HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հաշտարարին ամենաշատը բողոքում են ԱՊՊԱ-ից ու վարկերից

Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ դիմող քաղաքացիները թիվը տարեցտարի աճում է։ Այդ եզարհանգմանն ենք գալիս՝ ուսումնասիրելով Հաշտարարի ֆինանսական հաշվետվությունները։ 

Այդուամենայնիվ, քաղաքացիների մի մասը տեղյակ չէ այս գրասենյակից և ֆինանսական համարկարգում գործող կառույցների հետ խնդիրներ ունենալու դեպքում բողոքները հաճախ կամ օդից կախված են մնում և լուծում չգտնում, կամ էլ՝ լուծվում նույն կառույցների հետ բանակցությունների  արդյունքում։ Հնարավոր է նաև՝ Հաշտարարի գրասենյակի նկատմամբ վստահության պակաս կա։ Թեև դիմող քաղաքացիների թվի աճը վկայում է, որ տարեցտարի և իրազեկվածությունն է բարձրացել, և վստահությունը։ Բացի այդ, քննության արդյունքում գործերի մեծ մասը լուծվում է հօգուտ հաճախորդի։ Դա ևս ազդում է վստահության վրա։  Կարծում ենք՝ կարևոր է նաև իմանալ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ամբողջովին անվճար են: 

Հիմնականում բողոքում են բանկերի և ապահովագրական ընկերությունների դեմ 

2015 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը քաղաքացիներից ստացել է 3829 բողոք-պահանջ։ 3263-ը վերաբերել է ֆինանսական համակարգին։ Դրանից քննության է ընդունվել 1448-ը, ինչը 13,5%-ով գերազանցում է 2014-ի ցուցանիշը։ Պահանջների քննության արդյունքում գործերի մոտ 79%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի (2014 թվականին` մոտ 77%-ը)։ 

Հաշտարարին հիմնականում բողոքում են բանկերի և ապահովագրական ընկերությունների դեմ։ Ընդ որում՝ ամենաշատը հենց ապահովագրողների դեմ բողոքներն են։

Իսկ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի դեմ 2015 թվականին քննության ընդունված պահանջների քանակը կազմել է 15, վարկային կազմակերպությունների դեմ՝  14  և ընդամենը 1 բողոք՝ դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների դեմ։ Նախորդ տարիներին ևս այս կազմակերպությունների դեմ բողոքների քանակը քիչ եղել։ 

Բանկերի դեմ բողոք-պահանջների գերակշիռ մասը վարկային գործարքների կապակցությամբ են, իսկ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքներինը՝ ԱՊՊԱ համակարգի ( ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)։ Օրինակ, նախորդ տարվա չորրորդ եռամսյակում բանկերի դեմ քննության է ընդունվել 67 պահանջ, որից 43-ը՝ կապված վարկային գործարքների հետ։ Նույն եռամյսակում ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թիվը կազմել է 332, որից 302-ը՝ կապված ԱՊՊԱ-ի հետ։ 

Այլ խոսքով՝ Հաշտարարին ամենաշատը բողոքում են վարկերի ու ԱՊՊԱ-ի հետ կապված հարցերով։  Եթե ընդհանուր պատկերը դիտարկում ենք այդ տեսանկյունից, ստացվում է, որ ՀՀ ֆինանսական շուկայում ամենախնդրահարույցը բանկերն ու ապահովարգարական ընկերություններն են։ Բայց դա միանշակ չէ ու այստեղ բայցերը շատ են։ Օրինակ, հնարավոր է՝ պատճառը ֆինանսական շուկայում այս կառույցների մեծ դեր ունենալն է, նոր ծառայությունների ներդրումը կամ ասենք՝ հաճախորդների մեծ թիվ ունենալը և այլն։ 

Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թիվը սկսել է աճել 2011 թվականից, երբ Հայաստանում ներդրվեց ԱՊՊԱ համակարգն ու մեծացավ ապահովագրական ընկերությունների դերը հայաստանյան ֆինանսական շուկայում։

Այս տարեսկզբին Հայաստանում ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ 2009-2015 թվականներին Հաշտարարի գրասենյակը ստացել է 11750 բողոք, որից քննության է ընդունվել ավելի քան 4290-ը: Պահանջների քննության ընթացքում հաճախորդներին հատուցվել է ավելի քան 827 մլն դրամ, իսկ պահանջների քննության արդյունքում գործերի մոտ 72%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի:

Ըստ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի՝ քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն լինում ֆինանսական կազմակերպություններին։ Այդ դեպքերում գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնում են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա և առանց գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու։ Լինում են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է հաճախորդի` որպես սպառողի շահերի ոտնահարման փաստը: 

Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը գործում է 2009 թվականից։ Հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter