HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

ՊԵԿ-ի նոր նախագահն ու ազգային անվտանգության իրական բաղադրիչը

Ֆինանսների նախարարությունից առանձնացված պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավարին հարկային և մաքսային ծառայողներին ներկայացնելիս հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով ներկաներին, ասաց. «Ձեր աշխատանքը, առավել ևս արտաքին բացասական ազդակների հետ կապված մեր տնտեսության վիճակը, ինձ մղում է նրան, որպեսզի պետական եկամուտների կոմիտեի համակարգը դասեմ ազգային անվտանգության բաղկացուցիչների շարքին: Պատահական չէ, որ այսօր ես եմ եկել ձեզ ներկայացնելու կոմիտեի նոր նախագահին: Սա նշանակում է, որ ես մշտապես պատրաստակամ եմ լինելու ինքս անձամբ մասնակցելու ծագած խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացին»: Եթե փորձենք «վերծանել» Սերժ Սարգսյանի այս հայտարարության ենթատեքստը, ապա նա հղում է երկու առանցքային ուղերձ:

Առաջին՝ հարկային կոմիտեի աշխատանքներն անմիջականորեն վերահսկելու է ինքը և անձամբ է գնահատելու պետական բյուջեի եկամտային մասի ապահովման գործընթացը։ Այս իմատսով ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակված Հովհաննես Հովսեփյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ նախագահի վերահսկողակության ծառայության ղեկավարի պաշտոնը, ընդամենը ղեկավարելու է դրան ուղղված աշխատանքները, փաստացի լինելու է նախագահի աչքերն ու ականջներն այդ համակարգում և դե ֆակտո ենթակա ու հաշվետու է լինելու ոչ թե Կառավարությանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանին, այլ անձամբ իրեն՝ նախագահին։ Պատահական չէ, որ այդ պաշտոնին նշանակվում է հենց իր վերահսկողական ծառայության ղեկավարը, այսինքն՝ մարդ, ով վայելում է իր վստահությունն ու աջակցությունը։

Թվում էր, թե «քանդելով» ֆինանսների սուպերնախարարությունը՝ Սերժ Սարգսյանը թուլացնում է նախարար և Հայաստանի ամենախոշոր օլիգարխներից մեկը հանդիսացող Գագիկ Խաչատրյանի դիրքերը, ով իր փաստացի կարգավիճակով հավասարվել և հակակշռում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ամրապնդելով վերջինիս քաղաքական դիրքերը։ Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանն այս քայլով գործադիրում ամրապնդում է միայն իր հենարանը, իր դիրքերը՝ միաժամանակ թուլացնելով թե՛ Գագիկ Խաչատրյանին և թե՛ Հովիկ Աբրահամյանին։ Սերժ Սարգսյանը, ի դեմս հարկային և մաքսային ծառայողների, ողջ նոմենկլատուրային անուղղակիորեն ասում է, որ իշխանության ամբողջական կրողը բացառապես ինքն է, և ինքն է վերցնում պատասխանատվությունը կառավարության գործունեության համար։

Երկրորդ՝ մուտքերի ապահովման առումով պետական բյուջեի կատարման խնդիրը բարձրացնելով ազգային անվտանգության բաղադրիչի մակարդակի՝ Սերժ Սարգսյանը շատ հստակ ուղերձ է հղում, որ առնվազն կարճաժամկետ հեռանկարի կտրվածքով իշխանության համար հենց փող հավաքելն է լինելու գերխնդիրը, ոչ թե կամ ոչ այնքան տնտեսության զարգացման, տնտեսական աշխուժության ապահովումը։ Այսինքն՝ նպատակը տնտեսական ներկա վիճակի և բոլոր մեծ ու փոքր խաղացողների վերահսկելիության ապահովումն է, որը, ինչպես նշեցինք, վերցնում է անձամբ իր ձեռքը։

Ընդհանրապես, անկախ երկրի տնտեսական վիճակից, բյուջեի մուտքերի ապահովումը, հարկահավաքությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ լուծելու հենց ազգային անվտանգության ապահովման խնդիրը՝ առնվազն տնտեսական համակարգի կտրվածքով։ Դրանք միջոց են՝ մի կողմից կատարելու հասարակության առջև պետության ստանձնած սոցիալական պարտավորությունները, մյուս կողմից՝ նպատակային մեթոդաբանության, հարկային ու մաքսային ճկուն քաղաքականության շնորհիվ նպաստելու տնտեսական զարգացմանը, գործարար մթնոլորտի առողջացմանը, ներկրման ու արտահանման մրցակցային շուկաների, ներքին ու արտաքին ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Փետրվարի 12-ին իր նստավայրում ամբողջ իշխանական իսթեբլիշմենթի առջև ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հենց դրանց մասին էլ խոսում էր. «Ինչպես արդեն պնդեցի քիչ առաջ, երբեք չեմ խորշելու կրկնել հիմնարար սկզբունքները: Խոսքս, իհարկե, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման և հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների և վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոններն անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է»,-ասում էր նա:

Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է կիրառելի դարձնել այդ սկզբունքները՝ ըստ էության գործիք, միջոց հանդիսացող ՊԵԿ-ի գործունեությունը ազգային անվտանգության բաղադրիչ դարձնելու, այսինքն՝ նպատակի վերածելու միջոցով։ Եթե այդես է և եթե պետական եկամուտների հավաքագրումն ազգային անվտանգության բաղադրիչ է, ապա այդ դեպքում ինչի՞ բաղադրիչ է պետական, հանրային միջոցների ծախսման արդյունավետության ապահովումը։ Դա այնքան էլ կարևոր չէ՞, այստեղ ամեն ինչ թափանցիկ ու վերահսկելի՞ է, թե՞ համարվում է, որ այդ ոլորտն արդեն վստահելի ձեռքերում է՝ ի դեմս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի։ Բայց եթե այդպես է, ապա իմաստ չկար ՊԵԿ-ը «պոկել» ֆիննախից։ 

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե որքանո՞վ կարելի է կիրառելի դարձնել հավասար մրցակցային պայմանների ապահովման, հովանավորչության վերացման, պետական, համայնքային բյուջեների և վարկային միջոցների անձեռնմխելիության, խաղի նոր կանոններն անխտիր բոլորի վրա հավասարապես տարածելու մասին սկզբունքները՝ ՊԵԿ-ի ղեկավարի պաշտոնում այնպիսի ոչ միանշանակ ֆիգուրի նշանակմամբ, ով հայտարարագրած իր նյութական միջոցների կուտակման կասկածելի, անհասկանալի աղբյուրների պատճառով անգամ մեծագույն ցանկության դեպքում չի կարող հանրությանը վստահություն ներշնչել։

Դա այն դեպքում, երբ, ինչպես նորանշանակ ՊԵԿ նախագահի կենսագրությունն է վկայում, իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում նա զբաղվել է դասախոսական գործունեությամբ և, բացառությամբ, թերևս 2006թ. 11 ամիսների, զբաղեցրել միայն պետական պաշտոններ, որոնցից վերջին 8 տարիները՝ նախագահի վերահսկողության ծառայության պետի կարգավիճակում։ Հետաքրքրական է՝ մինչ այս նշանակումը կատարելը նախագահը հետաքրքրվե՞լ է՝ որտեղի՞ց իր ենթակային այդ միջոցները։ Արդյոք որևէ մեկին հետաքրքրե՞լ է այն հարցը, թե նման նշանակումն ինչպե՞ս է ընկալվելու ընդամենը երկու-երեք շաբաթ առաջ նախագահի արած «շահերի բախման դեպքերի բացահայտման և կանխարգելման առավել արդյունավետ գործիքների ստեղծման անհրաժեշտության», իշխանության  նկատմամբ հանրային վստահության վերականգնման մասին հայտարարությունների ֆոնին։

Փաստն այն է, որ թե՛ պետական եկամուտների հավաքագրման, թե՛ ծախսման ու բաշխման գործառույթները, այսինքն՝ պետական փողերի կառավարման ողջ համակարգը, և թե՛ ընդհանուր առմամբ ողջ Կառավարությունը թողնված է օլիգարխներին։ Ու այս առումով դերակատարների փոխատեղումներից բացի իրականում ոչինչ չի փոխվում։

Մինչդեռ ազգային անվտանգության ապահովման խնդիրը ՊԵԿ-ի կամ ֆիննախի մեջ չէ, այլ գործադիր իշխանությունը, ինչպես նաև տնտեսական ողջ համակարգը օլիգարխիայի գերիշխանությունից ազատագրելու կարողության կամ ցանկության։ Օլիգարխները չեն կարող իրենք իրենց դեմ պայքարել, չեն կարող իրենք իրենց քերել՝ հանուն պետական բյուջեի։ Նրանք պարզապես չեն կարող երկիրն ու տնտեսությունն իրենք իրենցից ազատագրել։             

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter