ի անաստված թալանի համար՝ (տես http://news.am/arm/news/314590.html), եթե լավ ստուգեն, ապա ավելի մեծ բաներ դուրս կգան անպայման, այդ ՓՀԵԿ ների հետ կապված մեքենայությունների հետ: Պատկերացրեք, որ փաստացի 4-5 դրամ ինքնարժեքով աշխատող ԳԵՍ - երի էներգիան գրվում է 20-25 դր ինքնարժեքի հաշվարկով աշխատող ՓՀԵԿ - ի, կամ 30- 40 դրամով աշխատող Հրազդանի ՋԵԿ - ի վրա, եւ օդից ինչ ահռելի գումարներ են հայտնվում (այսինքն ժողովրդի գրպանից, որովհետեւ էներգիայի գինն է ավելացվում)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter