HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21-ամյա սիրիահայ Գևորգը բնակվում է ավտովերանորոգման կենտրոնի պահակի իր սենյակում

Գայանե Սարգսյան

Երկու ամիս է, ինչ վարձը վճարել չկարողանալու պատճառով Վանաձորում բնակվող սիրիահայ Գևորգը հրաժարվել է վարձով բնակարանից ու տեղափոխվել աշխատավայր՝ պահակի սենյակ:

Ավտոմեքենաների վերանորոգման կենտրոնում աշխատող մոտորիստ երիտասարդին նման որոշումը հեշտությամբ չի տրվել:

Գևորգի ընտանիքին «Հետքն» անդրադարձել է նախորդ տարվա ամռանը, երբ երիտասարդի մեծ ընտանիքի մի քանի անդամները կեցության խնդիրները լուծել չկարողանալու պատճառով արդեն իսկ հեռացել էին Հայաստանից:

Նախ երկիրը թողել էին Գևորգի երկու քույրերը, նախընտրելով հարազատ երկրում սոված մնալու փոխարեն ընդունել թշնամու երկրում առաջարկված աշխատանքը: Նրանք մեկնել էին Ստամբուլ ու աշխատանքի անցել հայ գործարարի պլաստմասսե իրերի արտադրամասում: Կարժ ժամանակ անց քույրերին էր միացել Գևորգի ավագ եղբայրը՝ կնոջ հետ: Ոսկերիչ եղբորն այդպես էլ չէր հաջողվել Հայաստանում գտնել ոչ միայն ոսկերչի, այլև նույնիսկ բանվորի աշխատանք: Ընտանիքի անդամներին առաջարկված կարճաժամկետ աշխատանքներն էլ մեծ մասամբ կամ չէին վարձատրվել՝ փորձաշրջան անցնելու պատճառաբանությամբ, կամ վարձատրվել էին չնչին գումարի չափով:

Երեք զավակների ու հարսի Հայաստանից հեռանալուց հետո Գևորգի մայրը որոշել էր մնալ կրտսեր որդու հետ ու ամեն ինչ անել, որ հիմնավորվեն այստեղ:

«Երազանքս հոս հաստատվիլս է, կուզեմ հայրենքիս մեջ մնալ: Հոսկե տուն ունենանք, մնանք հոս, այլևս չհեռանանք օտար երկիրներու մեջ: Հույսերնիս դրած ենք աստծուն, որ կըլլա…»,- «Հետքի» հետ վերջին հարցազրույցի ժամանակ ասել էր Գևորգի մայրը՝ տիկին Հայկանուշը:

Երազանք երազանք, սակայն կյանքի հանգամանքների պարտադրանքով Ամանորի նախաշեմին Թուրքիա էր մեկնել նաև մայրը:

Գևորգն ասում է, որ վերջին շրջանում մոր առողջական վիճակը վատացել էր, ստիպված են եղել բավականին մեծ գումար ծախսել մոր բժշկական հետազոտությունների ու անհրաժեշտ դեղամիջոցները գնելու համար:

«Ձմեռը դժվար էր, գործերը չիկար, էդոր համար չիկարացա գլուխ էլնեմ տունի վարձքի հետ, կոմունալների հետ: Ոնց մրջյունները ամառները կաշխատին, ձմեռը կուտեն, նույնն էլ Հայաստանում է: Ամառները պիտ աշխատես, որ ձմեռը ուտես»,- նշում է նա:

Մոր Թուրքիա մեկնելուց հետո Գևորգը գործատուի թույլտվությամբ տեղափոխվում է ավտովերանորոգման կենտրոնի պահակի սենյակ:

Հարցին՝ ինչպե՞ս ընդունեց այս որոշումը մայրը, Գևորգը պատասխանում է ժպիտով.

«Չընդունեց… ես առանց իրեն լուրի հանձնեցի տունը: Ես չեմ կարա ըսենց բաներն ասեմ իրենց, իրենք ալ շատ կնեղանան: Բայց ես ալ իմ ծրագիրներս ունեմ, իմ նպատակներս կա, որ դրել եմ ու պիտի անեմ: Ըտոնք անելու համար պիտի մի քիչ զոհաբերվենք»:

Ստեղծված իրավիճակում էլ Գևորգը չի կորցնում նախանձելի լավատեսությունն ու փորձում է առավելություն փնտրել նաև այս կարգավիճակում: Ասում է.

«Կարում եմ անցընեմ օրերս, ժամերս, ասում եմ՝ վնաս չունի, կանցնի, օրը կգա, ավելի լավ կըլնի: Մյուս կողմից էլ այստեղ գոնե ձայնընկեր կա, ավելի լավ է նրա հետ ժամանակ անցընեմ, քան թե մենակ նստեմ»:

Երիտասարդը թեև շատ չի վաստակում, սակայն գոհ է աշխատանքից: Ասում է՝ գիտի Հայաստանի պայմանները, «այստեղ օրն օրին պիտ աբրիս, ավելին չես կարա վաստակես, ավելին վաստակողները մի քանի հոգի են»:

Նրա համար ամենակարևորը հիմա Լոռիում ճանաչելիություն ու համբավ ձեռք բերելն է:

«Էս իմ նախընտրած գործս է: Անշուշտ, որ ֆինանսականն պետք է ապրելու համար: Բայց ինձի համար անունն ավելի կարևոր է, քան փողը: Քանի փողն ալ տեսանք, էդքան աշխատեցանք, իզուր եղավ, թողեցինք, ելանք եկանք…»:

Նա Հայաստանը թողնել չի ուզում: Այստեղ պահողը ոչ միայն հողի ու արյան կանչն է, այլև հանգուցյալ հոր երազանքը:

«Հորս երազանքն էր ողորմած, որ առաջին անգամ Երևան եկա, ինքը Սիրիայում էր, դեռ չէր մահացած, ասաց՝ ես ուզում եմ ամբողջ ունեցվածքս ծախեմ ու Հայաստան գամ… Քանի ձեռքս գործ կա, քանի դեռ կարում ենք աշխատենք, ձգձգենք, ձգձգում ենք: Չեմ ուզում ես ալ երթալ դուսերը, ուզում եմ Հայաստան մնալ: Իմ հողս է վերջիվերջո: Մինչև վերջին ջանքերս պիտի չարչարվեմ, որ ապրելու միջոց գտնեմ էստեղ»,- նշում է նա, բայց և հավելում՝ վերջը վարիանտ չեղավ, ես էլ ստիպված պիտի ելնեմ:

Ելնելը ելնել, բայց հենց Թուրքիա մեկնելու տարբերակը Գևորգը հիմիկվանից է ուզում բացառել: Ասում է.

«Աշխատել եմ ես Թուրքիա, բայց Թուրքիա մեջ ժողովուրդը ես չեմ հավնիր: Շատերը գալիս ասում են՝ արի, իսլամացի, ես ինձ թույլ չեմ տա: Հայ ես, վրան էլ քրիստոնյա ես, վրան էլ սիրիացի ես, աս երեքը կբավի, որ դու բերանդ լռես, ձենդ չհանես: Դու ոչ մի բան չես կարա անես: Ոչ ալ թույլտվություն տալիս են, որ աշխատես, ծածուկ ես աշխատում: Էնտեղ ալ հանգիստ չէ: Հա, փողը շատ է, բայց փողով չէ ամեն ինչ»:

Շուրջ 9 տարի մեքենաների վերանորոգման մեջ մասնագիտացած երիտասարդի համար մասնագիտությունն ավելին է, քան աշխատանքը.

«Ես 9 տարվա մասնագիտություն ունեմ, Էսքան արհեստ սովորել եմ, չարչարվել եմ օր ու գիշեր, որ գնամ ֆաբրիկա՞ աշխատեմ, գնամ պլաստմա՞սս սարքեմ…»:

Ասում է, որ այլընտրանք չունենալու դեպքում կնախընտրի հետ վերադառնալ Սիրիա, քան նորից գնալ Թուրքիա: Լսել է՝ Հալեպում կանգուն է մնացել թե իրենց տունը, թե հոր արհեստանոցը:

Մինչ գործը կհասնի դրան, Գևորգը դեռ երազում է.

«Նպատակս մեկն է, որ ընտանիքս հանգիստ միջավայրին մեջ ապրի ու իրար հետ լինենք միշտ: Ամեն ինչ սկիզբեն սկսենք, տուն առնինք, տեղ ունենանք, ընտանիք ունենանք: Թե որ սենց մնացինք, արդեն կյանքը իմաստ չի ունենար…»:  

Մեկնաբանություններ (3)

Վաչե
Գևորգ ջան լսելով քո և Ձեր ընտանիքի պատմությունը խորը ցավ ապրեցի, բայց քո լավատեսությունը անպայման հաջողություն կբերի քեզ։ Գևորգ որպես տարիքով մեծ ես ուզում եմ քեզ մի խորհուրդ տալ։ Ծանոթացիր մի լավ աղջկա հետ ամուսնացիր , միասին ավելի հեշտ կլինի կառուցել Ձեր ապագան։ Հայաստանում ինչքան էլ ապրուստը դժվար լինի ,մեր լավ ավանդույթները բարեբախտաբար պահպանվում են։ Դու անպայման կստանաս քո ընկերուհու ծնողների, բարեկամների աջակցությունը։
Zohrab
Stay kevork be tough life was not meant to be easy good luck
Peter
I wish Kevork well and hope things get better for him. It would be a pity if he had to leave Armenia. But, he has every right to do so if he can't make a living there.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter