HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Աստծուց մենակ առողջություն եմ խնդրում բոլորիս համար, մնացածն անցողիկ բաներ են»,- ասում է վագոն-տնակում ապրող լանջաղբյուրցի Սիրուշը

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ընդամենը մեկ բնակելի վագոն-տնակ կա:  Քարե տների արանքում տեղավորված է Գևորգ Ղազարյանի ընտանիքի երկաթյա «պատերով» տնակը: Այս պահին այնտեղ ապրում է երեք հոգանոց ընտանիք` ամուսինները և նրանց դպրոցահասակ աղջիկը` Գայանեն: Նրանց արու զավակը մեկ տարի առաջ այդ տնակից զորակոչվել է բանակ:

Մեր այցելության ժամանակ վագոն-տնակի դուռը փակ էր, ներսում մարդ չկար: Քիչ անց հարևանի տնից եկան ընտանիքի անդամները: Մայրը` Սիրուշ Մխեյանը, տեսնելով անծանոթ մարդկանց և լուսա-տեսանկարահանող ապարատները, կանգնեց տեղում: Նա ամաչում էր մոտենալ, խոսել հյուրերի հետ:

Ընտանիքի կենցաղային պայմանները, սոցիալական վիճակը բարվոք չէին, սակայն տիկին Սիրուշը հպարտություն ուներ և չէր դժգոհում. «Աստծուց մենակ առողջություն եմ խնդրում բոլորիս համար, մնացածն անցողիկ բաներ են»:  

Ներս մտնելիս աչքի է ընկնում վագոն-տնակի պատին փակցված 2011 թվականի օրացույցը: Գևորգ Ղազարյանը նկատեց, որ «ժամկետանց» օրացույցի ուղղությամբ ենք նայում եւ անմիջապես պարզաբանեց, թե ինչու է օրացույցը մնացել պատին. «2011 թվականին ենք տեղափոխվել դոմիկ, հենց այդ տարվա օրացույցն է: Կախած է մնացել, որ ամեն անգամ հիշենք»,-ասում է Գ. Ղազարյանը: Ամուսնությունից ի վեր նրանք ապրել են տարբեր տներում: Սկզբում ծնողների տանն են ապրել, հետո՝ բարեկամների ու այն ծանոթների, ովքեր մեկնել են երկրից դուրս ու տները մնացել են դատարկ:

Գեղարքունիքի մարզում ձմեռը սաստիկ ցուրտ է և մեծ դժվարությամբ են կարողանում երկսենյականոց վագոն-տնակը տաքացնել: Պատմում էին, որ գրեթե ամբողջ գիշեր վառարանում փայտ են վառում, որ օդը չսառի: Փորձել են գիշերը չջեռուցել, սակայն չի ստացվել. սենյակներում տարաների մեջ լցված ջուրը հաստ շերտով սառչել է:

«Մտածեցինք՝ ամոթն էլ է լավ բան, ինչքա՞ն կարելի է ուրիշի տներում ապրել: Փող հավաքեցինք, դոմիկ առանք ու դրեցինք մեր հողի գլխին: Հիմա դոմիկում ենք ապրում ու երազում ենք գոնե փոքր, բայց քարե տան մասին»,-ասում է Գևորգը և ցույց տալիս տնակի դիմացի բետոնե հիմքը, որը տուն դարձնելու երազանք ունեն: Բայց այս պահին այդ երազանքը «անհասանելի» է թվում. քարը քարի վրա դնելու գումար չունեն:

Գևորգն ասում է, որ շինանյութ լինելու դեպքում ինքը կարող է կառուցել իրենց տունը, վարպետի գումար չի ծախսի:

Թեև տունը երկաթյա էր, պատերը՝ սառը ու առաստաղից թափված անձրևաջրերից խունացած, բայց ներսի բնակիչները շատ ջերմ էին միմյանց նկատմամբ և սոցիալական վիճակը նրանց չէր ընկճել: Ներսում ամեն ինչ կոկիկ էր, մաքուր ու հավաքված: Միայն 44-ամյա Գևորգի դեմքին էր դրոշմվել վերջին տարիների դժվար կյանքը, որ ապրել էր Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի մեկնելու ընթացքում: Նա այնտեղ շինարարությամբ է զբաղվել, դրանով կերակրել ընտանիքին, բայց անցյալ տարի աշնանը վերադարձել է խոպանից ու առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարողանում մեկնել: Այժմ մեջքն ու ոտքերն են ցավում, իրեն թույլ է զգում, սակայն լուրջ բժշկական զննում չի անցել՝ գումար չունեն: Իրենց ունեցած միակ կովին աշնանն են մորթել: Գումարի մի մասով վառելափայտ են գնել, մյուս մասը ծախսել են Սիրուշի առողջական խնդիրները լուծելու վրա:

Գևորգը տխրում է, որ չի կարողանում մեկնել արտագնա աշխատանքի: Ասում է՝ ջահել է, պիտի աշխատի, ընտանիքին օգնի, որդու նպատակներն իրականացնի, բայց հիմա իրեն կես մարդ է զգում: Սիրուշը նրան հույս է տալիս, թե տղեն բանակից կգա, մի բանի կհասնեն: Մի պահ լռություն տիրեց, կինը խախտեց անդորրը. «Տղես գա ի՞նչ պիտի անի»:

Գևորգը պատմում է, որ Ռուսաստանում ամեն ինչ «հարամվել» է: Հաճախ աշխատացնում են ու գումարները չեն տալիս, իսկ եթե աշխատողները վճարվում են, ապա փոխարժեքն այնքան ցածր է, որ դրամի վերածելիս ստացվում է՝ «մի փոր» հացի գումար են աշխատել:

Մինչև տղայի բանակ գնալը ընտանիքը նպաստ է ստացել, իսկ հիմա զրկվել են եկամտի այդ կայուն միջոցից: Պետական օգնությունից զրկելը պատճառաբանվել է տղայի չափահաս դառնալով: Սիրուշը սոցիալական աշխատողներին փորձել է համոզել, որ թեև որդին չափահաս է դարձել, բայց ընտանիքին եկամուտ չի բերում, բանակում է, և դրանով իրենց նյութական և կենցաղային պայմանները չեն բարելավվում: «Օրենքն է այդպիսին»,- լսել է պատասխանը:

«Ասում են՝ հիմա մի անչափահաս երեխա ունես, գնա ուրիշների դռները կարտոլ հավաքի, հարուստների ամանները լվա, պահի երեխուդ: Ասում եմ` որտե՞ղ աշխատեմ, ընենց չի, որ ջան չեմ անում աշխատեմ, բայց աշխատանք չկա: Խնդրել եմ գոնե նպաստը տան, դրանով լույսի գումար վճարենք, մինչև երեխես գա բանակից, ասում են` պետությունն այդպես է որոշել, չենք կարող օգնել: Նպաստի համար գնացի մարզպետարան, բոլորին դիմել եմ, ասում են՝ բալերդ չի հերիքում: Լավ, էլ ի՞նչ վիճակում պիտի լինենք, որ բալերը հերիքի: Մարդ մի քիչ պիտի ինքնասիրություն ունենա, դրանից հետո ի՞նչ անեմ, ամեն օր լացեմ, ընկնեմ իրանց ոտքերը, դռները հերթով ծեծեմ, որ նպաստ տա՞ն: Մեզ պետք չի»,-ասում է Սիրուշ Մխեյանը:

Նրա պատմելով՝ նպաստից զրկելուց հետո եռամսյակային հրատապ oգնություն են ստացել՝ ամսական 17,000 դրամի չափով: Սիրուշ Մխեյանը չգիտեր՝ օգնությունը շարունակակա՞ն է լինելու, թե՞ դա էլ է պետությունը շատ համարելու ու դադարեցնելու է:

Թեեւ պատմում էր, բայց նշում էր, որ ամաչում է այս մասին բարձրաձայնել: Նույնիսկ կողք-կողքի ապրող հարևանները չգիտեն, որ իրենք դժվարություններ են հաղթահարում, գումար չունեն: «Ամոթ է, հիմա մարդիկ կարդան ի՞նչ կմտածեն մեր մասին»,-ասում էր Սիրուշը:

Այս ընտանիքը բավարարվում է եղածով և որևէ մեկին պահանջներ չի ներկայացնում: Նույնիսկ օգնության համար գյուղապետարան չեն դիմում, թեև համայնքապետը ժամանակ առ ժամանակ հնարավորության չափով օգնում է: Սիրուշը ուրախությամբ էր նշում, որ վարկ չունեն ու «Աստված չանի, որ ունենան»:

«Որ ընկնենք մեռնենք, վարկ չենք վերցնի: Աշխատանք չունենք, վարկը ո՞նց պիտի փակենք: Տուն էլ չունենք, որ տունը ծախենք բանկի փողը տանք»,-ժպտալով ասում է Սիրուշը: Գևորգը շարունակում է կնոջ խոսքը. «Բայց մի 250.000 դրամ խանութում պարտք ունենք: Որ ամոթ չլինի ասեմ՝ պարտքի համար գյուղամեջ դուրս չեմ գալիս»:

Լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter